Ֆուտբոլիստ, որը կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում․ ո՞վ է նա

 Ֆուտբոլիստ, որը կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում․ ո՞վ է նա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից վերջերս ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էին, որ ֆեդերացիան իրոք քայլեր է ձեռնարկում Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդ հարձակվողից մեկին Հայաստանի հավաքական հրավիրելու համար։ Խոսքը 21-ամյա Ստեփան Հովհաննիսյանի մասին է, որը թեպետ «Սպարտակի» սան է ու նրա տրանֆերային իրավունքները պատկանում են հենց այս ակումբին, սակայն այժմ վարձավճարով հանդես է գալիս Ռուսաստանի առաջնությունում ելույթ ունեցող մեկ այլ ակումբում՝ «Օրենբուրգում»։

«Օրենբուրգից» առաջ Հովհաննիսյանը հիմնականում խաղացել է «Սպարտակի» երկրորդ թիմի կազմում, աչքի ընկել արդյունավետությամբ, իսկ «Օրենբուրգի» կազմում այս մրցաշրջանում մեկ գոլային փոխանցում է կատարել ու 4 անգամ գրավել մրցակիցների դարպասը։ Հովհաննիսյանը հրավիրվել ու խաղացել է նաև Ռուսաստանի հավաքականի տարբեր տարիքային հավաքականներում։ Ֆուտբոլիստից երբ հետաքրքրվել են, թե արդյոք պատրաստվում է ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը, պատասխանել է, որ դեռ ոչինչ հստակ չէ, պիտի մտածի ու քննարկումներ ունենա ընտանիքի անդամների հետ։

Արդեն երեկ Հովհաննիսյանը հայտարարել է, որ որ պատրաստ է սեպտեմբերին դիտարկել Հայաստանի հավաքական հրավիրվելու առաջարկը։ «Չէի ասի, որ հրաժարվել եմ Հայաստանի հավաքական հրավիրվելուց։ Ես ուղղակի ասացի, որ դեռ պատրաստ չեմ ստույգ պատասխան տալ՝ համաձայն եմ, թե ոչ, քանի որ մտածում էի կարիերայիս հետագա շարունակության մասին։ Ես զբաղված եմ եղել այս հարցով։

Եթե սեպտեմբերին առաջարկ լինի, իհարկե, կդիտարկեմ։ Հետևել եմ Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների արդյունքներին, ուրախ եմ, որ նրանք հաղթում են»,- ասել է Հովհաննիսյանը։