Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատավորը՝ ՄՔԴ ղեկավար․ նոր շրջադարձ

Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատավորը՝ ՄՔԴ ղեկավար․ նոր շրջադարձ

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավորները լիագումար նիստում դատարանի ղեկավարի պաշտոնում ընտրել են Տոմոկո Ականեին, ով Պուտինին ձերբակալելու հրաման տված դատավորներից է, հայտնում է The Insider-ը։

Առաջին փոխնախագահ է ընտրվել դատավոր Ռոսարիո Սալվատորե Այտալան, իսկ երկրորդ փոխնախագահ՝ դատավոր Ռեյն Ալապինի-Գանսուն։ 

Նախագահության անդամներն ընտրվում են երեք տարի ժամկետով՝ անմիջապես պաշտոնի անցնելով:

Տոմոկոն նշել է, որ «դատարանի համար այս դժվարին ժամանակներում պահանջվում է կայուն, համագործակցող և միասնական ղեկավարություն»: 

Նա խոստացել է կենտրոնանալ դատական իշխանությունների, պաշտպանության ներկայացուցիչների և տուժածների միջև երկխոսության խթանման վրա, ինչպես նաև ամրապնդել երկխոսությունը մասնակից պետությունների և այն պետությունների հետ, որոնք դեռ չեն վավերացրել Հռոմի ստատուտը:

Տոմոկո Ականեն եղել է այն դատավորների թվում, ովքեր 2023 թվականի մարտի 17-ին ձերբակալության օրդեր են տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային: