Նախարարը՝ Կիրանցի դպրոցի ճակատագրի մասին 

Նախարարը՝ Կիրանցի դպրոցի ճակատագրի մասին 

Մի քանի օր է Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և այլ գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են անում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով իշխանությունների կողմից իրականացվող սահմանազատման գործընթացի վերաբերյալ։ Այս օրերին գրվեց, որ բնակիչներին մտահոգող հարցերից մեկն էլ վերաբերում է նրան, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի ճանապարհն անցնելու է Կիրանցի դպրոցի մոտով։ 

 Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց դպրոցի հետ կապված որեւէ հարցի պատասխանել՝ նշելով, որ շատ զբաղված է։ 

Կիրանցի բնակիչներից մեկը նշեց, որ այս պահին դեռ ոչ ոք չի կարող ասել, թե սահմանը որտեղով է անցնելու․

«Այդտեղով չի կարող սահման անցնի, որովհետեւ նույնիսկ խորհրդային ժամանակներում այդ տարածքները եղել են Խորհրդային Հայաստանին պատկանող Կիրանց գյուղի տարածքները, եթե Նիկոլի սիրած արտահայտությամբ ասենք, ապա՝ «կադաստրի թղթով» դրանք մերն են եղել»,-նշեց բնակիչներից մեկը։

Կիրանց գյուղն ունի մեկ դպրոց, բայց, ինչպես հայտնի է, վերջին 2 տարում կառուցվում է դպրոցի նոր շենքը եւ հին, վթարային շենքից դպրոցը պետք է տեղափոխվի նոր կառուցվող շենք, որի մոտով էլ, ըստ շրջանառվող խոսակցությունների, պետք է անցնի սահմանը։ 

Այսօր՝ ԳԱԱ տարեկան ժողովին մասնակցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեցինք՝ սահմանազատման աշխատանքներով պայմանավորված, ի՞նչ ճակատագիր է սպասվում Կիրանցի նոր կառուցվող դպրոցին, որն այս գարնանն արդեն պետք է պատրաստ լիներ․ «Ես շատ մանրամասների ծանոթ չեմ, բայց դպրոցին դա չի առնչվելու եւ մենք սեպտեմբերին նախատեսում ենք, որ արդեն նորակառույց դպրոցը կգործի»։ 

Եթե սահմանազատման հանձնաժողովները նոր են ձեւավորվում եւ դեռ հստակ չէ ոնց եւ ինչպես է սահմանը գծվելու, ինչքանո՞վ է վստահ, որ դպրոցին չեն առնչվելու սահմանազատման աշխատանքները․ «Ձեր հարցերը սահմանազատման հետ կապված իմ տիրույթից դուրս են, ես իրավասու չեմ դրանց պատասխանել, մի բան կարող եմ վստահեցնել՝ դպրոցի գործելու կարեւորությունը մեզ համար շատ մեծ է եւ մենք իհարկե դա ապահովելու ենք»։