Ռուսների պատասխանը չուշացավ․ Ուկրաինան՝ գրոհների թիրախում

Ռուսների պատասխանը չուշացավ․ Ուկրաինան՝ գրոհների թիրախում

Մայիսի 4-ին ռուս զինվորականները Ուկրաինայի դեմ օգտագործել են մինչև 24 հատ «Շահեդ-136/131» կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ՊԲ այլ ստորաբաժանումների հակաօդային պաշտպանության հետ համատեղ ոչնչացվել է 18 հարվածային անօդաչու թռչող սարք։ Անցած գիշեր Ուկրաինայի մի քանի մարզերում օդային տագնապ է հայտարարվել ռուս զինվորականների հերթական հարձակման պատճառով։ Ամբողջ գիշեր պայթյուններ են գրանցվել, մասնավորապես Օդեսայում և Կիևում։

Ենթադրվում է, որ ռուսները գրոհել են նաև բալիստիկ հրթիռներով։ Ուկրաինական կողմը նշում է, որ հակառակորդի բոլոր միջոցները ոչնչացվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Ինչպես նշել են Կիևի քաղաքային ռազմական վարչությունում, այս տարվա սկզբից քաղաքը հարվածների նման ինտենսիվություն չի զգացել։ Իսկ Օդեսայի վրա հարձակվելու համար ռուսներն արձակել են 15 հատ «Շահեդ-131/136» կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Դրանցից 12-ը ոչնչացվել է, սակայն երեք անօդաչու թռչող սարք հարվածել է քաղաքի ուսումնական հաստատություններից մեկի հանրակացարաններին։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Հիշեցնենք, որ վերջին օրերին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ուկրաինան ակտիվ գրոհում է ՌԴ տարածքի վրա՝ օգտագործելով ԱԹՍ-ներ։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԹՍ-ների միջոցով հարձակման փորձ է իրականացվել նաև ՌԴ նախագահի նստավայրի՝ Կրեմլի վրա։