Արաբկիրի բաժանմունքում ավելի քաղաքակիրթ վերաբերմունք են ցույց տվել, քան Բաղրամյան 26-ում

Արաբկիրի բաժանմունքում ավելի քաղաքակիրթ վերաբերմունք են ցույց տվել, քան Բաղրամյան 26-ում

Երեկ Բաղրամյան 26-ից ՀՀ ոստիկանության աշխատողներն ու կարմիր բերետավորները Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք բերման են ենթարկել քաղաքացիներ Տաթև Սողոյանին և նրա եղբորը՝ Էդուարդին, ովքեր խաղաղ ակցիա էին իրականացնում: 

-Գնացել էինք խաղաղ բողոքի գործողություն իրականացնելու` 44-օրյա պատերազմի ընթացքում  գերեվարված քեռուս և մյուս գերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու պահանջով:

- Որտե՞ղ է տեղի ունեցել ձեր քեռու դեպքը:

- Քեռուս դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 6-ին՝ պատերազմական թեժ գործողությունների ընթացքում: Քեռիս հանդիսացել Է Հադրութի դիվիզիայի բուժծառայության պետը: Ստանալով օգնության կանչ՝ մեկնել է նշված ուղղությամբ, որպեսզի վիրավորներին դուրս բերի: Եվ այդ ճանապարհին, ինքը, լինելով բժշկասանիտարական մեքենայով իր վարորդի հետ հարձակման է ենթարկվել ադրբեջանական ջոկատի կողմից, որի արդյունքում վիրավորվել է, իսկ վարորդին հաջողվել է փախչել: Վարորդը իրեն թողել է մենակ՝ վիրավոր վիճակում, երբ ադրբեջանցիները մոտիկացել են, բայց ողջ է եղել: Իսկ, երբ հետագայում, որ արդեն վերադարձել են դեպքի վայր, տեսել են իր զրահաբաճկոնն այնտեղ է, բայց ինքը չկա: Այսինքն դա որևէ այլ ողջամիտ հետևություն չի թողնում, քան այն, որ այդ մարդուն վերցրել և տարել են:

-Ինչո՞վ է պայմանավորված երկու տարվա լռությունից հետո, ձեր որոշումը՝ բարձրաձայնել գերիների հարցը:

-Ինչու էինք 2 տարի լռություն պահպանում, որովհետև մենք տարբեր մարդկանց հետ, երբ  խորհրդակցություններ էինք անում՝ կլինեին դրանք իրավապաշտպաններ, Կառավարության ներկայացուցիչներ և այլն, մեզ խնդրում էին այս հարցում զգուշավորություն ու զսպվածություն ցուցաբերել: Գիտեմ, իրենք մինչև հիմա էլ այդպես են կարծում՝ ասելով, որ չգիտեք, թե այդ աղմուկը հետագայում ինչպես կանդրադառնա գերիների վրա: Մեզ ասում էին, որ միգուցե իրենք այնտեղ խոշտանգվեն, տանջանքների ենթարկվեն և այլն։ Ու այդպես ժամանակը հոսում է, իսկ  իրենք տարբեր ատյաններում հավաստիացումներ են տալիս, որ ամեն ինչ տեղի է ունենում, ամեն հնարավոր բան արվում է: Բայց հետագայում հասկանում ենք, որ իրենց բոլոր խոսք տված ամիսները դառնում են տարիներ։ Ու լրահոսից էլ  դուրս է գալիս այս հարցը, իսկ մարդիկ մտածում են՝ դե հա երևի ինչ որ ձևով կլուծվի այդ հարցը ու բնականաբար գերու, անհետ կորածի հարազատներին այլ ելք չի մնում, քան սպասել: Ամեն դեպքումՙ մեր համար, մեր պատկերացմամբ այս հարցին պետք է հրապարակային  անդրադարձ կատարել, որովհետև նախկին փաստարկն արդեն իր վավերականությունն էլ է կորցրել, որովհետև անորոշությունը երբեք չի դադարում ահավոր լինել։ 

- Որքա՞ն ժամանակ եք մնացել ոստիկանության բաժանմունքում, և արդյո՞ք  փորձել են  համոզել՝ լռել և չշարունակել գերիների թեմայով նմանատիպ ակցիաներ իրականացնել:

- Մոտավորապես ինձ ժամը 13.30 բերման են ենթարկել և ժամը 15.20 դուրս եմ եկել: Զավեշտալին հենց նա է, որ իրենք բերման ենթարկելուց  չեն փորձել հասկանալ ինչ ակցիա եմ անում, ինչի մասին պաստառ եմ բռնել ձեռքիս:Վայրկյաններ է տևել, նրանք նույնիսկ հայացք չեն գցել պաստառի վրա՝ կարդան ինչի մասին է պաստառը: Ուղղակի, բացարձակ ապօրինի՝  օգտվելով առիթից, որ այստեղ տեսախցիկներ չկան և ուղիղ եթեր չեմ արել, այս ամեն ինչը, շատ կոպիտ անթույլատրելի ձևով, հրելով տարել են նստեցրել են կարմիր բերետավորների մեքենան ու տարել են ոստիկանության բաժանմունք: Ես ամբողջ ճանապարհին  փորձում էի հասկանալ, թե ինչ ապօրինի քայլ եմ արել: Հարցնում էի, թե ինչ հիմքով են ինձ բերման ենթարկում՝ պատասխան չեմ ստացել: Հետո ոստիկանությունում՝ ինձ ասել են զեկուցագրի մեջ, որ փաստորեն ես օրինական պահանջ չեմ կատարել: Որևէ բան չեն ասել, որ ես իմանամ՝  ինչ սխալ եմ արել, այսպիսի աբսուրդային իրավիճակ է եղել: Արաբկիրի բաժանմունքում համեմատաբար ավելի քաղաքակիրթ վերաբերմունքի եմ արժանացել, քան Բաղրամյան 26-ում ծառայություն իրականացնող ոստիկանների ու կարմիր բերետավորների կողմից, որոնց գործողությունները ոչ մի իրավական ու բարոյական տրամաբանությանդ մեջ չեն տեղավորվում:

- Ինչու՞ էիք որոշել ակցիան իրականացնել մենակ, չէ որ բազմաթիվ գերիներ կան, կարող էիք նրանց  հարազատների հետ պայմանավորվել:

- Ակցիան ընդհանրապես պլանավորած չի եղել, նույնիսկ ընտանիքիս անդամները չեն իմացել: Եղբորս հետ նստած էինք, այդ պահին լրահոսը թերթելուց տեսել եմ ,որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարներն այստեղ են: Այսինքն մինչև այդ որևէ այդպիսի ժողովները պետք է ընդունենք, որ Հայաստանում հաճախ չեն տեղի ունենում, և եթե լինում էլ են՝ մենք դրանց ուղիղ եթերով, ընթացքի մասին չենք իմանում, պոստֆակտում ենք իմանում և ուղղակի նկատում եմ,որ հենց այս պահին ընթանում է, մտածում եմ, որ լավ առիթ է, որովհետև այլ համանման առիթ չգիտեմ, երբ  կլինի, կամ կլինի, թե չի լինի: Եվ իրոք ինքնաբուխ այդ ամեն ինչը կազմակերպվում է, գնում ենք մի հատ թուղթ ենք առնում, գրությունը գրում ենք, գնում ենք այնտեղ, փորձում ենք ինչ որ ակցիա անել՝ ուղղակի այնտեղ կանգնել: Հնարավոր էր ինչ-որ լրագրող մոտենար, ինչ-որ նկար աներ կամ հետո ես նկար անեի գցեի ֆեյսբուք։ Այսպիսի վերաբերմունք ընդհանրապես չէի ակնկալում, այսպիսի աբսուրդային իրադարձությունների ընթացք չէի պատկերացնում։

- Շարունակելի՞ է լինելու ձեր նախաձեռնությունը:

-Ինչ եմ պատրաստվում հետագայում անել:Դե բնականաբար, քանի որ այսպես եղավ ու սա որոշ չափով հանրային հնչեղություն ստացավ, և իմ ընտանիքն էլ այլևս իմ հետ համակարծիք է,  որ այլևս ակտուալ չի էտ փաստարկը, որը ինձ բերել են տարբեր մարդիկ, ու ես հայտնել եմ, որ պատրաստվում եմ տարբեր ասպեկտները դիտարկելով, բարձրաձայնել՝ բերելով, միայն հնչեցնելով մեր կոնկրետ օրինակը, ընդհանուր երևույթների մակարդակով բարձրաձայնել գերիների ու անհետ կորածների խնդրի մասին՝սկսած դրա ներքաղաքական շահարկումներից, սկսած դրանց երկրի ներսում իրավապահ համակարգի անգործությունից վերջացրած մինչև միջազգային ու մինչև նաև այլ գերիների հարազատների մանիպուլացնելը: Մեր հասարակությունը նույնիսկ պատկերացում չունի՝ ինչ նրբություններ ունեն, որն է հիմնական խնդիրը, որ կան հաստատված գերիներ, որ կան դրանցից մի քանի անգամ շատ չհաստատված գերիներ, որ հենց դրանք են ամենախոցելի կատեգորիան, որովհետև նրանք զրկված են փաստացի բոլոր իրավունքներից: Այսինքն՝ մարդկանց թաքցնում են, որն էլ զրկում է իրենց միջազգային կոնվենցիաներով ամրագրված բոլոր իրավունքներից, ու իրենք շատ հնարավոր է հենց ենթարկվում են անմարդկային խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի ու ըստ էության անհայտ է մնում իրենց ճակատագիրը: