Նոր ռազմական էսկալացիան ձեռնտո՞ւ է արդյոք Բաքվին

Նոր ռազմական էսկալացիան ձեռնտո՞ւ է արդյոք Բաքվին

Երեւանի հետ սահմանին միջադեպերի հաճախացումը Հայաստանի ներսում բնականորեն բերում է այն մտայնությանը, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի, եւ նոր բախումն անխուսափելի է։ Իհարկե, երբեք նոր էսկալացիայի հավանականությունը պետք չէ բացառել՝ թեկուզ նրանով պայմանավորված, որ Ադրբեջանից ամեն բան կարելի է սպասել։ Սակայն զուտ քաղաքական առումով դա կլիներ Բաքվի համար առնվազն հիմարություն։ Նախ, որ նոր էսկալացիան կարող է վիժեցնել բոլոր այն խաղաղարար ջանքերը, որոնք ներդրվում են Արեւմուտքի կողմից եւ կարծես թե ինչ-որ արդյունքներ սկսել են տալ, ինչը, եթե համադրենք Մոսկվայից պարբերաբար հնչող «նյարդային» արձագանքների հետ, կարող ենք ասել, որ յուրաքանչյուր արդյունք Հարավային Կովկասում Արեւմուտքի կշիռն ավելացնելու պոտենցիալ վտանգ է ներկայացնում իրենից։

Նոր էսկալացիան Բաքվի կողմից կլինի մարտահրավեր ընդդեմ Արեւմուտքի եւ հատկապես՝ ԱՄՆ-ի, որին, բնականաբար, Միացյալ Նահանգներն արձագանքելու է։ Մեծ հարց է, թե ինչ արձագանք է լինելու, սակայն որ կոշտ է լինելու, հաստատ է, որովհետեւ հարվածի տակ է հայտնվելու ամերիկյան ազգային շահը։ Այս համատեքստում նաեւ մեծ հարց է, թե այդ պատասխանին որքանով կկարողանա դիմակայել Ադրբեջանը։ Մյուս կողմից, ինչպես նկատել է եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեֆ Բորելը, ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Սա արդեն իսկ կարելի է համարել նշանային կարեւոր հանգրվան, որով սկզբունքորեն մեծ առաջընթաց է գրանցվել Հարավային Կովկասում՝ իրավիճակի կայունացման համար, եթե իրավիճակին նայենք «դրսի հայացքով»։ Ադրբեջանի համար էլ սա կարեւոր է բոլոր իմաստներով։

Ըստ էության, Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, ում հետ Բաքուն կարող է գործընկեր դառնալ՝ ադրբեջանական նախապայմաններով։ Երկրորդ նման ղեկավար ճակատագիրը Բաքվին կպարգեւի, թե ոչ՝ դժվար է ասել։ Հետեւաբար, նման գործընկերոջը Հայաստանի իշխանության ղեկին պետք է որքան հնարավոր է երկար պահել։ Նոր էսկալացիան, ինչպես ցանկացած ռազմական բախում, միշտ լի է անկանխատեսելի զարգացումներով։ Նույնիսկ այնպիսի հասարակություններում, ինչպիսին հայաստանյանն է։ Հետեւաբար, Ադրբեջանին նոր էսկալացիան ձեռնտու չէ։ Փոքր բախումներով «թեման տաք պահելը», իհարկե, կարող է լինել, եւ կարծես հենց այս գծով էլ գնում է ալիեւյան վարչակարգը, սակայն, առնվազն, հիմարություն կլիներ, հենց ադրբեջանական շահերից ելնելով, հայ-ադրբեջանական նոր ռազմական էսկալացիան, որը կարող է գլոբալ ուժային կենտրոնների մոտ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն առաջացնել։

Ի վերջո, ինչքան էլ ադրբեջանական կողմն ունենա խաղաքարտ՝ նավթի եւ գազի տեսքով, եթե, մեծ հաշվով, Բաքուն սկսի խանգարիչ հանգամանք դառնալ գլոբալ գեոպոլիտիկ խաղում, ալիեւյան վարչակարգին սանձահարելը շատ հեշտ է՝ թեկուզ սանկցիոն մամլիչով։