Չի ստացվելու

Չի ստացվելու

Երբ դեռ Արցախը մերն էր, եւ մենք դեռ հաղթանակած ազգ էինք, իշխանություններն առիթը բաց չէին թողնում՝ Արցախից դիվիդենտներ շահելու համար: Հպարտանում էին, ասում էին` առանց Արցախի չկա Հայաստան, Արցախը Հայաստան է, Աղդամը մեր հայրենիքն է, իսկ «հող հանձնողին կհանձնենք հողին»:

Այդ ժամանակ Արցախի նախագահներն ու կառավարություններն ընտրվում-նշանակվում էին ՀՀ իշխանությունների «դաբրոյով», եւ արցախցիների հասցեին թթու խոսք ասողներին անարգանքի սյունին էինք գամում, թե` «սեպ եք խրում հայ ժողովրդի հատվածների միջեւ»:

Հաղթած Արցախը բոլորինս էր եւ հատկապես` իշխանություններինը, որոնք ամեն կերպ օգտագործում էին Արցախն ու արցախցիներին` ի շահ իրենց, անգամ Երեւանում կազմակերպվող հանրահավաքներին էին Արցախից մարդ բերում: Հիմա իրավիճակը փոխվել է` պարտված ու վիրավոր Արցախը բեռ է դարձել այս իշխանությունների համար, որից փորձում են որքան հնարավոր է շուտ ազատվել:

Մի կողմից` ջայլամի քաղաքականություն են վարում, իբրեւ թե չկա Արցախ. փառատոններ, ասֆալտ, Երեւանի ընտրություններ, նոր դասագրքեր, Դսեղի բժշկական կենտրոն... ինչ ասես, կա` Արցախ չկա: Մյուս կողմից` հանրային հարթակներում եւ ֆեյսբուքներում դաժան հակաարցախյան քարոզչություն, իրենց պնակալեզների միջոցով արցախցիներին ապերախտ ու փախչող ներկայացնելու փորձեր: Եվ ամենակարեւորը` հայաստանցիներին ներշնչում են, որ Արցախից ազատվենք` լավ կապրենք: Բայց Արցախից ազատվել չի ստացվելու: 120 հազար մարդու ճակատագիրն ու խաթարված կյանքը երբեք հանգիստ չեն տալու ո՛չ այս իշխանություններին, ո՛չ էլ ՀՀ բոլոր քաղաքացիներին: Հնարավոր չի լինելու հանգիստ ապրել` իմանալով, որ մենք ոչինչ չարեցինք Արցախը փրկելու համար: Այդ մղձավանջը հալածելու է մեզ բոլորիս` անգամ հանդերձյալ աշխարհում: