Անակնկալ անակնկալի ետեւից

Անակնկալ անակնկալի ետեւից

Աշնանային վերջին օրերին մարզական կյանքը, ինչպես երբեք, աշխուժացել է հատկապես երիտասարդական առաջնությունների արտասովոր մեծ քանակով: Օրինակ, Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ներկայում միաժամանակ 2 խոշոր ստուգատես է անցկացվում՝ բռնցքամարտի եւ շախմատի Եվրոպայի ուժեղագույնների կոչման համար: Իմաստուն խաղի աշխարհի չեմպիոնների կոչման համար էլ պատանիները մրցում են Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում: Այստեղ 3 տուրից հետո 16 եւ 18 տարեկան շախմատիստների մրցաշարերի առաջատարները հայաստանցիներ Ռոբերտ Փիլիպոսյանն ու Էմին Օհանյանն են, ովքեր շահել են մեկնարկային բոլոր երեքական հանդիպումները:

Հաճելի է նշել, որ կաշվե ձեռնոցի ապագա վարպետներն էլ վստահ ելույթներ են ունեցել․ Հայաստանը ներկայացնող 6 աղջիկ-տղաների հաղթանակների շարքը նրանց դուրս բերեց կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալով: Կիրակի օրն ավարտվեցին այդ մրցումները: Մեր բռնցքամարտիկներից երկուսը, առավելության հասնելով իրենց բոլոր մրցակիցների նկատմամբ, արժանացան չեմպիոնների տիտղոսին: Առաջին տեղը նվաճեց 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, ով եզրափակիչում հաղթեց ռումինուհի Անդրեա Մարինին: Հայաստանի օրհներգը հնչեց նաեւ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանի պատվին: Մեր բռնցքամարտիկը վճռական մենամարտում վստահ առավելության հասավ ադրբեջանցի Ազրակ Բաբիրովի նկատմամբ: Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) արժանացավ արծաթե մեդալի, իսկ նրա թիմակիցներ Սոնա Հարությունյանը (63 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) դարձան բրոնզե մրցանակակիրներ:

Իսկ շաբաթվա առաջին ոսկե մեդալի արժանանալու, կարելի է ասել` բացառիկ լուրը ստացվեց Մեքսիկայի Գվադալախարա քաղաքից, որտեղ մրցում էին աշխարհի երիտասարդ ծանրորդները: Հրաշալի ելույթով եւ իր կարողությունների վրա ուղղակի նախանձելի վստահությամբ աչքի ընկավ գեղեցիկ սեռի մեր ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը: Բացառիկ ուժի տեր ու հնարամիտ երեւանցի աղջիկը, հանդես գալով 55 կգ քաշային կարգում, երկամարտի 188 կգ ցուցանիշով (81+107) գերազանցեց բոլոր մրցակիցներին եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եվս մեկ, բայց փոքր ոսկե մեդալ Ալեքսանդրան շահեց հրում վարժությունում՝ բարձրացնելով 107 կգ-անոց ծանրաձողը: Ոչ պակաս փայլուն ելույթով ներկաներին հիացմունք պատճառեց նաեւ 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, ով երկամարտի 305 կգ արդյունքով բացահայտ առավելության հասավ մյուս մասնակիցների նկատմամբ: Պոկում վարժությունում գրանցված 140 կգ ցուցանիշն արժանացավ փոքր ոսկե, իսկ հրում վարժությունում 165 կգ-ն՝ արծաթե մեդալի: Մեքսիկական մրցումները շարունակվում են:

Ստացվեց այնպես, որ անցած շաբաթվա ընթացքում եվրոպական ասպարեզ մտան Հայաստանը ներկայացնող տարբեր տարիքի ֆուտբոլի հավաքականները` 19, 21 տարեկանների ընտրանիները եւ մեր ազգային թիվ մեկ թիմը: Ցավոք, ոչ մի լավ բան չի կարելի ասել փոխարինողների սերնդի ներկայացուցիչների մասին: Ինֆանտիլ, երբեմն ուղղակի բակային խաղ հիշեցնող ելույթ ունեցան մեր 21 տարեկանները, որոնք մրցեցին շվեյցարացիների հետ նրանց դաշտում: Ի՞նչ առավելության մասին է խոսքը, երբ թեկուզ մեկ ոչ գոլային հարվածով չկարողացան անհանգստացնել մրցակցի դարպասապահին: Էլ չեմ ասում, որ ընդհանրապես զավեշտալի էր, որ գրանցվեց 0:5 հաշվով պարտություն: Ահա թե ինչի է հանգեցնում մեզ մոտ տիրող տարօրինակ իրավիճակը, երբ ե՛ւ ֆուտբոլի ֆեդերացիայի, ե՛ւ ակումբային թիմերի ղեկավարների գլխավոր զբաղմունքը դրսից պատրաստի խաղացողների հրավիրելն է: Ինչ վերաբերում է 19 տարեկանների ընտրանուն, ապա այս թիմը Խորվաթիայում անցկացվող չորս թիմերի մրցաշարում զիջեց նախ դաշտի տերերին (1:2), ապա` իսրայելցիներին (0:1):

Իսկ շաբաթ օրվա գլխավոր իրադարձությունը եվրոառաջնության համար ճակատագրական նշանակություն ունեցող Հայաստան-Ուելս մրցամարտն էր, որն անցկացվեց լեփլեցուն Հանրապետական ստադիոնում: Եզրափակիչ մրցափուլ դուրս գալու որոշակի խնդիր ունեցող այդ հանդիպումը հուսադրող սկիզբ ունեցավ մեր թիմի համար: Արդեն 5-րդ րոպեին, խառը իրադարձությունում իրեն հրաշալի դրսեւորելով՝ Սելարայանը, հյուրերի տուգանային հրապարակ չմտած, ժամանակին ստանալով լավ փոխանցում, վստահորեն եւ հուժկու հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը եւ բացեց հաշիվը: Գոլը, հասկանալի է, բարձրացրեց մեր ֆուտբոլիստների տրամադրությունը, բայցեւ զգաստացրեց հյուրերին: Վերջիններս սկսեցին ավելի համարձակ ու սուր հակագրոհներ ձեռնարկել, սակայն պատասխան գոլի դժվար թե հասնեին, եթե «օգնություն» չստանային մեր թիմի պաշտպաններից, հանձին Թիկնիզյանի, ով բարձր փոխանցման ժամանակ փորձելով շեղել հարվածի ուղղությունը՝ գնդակն ուղարկեց սեփական դարպասի անկյունը ու հավասարեցրեց հաշիվը (1:1)։ 

Ստացվեց տարօրինակ եւ ճիշտ հակառակ պատկեր երկրորդ խաղակեսում: Հայաստանի հավաքականը, տիրելով նախաձեռնությանը, ամբողջ ճակատով նետվել էր գրոհի: Եվ ի՞նչ։ Մեր տղաները մոտ 10 անգամ ջանացին խփել հաղթական գոլը, սակայն զարմանալիորեն հարվածները շեղ էին ստացվում։ Արդյունքում ստիպված էին բավարարվել խաղաղ ելքով։

Այսօր կայանալու են ենթախմբի ավարտական` Խորվաթիա- Հայաստան եւ Ուելս-Թուրքիա հանդիպումները, իսկ աղյուսակի պատկերն այսպիսին է․
1. Թուրքիա - 16 միավոր
2. Խորվաթիա - 13
3. Ուելս -  11
4. Հայաստան - 8
5. Լատվիա - 3

Հիշեցնենք․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ են դուրս գալիս ընտրական աղյուսակներում լավագույն արդյունքի հասած երկուական հավաքականներ:

Երեւի ֆուտբոլին բնորոշ են լուրջ անակնկալները: Դա եւս մեկ անգամ հաստատվեց օրերս տեղի ունեցած 2026 թվականի աշխարհի առաջնության նախնական մրցաշարում, Հարավային Ամերիկայում: Այստեղ պարտություն կրեց աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, որը 1:2 հաշվով զիջեց կոլումբիացիներին: Ի դեպ, դա հիշյալ մրցաշարում թիմի երկրորդ անհաջողությունն էր (մինչ այդ բրազիլացիները 1:2 հաշվով տանուլ էին տվել ուրուգվայցիներին): Եվս մի անակնկալ․ Արգենտինայի ընտրանին՝ Մեսսիի մասնակցությամբ, 0:2 հաշվով պարտություն կրեց Ուրուգվայի թիմի հետ խաղում: Դա արգենտինացիների հինգերորդ անհաջողությունն էր հիշյալ մրցաշարերի ընթացքում: Հիմա ամենից հետաքրքիրն Արգենտինայի եւ Բրազիլիայի հավաքականների հանդիպումն է, որը կայանալու է այսօր:

Միսակ Նազարյան