Ամեն ինչ հոյակապ է, սիրելի սփյուռքահայ. «Всё хорошо, прекрасная маркиза» երգի մոտիվներով

Ամեն ինչ հոյակապ է, սիրելի սփյուռքահայ. «Всё хорошо, прекрасная маркиза» երգի մոտիվներով

(ֆրանսիական «Tout va tres bien, Madam la Marquise» երգի մոտիվներով, որը Խորհրդային միության նախկին տարածքներում ավելի հայտնի է ռուս երգիչ Լեոնիդ Ուտյոսովի «Всё хорошо, прекрасная маркиза» տարբերակով)

Կապ` սկայպ (Կամ էլ զում-բում)

-Ալո, ալո սիրելի հայրենակցուհի,
Վաղուց չեմ եղել ես Հայրենիքում,
Պատմիր ինձ, հոգիս,
Թե ինչ կա, չկա:

-Ամեն ինչ փայլուն է, սիրելի սփյուռքահայ,
Կյանքը գնում է, իսկ մենք մնում ենք,
Ոնց որ թե չկան անակնկալներ,
Բացի մի փոքրիկ, մի դատարկ փաստից։
Գյուղը, որտեղ տարիներ առաջ դուք բնակվում էիք, այլևս չկա,
Քանդված են տները, մարդիկ զոհվել են կամ էլ փախել են,
Իսկ մնացած ամեն ինչ լավ է,
Մի նեղվեք այդպես, դատարկ բաներ են։

-Բայց սիրելի իմ հայրենակցուհի, ո՞նց գյուղը չկա,
Սա ի՞նչ սարսափ է:
Իսկ ի՞նչ է եղել:

-Ամեն ինչ փայլուն է, սիրելի սփյուռքահայ,
Մի նեղվեք այդպես, դատարկ բաներ են։
Գյուղն ի՞նչ է, որ լանք,
Քաղաք մեծ այրվեց,
Բայց պետք չէ տխրել,
Քանի որ դժբախտ էր ու դժգույն էր այն։
Քաղաքն ի՞նչ է, որ` տարածքներ չկան,
եկեղեցիներ ու գերեզմաններ,
Իսկ մնացած ամեն ինչ լավ է,
Մի նեղվեք այդպես, դատարկ բաներ են։

-Բայց սիրելի իմ հայրենակցուհի,
Պետք է մտածել,
Ինչ որ բան անել։
Ժամանակն է երևի գալու։

-Ամեն ինչ փայլուն է, սիրելի սփյուռքահայ,
Նեղություն մի քաշեք ու մի չարչարվեք։
Մոռացա ասել` ձեր մուտքը փակ է,
Չեք կարող դուք սահմանը հատել։

-Բայց սիրելի իմ հայրենակցուհի,
Չար լեզուներն այստեղ ասում են,
Թե` բաց է սահմանը և ոչ ոք չկա,
Եվ ով ցանկություն կամ բզիկ ունի,
Խնդրեմ, համեցիր, ամեն ինչ քոնն է։

-Ամեն ինչ փայլուն է, սիրելի սփյուռքահայ,
Չար լեզուներին դուք շատ մի լսեք,
Ուղղակի երկիրը կրակի մեջ է,
Կառուցվում են բազմաթիվ շենքեր,
Իհարկե, օդն է մի լավ աղտոտվում,
Մարդիկ են կյանք ու առողջություն կորցնում,
Բայց եկամտահարկը վերադարձնում են,
Կռայիտ չկա նախկինների պես։

-Ռեստորաններն ուղղակի պայթում են,
Մարդիկ նախապես են հերթագրվում,
Իսկ խոզի միսը շատ էլ համով է,
Եվ ժողովրդի քաշն է ավելանում։
Իսկ որ սահմանի գյուղերը դատարկվում են,
Դա ուրբանիզացիա է, ի՞նչ կարող ես անել,
Իսկ մնացած ամեն ինչ լավ է,
Մի նեղվեք այդպես, լոխ լավ ա,
Դատարկ բաներ են։

ՀԳ.Դժբախտ ու դժգույն հանգերի համար հայցում եմ բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների ներողամտությունը։

Աշոտ Նազարյան