Լավ կլինի՝ Շուշիի անունը մոռանա, ու էլ նման հայտարարություններ չանի․ Շուշիի քաղաքապետ

Լավ կլինի՝ Շուշիի անունը մոռանա, ու էլ նման  հայտարարություններ չանի․ Շուշիի քաղաքապետ

Լիտվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խոսեց Շուշիի մասին․ «Շուշիի մասին այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել` ոչ մի: Ինչի՞ չի կառուցվել, փող չեն ունեցե՞լ` վստահ չեն եղել, որ մնալու է, ակնհայտ է պատասխանը»։ Այսօր էլ Ազգային ժողովում է արտահայտվել Շուշիի մասին` ասելով, որ Բադեն- բադենում ավելի շատ ներդրում է եղել, քան Շուշիում։

Մենք զրուցեցինք Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ: Իրո՞ք Շուշիում ոչ մի բան չի կառուցվել, ոչ մի ներդրում չի արվել այս տարիներին։ Քաղաքապետը մտովի անցավ Շուշիի փողոցներով, սկսեց թվարկել, թե ինչ է կառուցվել, որոնք Փաշինյանը չնկատելու է տալիս․

«2013 թվականին ես ընտրվել եմ Շուշիի քաղաքապետ, մայիսի 1-ից անցել եմ աշխատանքի։ Մինչև այդ էլ՝ 1992 թվականից հետո Շուշիում գործ կատարվել է, և ընդհանրապես Շուշին ազատագրելուց հետո ես թվարկեմ, թե ինչեր է կատարվել։ Նախ ջրագիծ է անցկացվել՝ «Թադևոսի  ջարգիծը», որքան հիշում եմ` 2009-10 թվականներին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով է ջրագիծը անցկացվել։ Այնուհետև լրիվությամբ մշակույթի տունը, և 2013-14 թվականներին վերաբացումն է տեղի ունեցել, դրան կից կառուցվել է կցակառույց, որպեսզի մշակութային միջոցառումներ, հյուրախաղեր այդտեղ կազմակերպվեն։ Դրանից հետո Արամ Մանուկյան 1 շենքը վերջին տարիներին լրիվությամբ կապիտալ վերանորոգվել է և հատկացվել` մի մասը հիփոթեքով, մի մասը բազմազավակ ընտանիքներին: Հովանավորներ էլ են եղել, որ բնակարաններ են գնել բազմազավակների համար, պետությունն էլ է բազմազավակներին տներ տվել, զոհվածների ընտանիքներին, Դուշման Վարդանի տուն- թանգարանն էլ է եղել այդ շենքում։ Հետո իջնենք Ղազանչեցոց փողոցով․ Պռոշյան փողոցի վրա մշակույթի նախարարությունը զրոյից կապտալ վերանորոգվել և բացվել է, իսկ նախագահի վերջին ընտրություններից հետո արդեն ուրիշ նախարարություն է եղել այդտեղ՝ «ռազմահայրենասիրական դաստիարակության նախարարությունը»։

Դատարանի շենքը զրոյից կառուցվում էր, գրեթե ավարտական փուլում էր, և նախագահական ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը եկել էր, ուզում էր անպայման Ազգային ժողովը կամ նախագահականը տեղափոխեր այդտեղ, շատ գեղեցիկ ու լավ շենք էր կառուցված, քիչ էր մնացել, ավարտական փուլում էր, տանիքը արդեն դրած էր, ուզում էին 2022 թվականին Ազգային ժողովը կամ նախագահականը տեղափոխեին այդտեղ։ Այնուհետև՝ Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը ամբողջովին կապիտալ վերանորոգվել և ծառայում էր արդեն, շատ մեծ, հոյակապ, ամեն հարմարություններով կառուցված։ Երաժշտական դպոցը, որը Հակոբ և Հիլդա Բաղդասարյանների հովանավորությամբ վերակառուցվել էր, և որպես երաժշտական դպրոց էր ծառայում։ 3 հատ բնակելի շենք էր կառուցվել, բնակելի տներ էին, բայց փոխել էին  որպես պետական մարմինների վարչական շենքեր` տվել էին դատախազությանը, դատարանին, և մեկ էլ ԱԱԾ-ին։ Այուհետև՝ քաղաքապետարանի վարչակազմի շենքը․․․, ամբողջովին, կապիտալ վերանորոգվել էր։ Կերպարվեստի թանգարանը ամբողջովին քանդված էր, վերակառուցվել ու ծառայում էր որպես կերպարվեստի թանգարան։

Դրանից վերև՝ Դրամի թանգարանը, էլի նորից վերակառուցվել է, հենց բացման ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը եղել է այդտեղ։ Հետո՝ Մանապատանեկան ստեղծագործական կենտրոնը․․․, զրոյից մի հոյակապ շենք է կառուցվել՝ ամեն հարմարություններով։ Այնուհետը՝ «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանը, Ֆրանսիայի հովանավորությամբ զրոյից շենքը կառուցվել է՝ էլի ամեն հարմարություններով՝ լաբորատորիաներով, արհեստանոցներով, լսարաններով, մարզադահլիճով։ Ագրարային համալսարանի շենքը` 4 մասնաշենք, էլի զրոյից վերանորոգվել, դիմացի սալիկապատ հատվածը ամբողջովին փոխվել է, և շենքը ամրացվել է։ Այուհետև հանրակացարան է կառուցվել՝ հենց Ագրարային համալսարանի և «Եզնիկ Մոզյան» ուսումնարանի ուսանողների համար։ Վերակառուցվել է «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցը, որի անունը իրենք հիմա «Ղարաբաղ» են դրել, 9 հարկանի հյուրանոց էր, որը գործում էր, և նորոգումը շարունակվում էր, 10-րդ հարկն էլ գործում էր որպես նիստերի դահլիճ։ Ասմունքի փառատոնը միշտ այդ դահլիճում էր անցկացվում։ «Գրանդ Հոթել» հյուրանոցի մասնաշենքն էլ էր ամբողջովին վերանորոգված, և գործում էր։ Մեր երկու եկեղեցիները՝ Ղազանչեցոց եկեղեցին և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Կանաչ Ժամը․․․, պարզ է, որ ադրբեջանցիներն ավերել էին, վերակառուցվել է։ Այնուհետև՝ դրամատունը՝ բանկը, Կանաչ Ժամի հետևում է գտնվում, զրոյից ու շատ հիմնովին կառուցված շենք էր։ Հիվանդանոցը մասամբ կառուցված էր, և պլանավորված էր, որ պիտի սարքվեր։ Հիվանդանոցից վերև նորից մեկ հատ զրոյից շենք էր կառուցված՝ մանկատան կամ ծերանոցի համար, համարյա ավարտական փուլում էր, որ պիտի շահագործվեր։ Բանկի հետևի մասում 3 հատ քոթեջներ կային, դրանք էլ են զրոյից սարքվել։ Դանիել Ղազարյանի անվան դպրոցը` էլի կապիտալ նորոգվում էր։ Ասֆալտապատ ճանապարհներ, բակերը ամբողջովին ասֆալտապատ, 37 բարձրահարկ շենքի տանիքները ամբողջովին փոխվել էին գունավոր տանիքների, ջրամատակարարումը շուրօրյա էր, լուսաբորումը կար, գիշերային լուսավորումը ապահովված էր, 150 հատ լեդ լամպեր փոխվել էին, ևս 150 հատ պիտի գնեի, որ ամբողջ քաղաքի լույսերը փոխեի, դնեի ֆոտոռելե, որպեսզի ժամերով անջատվեր։ Հետո՝ ֆիլտրման կայանը․․․, դե եղանակների պատճառով Շուշիի ջուրը պղտոր էր գալիս, ֆիլտրման կայան՝ իր ժամանակակից լաբորատորիաներով կահավորվում էր, որպեսզի հունվար ամսին բացումը լիներ, դա էլ մնաց այդպես։ Հետո` սեփական տներ են կառուցվել՝ գեղեցիկ, հոյակապ։ «Իսայի աղբյուրի» ճանապարհն է ամբողջությամբ կառուցվել, լուսավորումն անցկացվել, ճիշտ է՝ Ռուբեն Հայրապետյանի միջոցներով է կառուցվել, բայց շատ հոյակապ կառուցվել է։ Ուրիշ էլ ո՞րը ասեմ․․․»։

Քաղաքապետին հարցրինք՝ երբ Փաշինյանը Շուշիի էր եկել, գուցե իրեն «դժբախտ և դժգույն» տեղե՞ր են տարել, դրանք են ցույց տվել, դա՞ է տպավորվել իր մոտ, դրա համար է այդպես արտահայտվում Շուշիի մասին․

«Գիտեք ինչ՝ ամեն դեպքում ավերակներ կային, բայց ինչո՞ւ դրանք չի կառուցվել ու վերակառուցվել․ օրինակ, պատմամշակութային շենքեր են եղել, դրանք պետության կողմից պահպանվում և վերահսկվում էին։  Օրինակ՝ մի շենք կա՝ «Նաթավանի տուն» ենք ասում, հովանավորներ էին վերցրել, որ պիտի սարքեին, չգիտեմ՝ ինչ կատարվեց, հովանավորները ձգձգում էին»,- պատասխանեց Սարգսյանը։ Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն ասում, որ ոչինչ չի կառուցվել, դժբախտ է եղել Շուշին և դժգույն.

«Դրսից որ մարդիկ էին գալիս, հիացմունքով էին արտահայտվում, ասում էին՝ Շուշին օր օրի ծաղկում է։ Այսօր Ադրբեջանն ասում է, որ Շուշին Ադրբեջանի ադամանդն է, իսկ ես միշտ նշում եմ Գարեգին Նժդեհի խոսքերը․ «Ով տիրեց Շուշիին, նա կտիրի Արցախին»։ Ես էլ միշտ քարոզում էի, ասում էի՝ հարգելի հայրենակիցներ, հայ ժողովուրդ, եթե էսօր մենք քարը քարի վրա ենք դնում, ամեն քարով Ալիևին ապտակում ենք, պիտի ձգտենք ավելին անել, ու այդպես փոխվում էր։ Դե ինքը երևի ուզում է․․․, տարբեր տեղեր հայտարարություններ է անում, էնտեղ 2 հոգի հիմարներ էլ նստած ասում են՝ դե մտածում  էին, որ պիտի տան։ Ո՞վ է մտածել, էդ մտածողն ո՞վ է եղել, ինչպե՞ս են մտածել։ Ես 2013 թվականից քաղաքապետ եմ, պետությունից վարկ եմ վերցրել, իմ տները նորոգել եմ, աշխատավարձը չէր հերիքում, ես ինչպե՞ս կարող էի մտածել, որ Շուշին պիտի հանձնվի ու տուն նորոգեի։ Բացի այդ, Շուշիի կյանքն արդեն փոխվել էր, վերջին տարիներին պետությունը մարդկանց  500-ից 800 հազար դրամի չափով շինանյութ էր տրամադրում, մարդիկ էլ գնում քիչ մասով վարկ էին վերցնում, իրենց տները նորոգում էին։ Թուրքի վերանորոգումներն արդեն ամբողջովին փոխվել էր հայկականի, շենքերում քիչ բնակարաններ էին մնացել, որ կիսաավեր վիճակում էին, դա էլ շահագրգիռ մարդիկ գնում էին, վերանորոգում էին։ Ես մոռացա նշել գրադարանի մասին․ Շուշիի կենտրոնական գրադարանը Համահայկական հիմնադրամի միջոցներով ամբողջովին նորոգվել, կահավորվել է, գրքերի ահագին բազա  ունեին, համակարգիչներ, նորմալ աշխատող գրադարան էր։ Ես միայն այն եմ մտածում, որ ինքը այդ հայտարարություններն անում է` տակից դուրս գալու համար էլի, դրա համար է ասում, որ Շուշին դժբախտ է եղել։ Շուշին, հա, մի քանի անգամ ավերածությունների է ենթարկվել, վառվել է, բայց այն այնքան լավ քաղաք է եղել, որ դրա համար պատերազմներ են գնացել։

Այսօր, իհարկե, պիտի այդպես ասի․․․, իրեն լսողները՝ արտասահմանցիները չգիտեն, էն օրը որ իրեն պաշտպանում էին, այդ մարդիկ երևի Շուշիում չեն եղել, չեն տեսել, թե Շուշին տարիների ընթացքում ինչպես է ծաղկում, ինչպես է փոխվում, դրա համար էդպիսի հիմար հայտարարություններ են անում։ Ես գտնում եմ, որ Աստված նման հիմար հայտարարություններ անողներին չի ներելու։ Երբ մեր տարիների արածը, քրտնաջան աշխատանքը․․․։ կոնկրետ ես երբեք պաշտոնի չեմ ձգտել, որ գնամ Շուշիի քաղաքապետ ընտրվեմ, ես աշխատում էի, գիտնական եմ, քոլեջի տնօրեն եմ եղել, պատգամավոր եմ եղել։ Ինձ որ ասել են՝ արի քաղաքապետ, ես հանուն այն բանի եմ գնացել, որ կարողանամ քաղաքում աշխատեմ։ 297 հազար դրամ աշխատավարձ էի ստանում, դա թողել եմ, եկել՝ Շուշիում 109 հազար դրամ աշխատավարձով աշխատել եմ՝ հանուն Շուշիի, որ Շուշին ծաղկեցնենք։ Ես Շուշիի ազատագրման համար կռվել եմ, Շուշին իմ շրջանն է, ես Քարինտակից եմ, բայց Շուշիում ենք եղել գրանցված։ Ամեն քարը քարի վրա դնելով՝ ես հպարտանում ու ուրախանում էի։ Մոռացա ասել, որ ճանապարների կողքերին հենապատեր ենք շարել, ինչքա՜ն հենապատեր ենք շարել, քաղաքի մեջ ծառերը տնկելը, ծաղիկներ աճեցնելը․․․։

Ես չեմ պատկերացնում ՝ մարդ ինչքա՞ն կարող է ինքն իրեն կորցրած լինել, որ այդքան լավը չտեսնի։ Լավ կլինի, որ ինքը Շուշիի անունն ընդհանրապես մոռանա, ու էլ նման հայտարարություններ չանի։ Դրանով իրենք մեր բնակիչներին են ոտնատակ տալիս, այսօր մեր բոլոր բնակիչները վրդովված են, որ այդպիսի հայտարարություններ է անում։ Էն դեպքում, որ ինքը եկել է, այդքանը տեսել է։ Էլ չեմ խոսում մաքրության մասին․ ով գալիս էր Շուշի, ասում էր, որ թե՛ Ստեփանակերտը, թե՛ Շուշին մաքուր են։ Էս վերջին տարիներին ընդհանրապես տնօրենը փոխվել էր, մաքրության մասին էնքան էր մտածում, կռված տղա էր, գիշեր- ցերեկ մենակ դա էր, հավաքարարները տեղը տեղին աշխատում էին, ճիշտ է՝ քիչ էին աշխատավարձ ստանում, բայց մտածում էին քաղաքի մասին։ Ես, օրինակ, երբ տեսնում էի, որ մեկը մի ծառի ճյուղ է ջարդում, սիրտս ցավում էր, բացատրում էի՝ երեխաներ, մի արեք, սա մերն է։ Մենք ինչպե՞ս կարող էինք մտածել, որ Շուշին հանձնելու են, դրա համար չսարքենք։ Եթե ես այդպես մտածեի... հնարավորություն եղել է, ես իմ տան գույքը կտեղափոխեի, բայց ես զինվորական շորերով Շուշիից դուրս եմ եկել, մի սովորական լուսանկար, մի հիշողություն չենք տեղափոխել։ Ժողովուրդն ինչքան երջանիկ էր, ինչքան գոհ էր։ Ճիշտ է՝ մեջները հազարից մեկը կար, որ կարող է դժգոհություն արտահայտեր, բայց մարդիկ երջանիկ էին, ուրախ էին։ Երեկոները, երբ քայլում էի Շուշիով, որ տեսնում էի մարդիկ դուրս եկած, իրենց համար ման էին գալիս․․․, հետո պուրակներ կային սարքված։ Աջափնյակ վարչական շրջանի միջոցներով 8, թե 9 միլիոն գումար դրած, մանկական խաղահրապարակ էր սարքված։ Ես մոռացա․ Ղազանչեցոց եկեղեցու դիմացի շենքը ֆասադով լրիվությամբ փոխվել էր՝ պատուհաններով միատեսակ, նախատեսվում էր, որ 2 հատ շենք՝ Պռոշյան 1 և Վարդա 2 շենքերի ֆասադները պիտի փոխվեր, ուր որ է պիտի սկսեին աշխատանքները, մրցույթն արդեն կայացած էր, ցայտաղբյուրներ ենք տեղադրել քաղաքում, մի խոսքով՝ այն ամենը, ինչ պետք է քաղաքին։

Պատերազմական երկիր է, ամեն ինչ հնարավոր չէր միանգամից անել, միայն Շուշիում անել, որովհետև Մարտակերտ էլ կար, Թալիշում էլ են շինարարական աշխատանքներ կատարել, Մարտունիում էլ։ Ավելի լավ կլիներ, որ Շուշին ավելի շատ ու շուտ սարքեինք, որ իրենց աչքը հանեինք, բայց այս տարիների ընթացքում դա էլ, կարծում եմ, քիչ չէր։ Քաղաքի տեսքը փոխվել էր, էն որ թուրքի հոտը էլ չկար: Սկզբից, որ Շուշին ազատագրել էինք, թուրքի՝ այդ խաշնարած ցեղի հոտն էր գալիս, էդ հոտը որ անցել է, օդը որ մաքրվել էր։ Ինչպե՞ս կարելի է դժբախտ ու դժգույն անվանել մի քաղաք, որը պատմության ընթացքում 11 հայկական եկեղեցի է ունեցել, վերջին տարիներին 2-ը՝ գործող, միթե՞ կարելի է այդպիսի հիմար հայտարարություն անել»։