Որպեսզի բարի լինի մեզ բոլորիս

Որպեսզի բարի լինի մեզ բոլորիս

Վաղը մայրաքաղաքում տեղի է ունենալու ավագանու ընտրությունը: Դա նշանակում է, որ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լռության օր է: Չէ, դա չի նշանակում, որ երևանցիներն այսօր այդ առումով խոսելու իրավունք չունեն: Նրանք կարող են, օրինակ, շոշափել ընդհանրապես ընտրությունների թեման՝ ներկայացնելով անցյալը, ներկան և ապագան: Ապագայի առումով մի քիչ կասկածում եմ... Բայց ոնց որ թե արդեն քաղաքականացնում եմ: Ու այդ պատճառով ավելի լավ է ապագայի մասին բավարարվեմ արդեն գրածով: 

Որպես «65+» տարիքի (մի քանի ամսից) անձնավորություն ասեմ, որ մասնակցել եմ նույնիսկ խորհրդային անցյալի ընտրություններին: Դա Թիֆիլում էր՝ իմ ծննդավայրում:  6-րդ թե 7-րդ դասարանում էի, երբ մեր դասարանի ակտիվ երեխաներին մի կիրակի կանչեցին դպրոց: Այնուհետև պարզելով, թե որ մեկս որ շենքից է՝ տվեցին հասցեներ ու ասացին, որ պետք է բախենք շենքի բնակարանների դռներն ու տանտերեից պահանջենք քվեաթերթիկները: Դրանք բերենք դպրոց ու գցենք քվեատուփերի մեջ: Թե՞ հանձնենք դասղեկներին կամ այլ պատասխանատուներին: Արդեն մոռացել եմ. ի վերջո, կես դար է անցել այդ օրվանից: Մենք էլ պարտաճանաչորեն կատարեցինք հրահանգը ու հանրորեն լավ գործ արած պատանու զգացողությամբ վերադարձանք մեր բակերը: Այս դրվագը նաև որպես ի գիտություն՝ երևի հենց այդպես էր ապահովվում խորհրդային ընտրությունների՝ 98 կամ 99 տոկոս մասնակցությունը:
Անկախություն ստանալուց հետո նման երևույթ, բնականաբար, այլևս տեղի չի ունեցել ո՛չ Թբիլիսիում և ո՛չ էլ մեկ այլ բնակավայրում: Բայց մեզանում բազմաթիվ այլ երևույթներ են առաջացել: Դրանցից մեկը «մեռած հոգիների» քվեարկությունն էր, որ շարունակվեց երկու տասնամյակ և ավելի:

Մյուսը «կարուսելն» էր, որ կարող էր շաղկապվել նախորդի հետ, բայց կարող էր կյանքի կոչվել նաև առանձին: Ի դեպ, «կարուսելում» ներառված էին թե՛ տվյալ ընտրատարածքի և թե՛ մեկ այլ ընտրատարածքի ընտրողները: Արժե հատկապես նշել զինվորականների ներգրավվածությունը: Այդ պատճառով էր, որ նախկինների օրոք դեմ էի պարտադիր զորակոչի զինվորների՝ ընտրություններին մասնակցելուն: 

Չեմ կարող չհիշատակել քվերաթերթիկների լցոնումները քվեարկության արկղի մեջ: Կամ նույնիսկ այդ արկղը գողանալն ու լցոնված քվերաթերթիկներոբ ետ վերադարձնելը: Տարածված էր նաև նույն հասցեում մի քանի հոգուց մի քանի տասնյակ ընտրող գրանցելու պրակտիկան՝ նույնիսկ երբեմն առանց տանտիրոջ իմացության (դա մեկ-երկուսի դեպքում): Շատ ավելի թեթև տարբերակ էր մի կերպ քայլող տատիկ-պապիկների հետ՝ նրանց օգնելու պատրվակով, ընտրատեղամաս այցերն ու նրանց փոխարեն քվեախցիկում քվեարկելը: Բնականաբար, կային այլ տարբերակներ ևս, բայց եկեք սահմանափակվենք թվարկվածներով: Եվ արձանագրենք, որ որոշ տարատեսակներ գործել են նաև 2021 թվականին՝ 2018 թվականի «թավշային» հեղափոխությունից հետո: Որի նպատակներից մեկն ի դեպ, ըստ բողոքավոր ժողովրդի երբեմնի «դուխով» առաջնորդի, ընտրախախտումների իսպառ վերացումն էր լինելու: 
Վերադառնանք վաղվա ընտրությանը: Որպես ակտիվ քաղաքացի, որ երկու տասնամյակ մասնակցություն է ունեցել համապետական կամ հանայնքային ընտրություններին, երևանցիներին առաջարկում եմ անպայման մասնակցել ընտրություններին:

Եթե արդեն ունեք ձեր նախընտրած անձը կամ քաղաքական ուժը՝ ձայն տվեք դրան: Մինչ այդ, բնականաբար, կողքից ձեզ ու ձեր ապրելը դիտարկելով: Խոսքն այդ ապրելու անվտանգության, բարեկեցության, հարմարավետության և այլն առումների մասին է: Եթե չունեք այդպիսի մեկին՝ նախքան ընտրատեղամաս գնալը հարցրեք ձեր գրագետ հարևանին: Լսում եք՝ անպայման գրագետ հարևանին, որպեսզի ստանաք գրագետ պատասխան: Մեկ-երկու հարևանի միջև զրույցը՝ «հարցրու-պատասխանեմ» ձևաչափով լռության օրվա խախտում չի հանդիսանում, քանի որ չի նշանակում այս կամ այն անձի կամ ուժի օգտին հրապարակային քարոզարշավ: 

Բայց միշտ հիշեք, որ ձեր ընտրությունից է կախված ձեր ապագան՝ լինի այն համայնքային թե համապետական ընտրություն: Եվ որքան գրագետ լինի ձեր ընտրությունը, այնքան անվտանգ կլինի թե՛ ձեր և թե՛ ձեր որդինների ու դուստրերի ապագան: Այսքանը: Բարին ընդ ձեզ… որպեսզի բարի լինի մեզ բոլորիս՝ բոլոր երևանցիներին, ինչպես նաև բոլոր հայաստանցիներին, արցախցիներին ու սփյուռքահայերին: