ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների ասուլիսը

ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների ասուլիսը

Մեկնարկեց աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի համատեղ ասուլիսը։ Բացման խոսքում Արա Այվազյանը ներկայացրեց այն հիմնական հարցերի շրջանակը, որոնք քննարկվել են իր եւ նախարար Լավրովի բանակցությունների ընթացքում։

Դրանք առաջին հերթին վերաբերում են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղյան իրադրությանը, Ղարաբաղի կարգավիճակի հարցին, հայ ռազմագերիների եւ բռնի կերպով պահվող անձանց հայրենադարձմանը։

Սերգեյ Լավրովը, համառոտ ներկայացնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, նախ շնորհավորեց Հայրենական պատերազմի՝ Հաղթանակի գալիք տոնի առիթով եւ արձանագրեց, որ առաջիկա ամիսներին մի շարք այցեր են լինելու, նաև նշեց, որ Կենսաբանական անվտանգության միջկառավարական հուշագիր է ստորագրվել այսօր։

Մշակվում է մեկ միլիոն դեղաչափ պատվաստանյութ ձեռք բերելու հարցը, ինչպես նաեւ Սպուտնիկ Վ-ի՝ Հայաստանում արտադրելու հնարավորությունը։ 

Հաջորդ տարին լինելու է կարեւոր, քանի որ լրանում է ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակը։

«Հայ-ռուսական հարաբերությունները այնքան լայն են, որ կտրուկ ընդլայնում այլեւս հնարավոր չէ»,- հայտարարեց Սերգեյ Լավրովն՝ ի պատասխան Իզվեստիա-ի հարցին, թե արդյո՞ք հաջորդ տարի հնարավոր է հայ-ռուսական հարաբերությունների կտրուկ ընդլայնում, կապված այն հանգամանքի հետ, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակը։

Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացը վերականգնվել է նոյեմբերի իննից եւ շարունակվում է արդեն վեց ամիս, իսկ ՄԽ-ն զբաղվում է այն հարցերի գործնական լուծմամբ, որը անմիջականորեն վերաբերում է մարդկանց կյանքին ։

Լավրովը նկատեց, որ, ըստ էության, փաստերի խեղաթյուրում է նշանակում ասելը, թե խաղաղության գործընթացը վերսկսվելու է։

«Չի կարելի խաղաղության գործընթացը քաղաքականացնել»,- նկատեց Սերգեյ Լավրովը։

Լավրովը խաղաղության համալիր գործընթացի մեջ ներառեց նաեւ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան։

Ի պատասխան հնչած այն հարցին, որ Ադրբեջանը սպառնում է Զանգեզուրի միջանցքը հարկ եղած դեպքում բացել ուժով, Սերգեյ Լավրովը նկատեց, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցերը նախատեսված են Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությամբ եւ կարող են լինել միայն փոխշահավետության եւ կամավորության հիման վրա։ Բացի դիվանագիտական գործընթացից, ցանկացած այլ գործընթաց չի կարող համարվել այլընտրանք այդ պայմանավորվածություններին։