Քաղաքական դաշտը ցեցի նման գրավել են՝ նոր մարդ է հայտնվում, վատ են զգում

Քաղաքական դաշտը ցեցի նման գրավել են՝ նոր մարդ է հայտնվում, վատ են զգում

«Սփյուռքի ձայն» հաղորդաշարի հարցերին պատասխանում է ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Արմեն Զատիկյանը

- Սեպտեմբերի 19-ին Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական ագրեսիայի սկսվելուն պես Երեւանում տեղի ունեցավ ինքնաբուխ ակցիա, որը հրավիրված չէր ոչ մի քաղաքական ուժի կողմից: Բայց, չգիտես ինչու, նորից հարթակում հայտնվեցին վերջին տարիներին ընդդիմության երթերի առաջնորդները, ու այդ շարժումն արագորեն մարեց: Դուք դրա մեջ միտում տեսնո՞ւմ եք:

- Այո, իհարկե: Գիտե՞ք, թե Հայաստանում ինչու չի ստեղծվում նոր քաղաքական ուժ, քանի որ նախկինում՝ 30 տարում, ինչ ստեղծվել է, հովանավորներ են ունեցել, ոմանք դրսից են աջակցություն ստացել: Ներսում կուսակցություններ են ստեղծել՝ կեղծ ժողովրդավարության իմիտացիա ստեղծելու համար, դրա համար էլ բոլորը միասին ընկան այս խաղի մեծ փոսը ու չեն կարողանում դուրս գալ: Դրա համար էլ հենց նոր դեմքեր են հայտնվում, բոլոր հներն իրենց վատ են զգում, անհանգիստ շարժումներ են անում: Հներ ասելով նկատի ունեմ բոլորին միասին: Որովհետեւ քաղաքական դաշտը ցեցերի պես զավթել են, ամբողջ դաշտը ու ձեռքներից բաց չեն թողնում: Հայ ժողովրդի հանդեպ տեղի է ունեցել խմբակային հանցագործություն: Բոլորը հավասարաչափ մեղավոր են, դրա համար էլ պասերով իրար պահում են: 

- Դուք ասում եք՝ նոր մարդիկ են պետք: Բայց մարդիկ նոր դեմքերին էլ չեն վստահում, կասկածանքով են վերաբերվում: Նրանք չեն կարողանում հասարակությանը դուրս հանել պայքարի:

- Այս հանցագործների առկայության դեպքում նոր քաղաքական ուժ ձեւավորելը դժվար է, բայց անհնարին էլ չէ: Դժվարը սկիզբն է: Երբ որ դուրս գան այնպիսի մարդիկ, որոնց վրա կոմպրոմատներ չկան, եւ որոնք կարող են հասարակության հետ բաց խոսել, ասել, թե այս ամենն ինչու եղավ եւ ինչի հետեւանք էր, հասարակությունը կվստահի, դուրս կգա, կարթնանա: Բայց այդ նոր մարդիկ պետք է լինեն զուտ հայամետ՝  ո՛չ ռուսամետ, ո՛չ ճապոնամետ, ո՛չ արեւմտամետ, ո՛չ չինամետ: Այդ ժամանակ ժողովուրդը կհասկանա, որ այդ օտարամետ լինելու արդյունքում Արցախը տվեցին, հիմա էլ Հայաստանն են տալիս: Մենք հո գնչուներ չե՞նք դառնալու: Այս իրավիճակում կդառնանք, բա ի՞նչ կանենք: Եթե ամեն ինչ շարունակվի այսպես, այդպես էլ կլինի: Նոր քաղաքական ուժ, մաքուր մարդիկ, ովքեր այս քաղաքական պոռնոխաղի մեջ չեն եղել: Հիմա հենց դրա ժամանակն է: Եթե ուժը ստեղծված լիներ, որոնց վրա կոմպրոմատներ չկան, այդ ժամանակ ամեն ինչ կարող էր ուրիշ ընթացք ստանալ:

- Դուք նոր շարժում եք ստեղծել Լոս Անջելեսում: Ի՞նչ նպատակ եք հետապնդում, ուզում եք լրացնե՞լ այդ բաց տեղը:

- Այստեղ հասարակական շարժում ստեղծեցինք, որը կոչեցինք «Ազգ»: Անվանումն ինքն ասում է նպատակի մասին․ այն, ինչը ես ասում եմ՝ ազգային մարդկանց, ազգային ուժերին համախմբել: Ժողովուրդը բաժանված է երկու մասի՝ հայերն ու չհայերը, ազգայիններն ու ապազգայինները: Նրանք, ովքեր մեզ նման են մտածում, որ պետք է պահպանենք մեր ազգայինը, այդ տեսակ մտածող մարդիկ պետք է համախմբվեն: Հեշտ չէ այս պայմաններում. համատարած երիտհայերը մորթ են սկսել ազգային գաղափարախոսության, ազգային ամեն ինչի դեմ: Պետք է դուրս գան մեզ նման մարդիկ, որ կասեցնենք: Նախկինում արել ենք նման բաներ եւ հաջողել ենք, փորձ ունենք: Պետք է ժողովուրդն արթնանա, միաբանվի, գնա ազգային ուժերի ետեւից: Իսկ եթե մարդիկ նստած Սողոմոն Թեհլիրյանի են սպասում, չի լինելու նման բան, դուրս եկեք նման խաբկանքից: Առանց ժողովրդի Հայաստանում ոչ մի բան չի փոխվելու: Դրա համար են տերերը 30 տարի շարունակ ամեն ինչ անում ժողովրդով: Իրենք արհեստական ժողովրդին հանում են ոտքի, լեւոններ եւ նիկոլներ գցում ասպարեզ, իշխանությունը փոխանցում պասերով, վերարտադրվում եւ շարունակում իրենց բիզնեսը: Ժողովուրդը պետք է անի դրա հակառակը, իսկ առանց ազգային ուժի ոչ մի բան հնարավոր չէ փոխել: Պետք է Ֆեյսբուքից դուրս գանք կամ այն օգտագործենք որպես ստրատեգիական զենք: Պետք է գործ արվի, քայլ արվի: Թեկուզ ինքնափրկվելու համար տեսակը պետք է հավաքվի իրար գլուխ, միաբան լինի, համախմբվի: