Սխալ են Զելենսկիին ծաղրածու ասողներն էլ, հմուտ լիդեր համարողներն էլ

Սխալ են Զելենսկիին ծաղրածու ասողներն էլ, հմուտ լիդեր համարողներն էլ

Ռուսական բանակի սկսած օպերացիան այդպես էլ չի հասնում իր հանգուցալուծմանը, ռուս-ուկրաինական պատերազմի արդեն 46-րդ օրն է։ Սկզբում փորձ էր արվում համոզել, թե ամեն բան ընթանում է Պուտինի պլանավորածի պես՝ խաղաղ բնակչությանը հարվածներ չեն հասցվում, դրա համար են ռազմական գործողություններն այսքան ձգձգվում, բայց այսօր արդեն հստակ կարելի է խոսել ուկրաինական զորքի կատաղի դիմադրության մասին՝ տարածքների ազատագրումով, ռուսական զորքերի հետմղումով և այլն։

Այսօր արդեն Կիևից հայտնում են Դոնբասի ազատագրման ցանկության մասին։ Պուտինի օպերացիայի առաջին օրերին հայ հանրությունը ֆիքսելով ռուսական բանակի «հաջողությունները», սկսեց համեմատականներ տանել արցախյան 44-օրյա պատերազմի ու ռուս-ուկրաինական պատերազմի միջև։ Ասում էին, թե մեր զինվորները 44 դիմադրեցին, իսկ ուկրաինացիները անգամ մի քանի օր չդիմացան, մինչդեռ պարզ երևում է, որ ոչ միայն դիմացան, այլև ռազմական գործողությունների այս պրոցեսում կարողանում են բեկում մտցնել, ինչը մեզ մոտ չստացվեց։ Զելենսկուն հայերը ծաղրում էին՝ ըստ էության համեմատելով Փաշինյանի հետ, բայց Զելենսկին ցույց է տալիս, որ իրականում համեմատելու ոչինչ չկա, ավելին՝ նա հրաշալի շփվում է աշխարհի հետ, Ուկրաինայում պետական ինստիտուտները, ի տարբերություն Հայաստանի, շատ լավ աշխատում են։

«Ճիշտ եք։ Փաստ է, որ պատերազմի առաջին փուլը ռուսական կողմը չկարողացավ իր ցանկություններին համապատասխան կյանքի կոչել։ Ուկրաինայի քաղաքական կենտրոններին տիրելու խնդիր էր դրված ու դա պետք է լուծվեր կարճ ժամանակահատվածում, բայց փաստացի դա տեղի չունեցավ։ Խնդիր էր դրված հասնել իշխանության փոփոխության ու ամեն ինչ ավարտել այնպես, ինչպես մոտավորապես տեղի ունեցավ 2014 թվականին Ղրիմում։ Թե ինչու չստացվեց, դա միանշանակ առանձին ուսումնասիրությունների թեմա է, բայց այստեղ շատ կարևոր է հատկապես Արևմուտքի ակտիվ դիմադրությունը»,- անդրադառնալով թեմային «Հրապարակի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

«Փաստ է նաև, որ այս Ուկրաինան ամենևին 2014 թվականի Ուկրաինան չէր, սա 2022-ի Ուկրաինան էր։ Ակնհայտ են ռուսական բանակի որոշակի կազմակերպչական թերությունները։ Առաջին փուլից հետո կարծես ռուսները ընդունեցին իրենց անհաջողությունը, իսկ հիմա սկսվում է երկրորդ խաղակեսը։ Առաջինը, ինչպես ասացի, արդեն իսկ ավարտված է։ Երկրորդ խաղակեսը դեռևս սկսված չէ ու հիմա բոլորս ենք սպասում դոնբասյան ճակատամարտին, որը ենթադրաբար սկսվելու է ապրիլի 12-ից։ Այս պահին դիրքային մարտեր են ու մանր առաջխաղացումներ, ավել ոչինչ, ճակատում մեծ հաշվով փոփոխություններ չկան։ Երկրորդ փուլը Ռուսաստանի համար իսկապես վճռական է, որովհետև եթե այս փուլն էլ ռուսների համար հաջող չեղավ, արդեն շատ վատ կլինի Ռուսաստանի համար։ Առանց այդ էլ արդեն շատ մեծ կորուստներ է կրել ռուսական կողմը՝ մարդկային, տեխնիկական, ֆինանսական, իմիջային և այլն։ Ռուսական բանակի ռազմական գործողություններին գնահատական տալու համար պիտի նախ ամեն բան համեմատության մեջ դիտարկել։ Միանշանակ ռուսական բանակը 2014-ի ուկրաինական բանակից հզոր էր, բայց այն, որ ռուսական բանակը իրոք լուրջ խնդիրներ ունի, այս պատերազմը հստակ ցույց տվեց։ Ռուսական բանակի թույլ կողմերը հստակ երևում են, դրանցից մեկը ԱԹՍ-ների պակասն է։ Թեպետ վերջին շրջանում սրա վերաբերյալ լուրջ աշխատանքներ ռուսները տարել են, բայց պարզ երևում է, որ դրա պակասը կա։ Խոսքը հատկապես հարվածային ԱԹՍ-ների մասին է։ Խնդիրներ կան նաև կապի հետ կապված, հրթիռային միջոցների հետ կապված, որոնք հաճախ իրենց որակով ամեն դեպքում չեն հասնում արևմտյան օրինակներին, տարբերակներին։ Իրականում քանակի խնդիր էլ կա, որակի խնդիր էլ կա։

Հնացած է նաև տրանսպորտի պարկը, ընդհանուր տեխնիկայի հիմնական մասը բարոյապես մաշված է։ Հիմնական հարվածային ուժը, օրինակ, T72 տանկերն են, որոնք բարոյապես մեծապես մաշված են։ Թեպետ չի կարելի չընդունել, որ Ռուսաստանն իսկապես ահագին աշխատանք կատարել է ու չի կարելի միայն բացասական կողմերը նշել։ 2000-ականների սկզբին, 2010-ականների սկզբին վիճակն ավելի վատ էր, 90-ականների այդ քաոսի հետքերը կային, դրանք մեծ հաշվով վերացվեցին, բայց ռուսական բանակը ամերիկյան բանակ չէ»,- նշեց Հակոբյանը։

Ըստ ռազմական փորձագետի՝ խոսակցությունները, թե ռուսական բանակը իր ունեցած ողջ ներուժը չի օգտագործում, ավելին՝ միայն հին զինատեսակներն է օգտագործում, փորձում է ազատվել դրանցից, այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում։ «Այդպեսի բան չի կարող լինել։ Սա Պուտինի համար շատ մեծ նշանակություն ունի։ Հայրենական պատերազմից հետո սա ռուսների համար ամենավճռական պատերազմն է։ Սա այն տեղը չէ, որ քո ունեցած լավ տեխնիկան պիտի խնայես, մարտական խնդիրները չլուծես, ինչ է թե՝ զենք խնայե՞ս, դա խելքին մոտ չէ»։

Հակոբյանի պնդմամբ՝ Ուկրաինայի նախագահին իրականում ոչ պետք է ծաղրել, ոչ էլ գերագնահատել։ «Սխալ են նրանք, ովքեր Զելենսկիին ասում են ծաղրածու։ Սխալ են, սակայն, նաև նրանք, ովքեր ասում են, թե օյ, տեսեք ինչպիսի ղեկավար է, կառավարիչ է և այլն։ Նա ոչ լիդեր է, ոչ էլ ծաղրածու։ Նա ուղղակի դրածո մի անձնավորություն է, որի միջոցով Արևմուտքը կառավարում է Ուկրաինան։ Զելենսկին այս պահին պարզապես կատարում է ներկայացուցչական ֆունկցիաներ։ Իսկ նրա հետևում կանգնած բուրգերը՝ ՊՆ նախարար, ոստիկանություն, անվտանգության ղեկավար և այլն, հստակ արդյունավետ կառավարում են իրականացնում։ Իսկ այդ բուրգերը 2014 թվականից շատ լավ կառուցել է Արևմուտքը։ Այստեղ է գալիս մեր ու նրանց տարբերությունը, որը իրականում մարդիկ չեն նկատում։ Ռուսական բանակը մոտավորապես այնքան է ուկրաինական բանակից ուժեղ, որքան ադրբեջանականը՝ մեր բանակից։

Թվում էր, թե մենք էլ շանսեր ունեինք կռվելու այնպես, ինչպես Ուկրաինան, սակայն մենք, ի տարբերություն Ուկրաինայի, մինչև 2018 թվականը արևմտյան ոճի ոչ մի լուրջ բարեփոխում չէինք արել ռազմակառավարչական համակարգում։ Երբ 2018-ին տեղի ունեցավ Հայաստանում իշխանափոխություն, կար մոտ 2․5 տարի ժամանակ, բայց ոչինչ գրեթե չարվեց։ Ոչ միայն ոչինչ չարվեց, այլև անխոհեմ քայլերով վիճակն ավելի վատացավ։ ԳՇ պետեր փոխեցին, ՊԲ հրամանատար փոխվեց, պաշտպանական շրջանների ղեկավարներին փոխեցին, 9-ից 8-ին փոխեցին։ Այսինքն՝ Զելենսկիի ու Փաշինյանի տարբերությունն այն է, որ Զելենսկիի հետևում կանգնած է հստակ խնդիրներ դնող Արևմուտքը, իսկ Փաշինյանի դեպքում մի կողմից ժամանակն էր քիչ, մյուս կողմից ցանկություն չկար։ Այո, Արևմուտքը Ուկրաինային աջակցեց ու աջակցում է, սակայն ապերախտություն կլինի ասել, թե Ռուսաստանը մեզ չաջակցեց։ Բայց այնպես չաջակցեց, ինչպես Արևմուտքը նրանց։ Իսկ ինչու լավ չաջակցեց, որովհետև ՀԱՊԿ էինք արժեզրկում, Խաչատուրով էինք բռնում, հետո բաց թողնում, Պուտինին չէինք դիմավորում, հետո էլ նստում ՌԴ նախագահի հետ սելֆի էինք անում։ Իսկ հիմա ի՞նչ ենք անում, էլի ոչինչ չենք անում։ Շտաբի պետ չունենք, հասկանու՞մ եք՝ սա ինչ է, ինչից ենք հիմա խոսում»,- հավելեց նա։