«Հրապարակ». Զելենսկին, որպես պետության ղեկավար, գոյություն ունի միայն պատերազմ վարելու համար

«Հրապարակ». Զելենսկին, որպես պետության ղեկավար, գոյություն ունի միայն պատերազմ վարելու համար

«Հռոմի պապի հայտարարությանը Զելենսկու պատասխանը կանխատեսելի էր․ ոչ մի սենսացիա չկա այն բանում, որ Զելենսկին մերժեց այդ նախաձեռնությունը՝ այլ տարբերակ չէր էլ կարող լինել»,- «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Հռոմի պապի հայտարարությանը տված արձագանքին, ասաց ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։

«Զելենսկին, որպես պետության ղեկավար, գոյություն ունի միայն պատերազմի ընթացքում եւ միայն պատերազմ վարելու համար։ Պատերազմի ցանկացած դադարեցում նշանակելու է Զելենսկու վերջը՝ պարտադիր չէ ֆիզիկապես, իհարկե, բայց քաղաքական վերջը միանշանակ գալու է։ Որոշակի նորություն էր Վատիկանի հայտարարությունը, սակայն դա ընդամենը բարոյական հայտարարություն էր։ Նրանք փորձում էին ճշգրտել սպիտակ դրոշի մասին արված հայտարարության բովանդակությունը, սկսեցին մեկնաբանել դա այլ մտքով, որովհետեւ ցանկացած լեզվում սպիտակ դրոշը նշանակում է կապիտուլյացիա։ Նրանք միանգամից սկսեցին ասել, որ սպիտակ դրոշն իբր կապիտուլյացիա չէ, այլ՝ բանակցություններ»,- ասաց Կոլերովը։

Վատիկանում իրենք էլ վախեցան սեփական նախաձեռնությունից, սակայն պետք է հաշվի առնել, որ Վատիկանը չի ազդում քաղաքականության վրա, ով ինչ էլ գրի՝ պնդում է ռուս քաղաքագետը։ Դա ընդամենը բարոյական կոչ էր, սակայն պետք է այն ըստ արժանվույն գնահատել։ Վատիկանի բարոյական կոչը խոսում է Արեւմուտք-Ուկրաինա հարաբերություններում սկսված էրոզիայի, դեգրադացիայի մասին։

«Դեռեւս կես տարի առաջ նման հայտարարություն հնարավոր չէր պատկերացնել։ Արեւմուտքի համար ակնհայտ է դարձել, որ Ուկրաինան սկսել է պարտվել։ Վատիկանն այստեղ գլխավոր կողմը չէ՝ բազմաթիվ կողմեր կան, ու հիմա փորձարկվում է պատերազմը սառեցնելու սցենարը, մասնատել Ուկրաինան եւ պահպանել Զելենսկու ձեռքում Ուկրաինայից մնացած որեւէ մի մաս։ Դա ամենագլխավորն է»,- ասաց Կոլերովը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն այն մասին, որ իրենք ամերիկացի զինվորներ Ուկրաինա չեն ուղարկի, սակայն պետք է շարունակել զենք տրամադրել Կիեւին՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար, ասաց, որ այդ հայտարարությունը ոչինչ չի նշանակում։

«Ամերիկացի զինվորականներ արդեն կան այնտեղ՝ դա սուտ է»,-հայտարարեց ռուս քաղաքագետը։ Իսկ Բայդենի հայտարարությունը պարզապես հռետորիկա է, մանյովր է եւ ուրիշ ոչինչ, դա ոչինչ չի նշանակում՝ եզրափակեց Մոդեստ Կոլերովը։

Հիշեցնենք․ Հռոմի պապը հայտարարել էր, որ ուկրաինական կողմը պետք է մտածի մարդկանց մասին եւ բարձրացնի սպիտակ դրոշ։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Զելենսկին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախաձեռնությունը «վիրտուալ աջակցություն» է անվանել ու փաստացի մերժել Հռոմի պապի նախաձեռնությունը։