Քաղաքացիություն շնորհելը հակասում է փախստականի կարգավիճակին

Քաղաքացիություն շնորհելը հակասում է փախստականի կարգավիճակին

Արցախցիներին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կարո՞ղ է լինել միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու միջոց, եւ նրանց կարգավիճակը՝ որպես փախստականի, միջազգային ասպարեզում հնարավոր կլինի՞ ամրագրել։ Զրուցել ենք միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ։

- Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ կառավարության կողմից տրվել է ժամանակավոր պաշտպանության հատուկ կարգավիճակ։ Այս կարգավիճակում գտնվող մարդկանց հարցերով կարո՞ղ են դիմել միջազգային հարթակներ, եւ ի՞նչ կշահի դրանից արցախցին։

- Արցախցիների խնդիրները միջազգային հարթակներում ներկայացնելու համար կան բազմաթիվ մեխանիզմներ, որի ուղղությամբ պետք է ՀՀ իշխանություններն աշխատեն միջազգային տարբեր կառույցների հետ։ Արցախցիների կարգավիճակը կարող էին ներկայացնել 1951 թվականին ընդունված՝ Փախստականների մասին կոնվենցիայով, առհասարակ՝ փախստականների կարգավիճակին վերաբերող ցանկացած միջազգային կոնվենցիային հղում տալով։ Հայաստանի իշխանությունները պետք է արցախցիներին ներկայացնեն փախստական․ նրանք ենթարկվել են բռնի գաղթի, եւ Հայաստանը պետք է պաշտպանի, ներկայացնի այս մարդկանց իրավունքները միջազգային հանրությանը՝ Արցախ վերադառնալու, իրենց գույքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքը վերականգնելու համար։ Այս մասին սահմանում են փախստականների մասին ընդունված բազմաթիվ կոնվենցիաներ։ Ես այս պահին չգիտեմ՝ Հայաստանն իրականացնո՞ւմ է աշխատանքներ միջազգային հարթակներում։ Մինչ այս պահը ես չեմ տեսնում նման քայլեր։ Խնդիրը նայեւ հետեւյալն է․ պետք է հասկանալ, թե Հայաստանի այսօրվա իշխանություններն ինչի են ընդունակ, եւ ինչ են ուզում իրենք։ Մենք տեսնում ենք, որ այս մարդկանց տալիս են քաղաքացիություն՝ քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց։ Այս պրոցեսն ինձ համար աբսուրդ է, որովհետեւ ՀՀ-ի կողմից տրամադրված անձնագրերն արցախցիներին ստիպում են ինչ-որ սոցիալական խնդիրներ լուծելու խոստումների դիմաց փոխել արցախյան գրանցումները, որ ստանան նոր կապույտ անձնագրեր՝ նոր գրանցման հասցեով, նոր կոդով, որը կփոխարինի 070-ին։ Ես այս ամենի մեջ տեսնում եմ ավելի շատ նոր ռիսկեր, քան հնարավորություններ, որով կփորձեին օգնել արցախցիներին։ Որոշակի սոցիալական խնդիրներ լուծելու նախապայմանով արցախցիների գրանցումների փոփոխությունը նորանոր խնդիրներ է առաջացնելու ե՛ւ արցախցիների համար, ե՛ւ հետագայում Հայաստանի համար՝ միջազգային հարթակներում։ Փախստականի կարգավիճակ շնորհելով կկարողանային բարձրաձայնել արցախահայության վերադարձի հարցերը, սակայն ինձ համար տարակուսելի է այսօրվա իշխանությունների վարքագիծը․ տպավորություն է ձեւավորվում, որ «Արցախ» բառը, որպես աշխարհագրական տեղանուն, ցանկանում են ջնջել թե՛ խոսույթից, թե՛ քաղաքականությունից։ Օրվա իշխանությունները կարծում են, որ Արցախի հակամարտությունն ավարտված է, այդպես է կարծում նաեւ Ադրբեջանը, եւ մենք տեսնում ենք նաեւ, թե ինչպես են իշխանության անդամները խուսափում «Արցախ» անվանումից՝ օգտագործելով բացառապես «Լեռնային Ղարաբաղ» տերմինը։ Հաշվի առնելով այս ամենը՝ ես չեմ տեսնում հույս, որ այս իշխանությունները կգնան լուրջ քայլերի։ Իրենք գնում են իրենց ասած «խաղաղության» հետեւից, ըստ որի՝ ոչ մի խնդիր չպետք է լինի հարեւանների հետ, եւ ոչ մի այլ հարց չի կարող քննարկվել։

- Այսինքն, կարող ենք արձանագրել, որ կառավարության կողմից արցախցիներին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը ոչ մի կապ չունի միջազգային իրավունքով սահմանված փախստականի կարգավիճակի հետ։

- Պետք է տեսնել, թե աշխարհում նման իրավիճակների հետ կապված ինչպիսի փորձ կա։ Բայց իմ ուսումնասիրություններում չի հանդիպել դեպք, երբ մարդուն փախստական ճանաչելով՝ տան անձնագիր, ինչ-որ օգնություն ստանալու, աշխատանքի անցնելու համար փոխեն գրանցումը։ Չկա միջազգային մեկ դեպք, որ քաղաքացիություն շնորհելով հետագայում փորձեն փախստականի կարգավիճակ լուծել։ Այս պահին չեմ կարող չնշել Մեծ Բրիտանիայում Իչկերիայի վտարանդի կառավարության գոյության մասին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները ցանկություն չունեն Արցախի իշխանություններին ճանաչել վտարանդի կառավարություն, որը կզբաղվեր արցախահայության խնդիրներով՝ թե՛ միջազգային հարթակներում, թե՛ այստեղ։