Ո՞ր դատավորներն են Հյուսիսային պողոտայի բնակիչների գործերով կայացրել վճիռներ

Ո՞ր դատավորներն են Հյուսիսային պողոտայի բնակիչների գործերով կայացրել վճիռներ

Դատական համակարգում վեթթինգ կիրառելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո մամուլում հրապարակվում են ոչ միայն տարբեր մասնագիտական կարծիքներ այդ վեթթինգի կիրառման նպատակահարմության, արդյունավետության մասին, այլեւ տարբեր դատավորների ունեցվածքի մասին տեղեկություններ։ 
Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշել էր, որ մարդիկ պետք է իմանան ՀՀ-ում գործող բոլոր դատավորների գույքային վիճակի մասին, քաղաքական կապերի ու ծագումնաբանության մասին։ Նշել էր նաեւ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն։ 
Անցած տարիների ընթացքում ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի մի շարք վճիռներ է կայացրել, որոնք վերաբերել են Հյուսիսային պողոտայի բնակիչների ուղարկած գանգատներին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ 2004-2006թթ․  իշխանությունների հարկադրանքով չնչին փոխհատուցմամբ ազատում էին օտարման գոտի ճանաչված իրենց տները, իսկ մի շարք դատավորներ էլ դրա վերաբերյալ կայացրել են վճիռներ։ 
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, որը եղել է տուժած քաղաքացիներից եւ տարիներ շարունակ զբաղվել է նրանց հարցերով, մեզ ներկայացրեց ՀՀ առաջին, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանների այն դատավորների ցուցակը, որոնք Հյուսիսային պողոտայի,  Գլխավոր պողոտայի, Տերյան փողոցի, Բուզանդի փողոցի  բնակիչների գործերով իշխանության հրահանգով կայացրել են վճիռներ։ ՀՀ առաջին ատյանի դատարանում այդ վճիռները կայացրած դատավորներն են՝ Գայանե Կարախանյանը, Ռուբեն Ներսիսյանը, Սարիբեկ Արամյանը, Էդիկ Ավետիսյանը, Կարինե Պետրոսյանը, Մնացական Մարտիրոսյանը, Պարգեւ Օհանյանը, Վերաքննիչ դատարանի դատավորներն են՝ Տիգրան Սարգսյանը, Ա․ Խառատյանը, Ա․ Թումանյանը, Կ․ Հակոբյանը, Նոյեմ Հովսեփյանը, Վ․ Ավանեսյանը, Դ․ Խաչատրյանը, Լեւոն Գրիգորյանը, Վճռաբեկ դատարանի դատավորներն են՝ Արման Մկրտումյանը, Սլավա Սարգսյանը, Ս․ Գյուրջյանը, Վ․ Աբելյանը, Ս․ Անտոնյանը, Է․ Հայրիյանը։ 

Սեդրակ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ վերոնշյալ դատավորներից ոչ մեկը չի կայացրել հօգուտ քաղաքացու վճիռ, չնայած խախտված է եղել քաղաքացիների սեփականության իրավունքը։ 
«Այդ բոլոր դատավորները մասնակցել են քաղաքացիների սեփականությունը խլելու գործընթացին։ Ընդհանրապես դատարանի վճռում նշվում են կողմերի առարկությունները, ոչ մի դատավոր այդ վճռի մեջ չի նշել մեր՝ քաղաքացիների առարկությունն առ այն, որ քաղաքացիներին չի կարելի զրկել սեփականությունից։ Դա երաշխավորվում էր այն ժամանակ գործող Սահմանադրության 28-րդ հոդվածով։ Իսկ ՍԴ-ի 1999թ․ ՍԴ-92 որոշմամբ արգելվում է կառավարության որոշումով խլել քաղաքացու սեփականությունը։ Այդ առարկությունների վրա դատարանները ոչ միայն ուշադրություն չեն դարձրել, այլեւ դատական վճիռը կայացնելիս դրա մասին չեն էլ գրել։   Ես կարծում եմ, որ այն բոլոր դատավորները, որոնք կայացրել են այդ վճիռները, պետք է հեռանան։ Դրա պատասխանատուն այն ժամանակվա նախագահն էր, որը Սահմանադրությունը խախտելով, դարձավ նախագահ  (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին) եւ շարունակեց այն խախտելով՝ ոտնահարել քաղաքացիների իրավունքները»,- նշեց Սեդրակ Բաղդասարյանը։ 

Միաժամանակ նա հավելեց, որ այդ ցանկում ոչ բոլոր դատավորներն են ընդգրկված։
Սեդրակ Բաղդասարյանը հիշում է․ «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 2006թ․ ճանաչեց ՀՀ նախագահի 1151-Ն որոշումը հակասահմանադրական, սակայն այդ հակասահմանադրական որոշումը թողեց ուժի մեջ։ Նա անգամ չցանկացավ վերականգնել քաղաքացիների ոտնահարված իրավունքները։ Սակայն ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարության այդ որոշումը համարեց քաղաքացու իրավունքների կոպիտ խախտում»։ 
Իսկ նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը թավշյա հեղափոխությունից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ դատավորները, այդ թվում եւ ինքը, քաղաքական իշխանության պատվերով կայացրել են վճիռներ։ Նախկին դատավորը Հյուսիսային պողոտայի գործով վճիռները թեեւ օրինական է համարում՝ բացատրելով, որ իրավական առումով օրենք չի խախտել, բայց ընդգծում է՝ գիտակցում էր, որ վճիռները խղճի դեմ է կայացնում։

«Տեղ կար, որ, օրինակ, մարդիկ ապրում էին իրենց պապական տներում, բայց էդ տները ապօրինի էին, եւ էդ մարդկանց նույնիսկ 2-3000 ԱՄՆ դոլար էր հասնում։ 2000 դոլարով իրան փաստորեն տնից հանեցի․․․ եւ էդ մարդիկ իմ աչքիցս չեն հեռանում մինչեւ հիմա»,- ասել էր Պարգեւ Օհանյանը։