Մեզ պարտված ղեկավար պետք չի․ Փաշինյանի դեմ ու չեզոք համայնքապետեր

Մեզ պարտված ղեկավար պետք չի․ Փաշինյանի դեմ ու չեզոք համայնքապետեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ առաջ քաշած 16 ընդդիմադիր կուսակցություններն առաջարկում են Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի:

Ըստ ընդդիմադիրների՝ Մանուկյանը կպաշտոնավարի 1 տարի, կկազմակերպի ընտրություններ, որին ինքը՝ Մանուկյանը չի մասնակցի։ Շաբաթ օրվա հանրահավաքին, որն ամենամարդաշատն էր մինչ օրս կայացածների մեջ, հայտարարվեց, որ Փաշինյանի հրաժարականին միացել են նաեւ Հայաստանի մի շարք համայնքների ղեկավարները, հիմնականում՝ Սյունիքի եւ Արարատի մարզերի։

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես էին եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը:

«Ստեղծված իրավիճակում, ամեն օր, էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է»,-ասված էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի եւ ավագանու անդամների համատեղ հայտարարության մեջ։ Նման հայտարարությամբ հանդես եկան թվով 21 համայնքապետեր, Չարենցավանի ավագանու 10 անդամներ։

Մենք փորձեցինք զրուցել որոշ համայնքապետերի հետ։

Դեռ 2018 թվականից իշխանությունների հետ կոնֆլիկտ ունեցած, պաշտոնանկ արված, ապա կրկին ընտրված Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներից մեկն է, նա ներկա է եղել նաեւ դեկեմբերի 5-ի հանրահավաքին։

«Դեռ 2 տարի առաջ Ուրցաձորը իր սահմանները գծել է։ Մենք էլ սպասում էինք եւ պատրաստ էինք ողջունել ցանկացած դրական քայլ, բայց ինքներդ տեսնում եք....Ես հասկացել եմ, որ վարվել է պարտվողական պատերազմ։ Միանշանակ այն կարծիքին եմ, որ նախկինները, այո՛, մեղավոր են։ Մեղավոր են, որ Նիկոլի նմանն ու Նիկոլի սորոսական ողջ ցանցը, մեր իշխանավորին, գործարարին սարքել են վատը, մեր նախագահներին՝ վատը, իսկ թուրքին սարքել են՝ կիրթ ու գրագետ, դրա համար էլ ես մեղադրում եմ»։

Ուրցաձորի համայնքապետը նշեց՝ բոլոր հանրահավաքներին մասնակցում է, սակայն դեմ է անհնազանդության ակցիաներին. «Ավելի կողմնակից եմ քաղաքակիրթ ձեւին։ Երբ գեներալը հայտարարում է, որ բունկերում այսինչ մարդը եղել է, ապշած եմ մեր իրավապահ մարմինների վրա, որ գործը հարուցում են ժամացույցի, դուխու համար, բայց դրա մասին ոչ մի բան չկա»։

Սպարապետ Վազգեն Սարգսյանի գյուղի՝ Արարատի համայնքապետ Կարեն Ղազարյանը, եւս վարչապետի հրաժարականը պահանջողների մեջ է։ Նա ասաց, որ միացել է պահանջին կոնկրետ պատերազմի արդյունքի պատճառով․ «Ֆիքսում ենք պարտությունը։ Ես կոնկրետ մտածում եմ՝ մեզ պարտված ղեկավար պետք չի, չենք ուզում պարտված ղեկավար ունենանք։ Թե ինչի արդյունքում էր՝ քաղաքականությա՞ն, թուլությա՞ն, հետագան ցույց կտա, բայց կոնկրետ ֆիքսում ենք պարտությունը»։ Հարցին, թե Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, որն իրենց գյուղից է, իշխանական հայացքներ ունի, դա իրեն չի՞ կաշկանդում նման պահանջի միանալու համար, պատասխանեց․ «Մենք այդ թեմաներով չենք զրուցել, ինձ համար որեւէ խոչընդոտ չկա»։

Ինչ վերաբերում է իշխանության հետ հետագա աշխատանքին՝ եթե Փաշինյանը հրաժարական չտա, Կարեն Ղազարյանն ասաց, որ ինքն աշխատում է համայնքի բնակիչների, ավագանու անդամների հետ․ «Դրանք անհաջողակներ են։ Մենք խնդիրներ չունենք, գյուղացու հետ խնդիրները փորձում ենք լուծել»։

Թվում էր՝ ընդդիմության պահանջին առաջինը միանալու էր Գեղարքունիքի մարզը եւ հատկապես այն համայնքները, որոնք վերջերս սահմանամերձից դարձան սահմանապահ, սակայն այդ մարզի համայնքապետերը կարծես թե դեռ լռում են։ Մեծ Մասրիկի համայնքապետ Արմեն Ասատրյանը չի ցանկանում միանալ պահանջին եւ խոսել այդ թեմայով։ «Անհրաժեշտություն չեմ տեսնում միանալ պահանջին, չեմ ուզում։ Ես ոչ մի բան չգիտեմ, ցավդ տանեմ, ես սգի մեջ եմ, մեր սուգը մեզ հերիք է»։

Սահմանապահ դարձած Գեղամասարի (կենտրոնը՝ Սոթք) գյուղապետ Հակոբ Ավետյանը ընդհանրապես «մի կողմ քաշված» վիճակում է․ «Ես չեմ ուզում պատերազմական վիճակը կապեմ քաղաքական իրադարձություններին, նախ մենք մտածում ենք՝ մեր սահմանները լավ պահենք, ոչ թե մտնենք քաղաքական իրադարձությունների մեջ։ Այս լարված իրավիճակում, որ կարա մեր երկիրը շատ լուրջ վտանգի մեջ լինի, ես չեմ ուզում, որ գնանք, ավելի բարդացնենք, իսկ մնացած հարցերին ես ձեռնպահ եմ մնում, ու մեր ամբողջ համայնքով։

- Այսինքն անհրաժեշտություն չեք տեսնում, որ Փաշինյանը հեռանա։

- Դե հիմա, ես իմ կարծիքն ու տեսակետներն ունեմ ցանկացած հարցում, բայց չեմ ուզում քաղաքական հայտարարություններ անեմ։ Ինչ մտածում ենք, չենք կարա արտահայտվենք, կարա իմ ցանկացած խոսքն ի պաշտոնե մարդկանց մեջ խուճապ առաջացանի։ Կողմնակից եմ մեր երկրի բարելավմանը։ Մենք քաղաքականությունից հեռու չենք մնում, ամեն հարցերին ակտիվ մասնակցում ենք, բայց այս պահին կարեւորը մեր երկրի խաղաղ վիճակն է, որովհետեւ կարա, ես չգիտեմ, ինչ պատճառներով մեր երկիրն ավելի վատ բանի մեջ հայտնվի եւ չեմ ուզի ես իմ մասնակցությունն ունենամ երկրի վատթարման մեջ։

- Այսինքն՝ եթե Փաշինյանը հեռանա երկրի վիճակը կվատանա՞։

- Չէ, ես տենց չեմ ասում։ Ասում եմ՝ թե զերծ եմ մնում քաղաքական հայտարարություններ անելուց, նշանակում է՝ այս պահին ես չեմ ուզում այդ տիպի հայտարարություն անել։

- Ինչ-որ բանից վախենո՞ւմ եք։

- Ես ընդհանրապես չեմ վախենում, ոչ էլ պատերազմից։ Ես չեմ ուզում կողմնապահություն անեմ կամ ինչ-որ մեկի անձի համար ես պայքարեմ, կամ անձի դեմ դուրս գամ։ Ես որպես համայնքի ղեկավար՝ մտածում եմ իմ համայնքի հարցերի մասին, ես անձին չեմ պաշտում։

- Հանրահավաք անողներն ասում են՝ հայրենիքի փրկության համար ենք դուրս գալիս փողոց։

- Շատ լավ է, որ ասում են։ Ամեն մեկն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, ես էլ իմ կարծիքն եմ հայտնում։

- Այդ դեպքում ինչո՞ւ չեք բարձրաձայնում Ձեր կարծիքը։

- Սահմանապահ գյուղերը պետք է մտածեն սահմանները պահելու մասին։ Չեմ ուզում ոչ պաշտպանեմ որեւէ մեկին, ոչ էլ ինչ-որ մեկի մասին դեմ խոսեմ։

- Իսկ ձեր բնակիչներն ի՞նչ են ասում։

- Բնակիչներն իրենց ազատ արտահայտման իրավունքն ունեն։ Մեր համայնքը համախմբված է ցանկացած հարցի շուրջ, մեր համայնքը իմ կարծիքը հաշվի է առնում։

Հիշեցնենք, որ փողոց դուրս եկած ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մինչեւ երեքշաբթի ժամը 12։00-ն ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար, հակառակ դեպքում՝ դիմելու են անհնազանդության ակցիաների։