Ինձ հասցեագրված մեղադրանքն ընդհանրապես պարզ չէ

Ինձ հասցեագրված մեղադրանքն ընդհանրապես պարզ չէ

Քիչ առաջ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը կրկին 3 ժամով հետաձգվեց: Հիշեցնենք, որ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետ կապված: Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել Սիմոնյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Դատարանի բակում Գևորգ Սիմոնյանին «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց` նախ հարցնելով, թե իրեն պա՞րզ է, թե ինչի մեջ են իրեն մեղադրում.

- Ինձ հասցեագրված մեղադրանքն ընդհանրապես պարզ չէ, պարզ չէ, թե ինչի համար ենք բոլորս այստեղ հավաքվել: Իրավական երկրում ենք ապրում, վստահ եմ, որ օրենքի շրջանակներում այս հարցն իր արդար լուծումը կստանա, ուրիշ ոչ մի բանի ոչ ապավինում եմ, ոչ էլ ինչ-որ ուրիշ բաների սպասում եմ: 

- Այսօր նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն էր տարածել ու Հակակոռուպցիոն կոմիտեին էր մեղադրում: Եթե ձերբակալվածը ընդդիմադիր լիներ, գուցե կարողանայինք ասել, որ քաղաքական հետապնդում է, բայց Դուք հենց այս իշխանության օրոք եք պաշտոններ զբաղեցրել ու զբաղեցնում:

- Ես ընդհանրապես չէի քաղաքականացնի այս հարցը: Պարոն Թորոսյանի հրապարակումները թողնում եմ իր մեկնաբանմանը: Ընդհանրապես չեմ քաղաքականացնում այս հարցը, օրենքի շրջանակներում վարույթ իրականացնող մարմնի մոտ ինչ-որ կասկածներ կան, հիմա փորձում են այդ կասկածները փարատել, մենք էլ կօգնենք իրենց այդ հարցում: 

- Նաեւ տեսակետ կա, որ այսպիսի քրեական գործերով փորձում են հանրության ուշադրությունը շեղել կարևոր թեմաներից:

- Չեմ կարծում, ինձ համար սա անձնական խնդիր է: Չեմ կարծում, որ ինձ համար անձնական խնդիրներ ստեղծելով փորձում են ինչ-որ ուրիշ բաներ քողարկել կամ այլ բան: Ստանդարտ իրավական գործընթաց է, շատ նորմալ եմ վերաբերվում:

- Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ փոխքաղաքապետի Ձեր աշխատասենյակն է խուզարկվել ու Երևանի ավագանու սպասվելիք ընտրությունների հետ կապված ցուցակներ են հայտնաբերվել, թե որ բուժհաստատության տնօրենն ինչ պիտի անի:Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այս տեղեկությունները:

- Դա ամբողջությամբ սուտ է: