Հատվում են 20-25 տարեկան ծառեր, որոնք էտման ենթակա չեն

Հատվում են 20-25 տարեկան ծառեր, որոնք էտման ենթակա չեն

Մեր հարցերին պատասխանում է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը:

- Դուք պարբերաբար ահազանգում եք ծառահատումների խնդրի վերաբերյալ: Վերջերս էլ քաղաքապետարանում հանրային լսումներ էիք կազմակերպել, բայց ծառերի սպանդը շարունակվում է: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ պրոցեսը կանխելու համար, ի՞նչ տեսակի ծառեր են հատվել:

- Հատված ծառերի թիվը բավականին մեծ է: Ես այսօր Ուլնեցու փողոցում էի, որտեղ անգամ երիտասարդ` 20-25 տարեկան հացենիների վրա փակցված էին ծառահատման տոմսեր: Կան տասնյակ երիտասարդ ծառեր, որոնք սպասում են ծառահատման՝ փոխարինվում են այլ ծառերով, գարնանն էլ նման պրոցես տեղի ունեցավ, այժմ աշնանային պրոցեսն է իրականացվում: Ես բոլորովին չեմ հասկանում ծառահատումների պատճառը: Հանդիպել եմ նաեւ Ագրարային համալսարանի Ագրոնոմիայի ֆակուլտետի դեկանի հետ, քննարկել ենք այս հարցը, բայց թե ինչու են նման քայլերի դիմել, լավ չենք հասկանում: Ասվում է, որ կան ծառեր, որոնք ունեն խնդիր, սակայն այդ դեպքում մայրաքաղաքի կանաչ ֆոնդը պետք է ուսումնասիրվի, եւ միայն դրանից հետո կարող ենք հստակ ասել, թե որ փողոցներում որ ծառերն ունեն խնդիրներ: Այսօր արվում է այլ բան՝ հատվում են երիտասարդ ծառեր, որոնք էտման ենթակա չեն:

- «Մերգելյանի» պուրակում եւս մեծ թվով ծառեր հատվեցին:

- Այո, այդ պրոցեսը վաղուց էր սկսվել: Այդտեղ ծառերը բետոնապատված էին: Մենք բազմիցս խնդրել ենք շինաղբը ծառերից հեռացնել եւ, ինչպես ավագանու 405 որոշումն է պահանջում, ծառերը ծածկել փայտե հարմարանքով: Մենք նաեւ բազմիցս ահազանգել էինք, որպեսզի ջրցանի միջոցով ծառերը ջրեն, սակայն ոչ մի արձագանք այդ հարցում եւս չեղավ: Ցավոք, ծառերի վրա կան նաեւ մի շարք վերքեր, կան նաեւ ծառեր, որոնք լրիվ չորացել են եւ էտման ենթակա են: Կար պայմանավորվածություն, որ ծառերին դեռ ձեռք չեն տալու, սակայն այսօր փաստացի ծառահատումները շարունակվում են: Այն ծառերը, որոնք տնկում են այսօր, Երեւանին էկոծառայություն մատուցելու են 20 տարի անց: Պետք է մաքսիմալ պահպանել քաղաքի կանաչ ֆոնդը: Որեւէ մեկը դեմ չէ, որ չոր ծառերն էտեն, սակայն նրանց շարքերում կան մի շարք առողջ, երիտասարդ ծառեր: Եթե քաղաքացիների թվով ասենք, ապա մեկ քաղաքացուն երկու ծառ է անհրաժեշտ: Այսօր Հայաստանում ծառ հատելու իրավունք չունենք: Ամեն մի ծառը հատ-հատ պետք է ուսումնասիրենք, նոր միայն նման որոշումներ ընդունենք: Մենք այդ թեմայով նոյեմբերի 10-ին Երեւանի քաղաքապետարանում հանրային լսումներ էինք կազմակերպել, հրավիրել էինք Հայաստանի կարեւորագույն գիտական կենտրոնների ղեկավարներին, այլ մասնագետների, գիտնականների, ակտիվիստների եւ այլն: Նաեւ խնդրել էինք, որպեսզի ներկայանան բույսերի պաշտպանն ու գլխավոր դենդրոլոգը, սակայն նրանք այդպես էլ չեկան: Մենք ցանկանում էինք պարզապես նրանց հետ նստել կլոր սեղանի շուրջ եւ լսել միմյանց: Մենք պետք է հասկանանք, թե ինչով եւ ինչպես կարող ենք օգնել մայրաքաղաք Երեւանին, Երեւանի կանաչ ֆոնդին, որը գտնվում է ծանր վիճակում: Ծառահատման գործընթացները չունեն ոչ մի արդարացում: Ծառի սաղարթը պետք է պահել, ծառն իջեցնում են վերեւից: Չի կարելի այսպես վարվել:

- Ի՞նչ անելիքներ ունեք այս առումով: Հնարավոր չէ՞ ոչ մի կերպ կանխել այս պրոցեսը:

- Մեր անելիքները սկսել ենք հանրային լսումներով: Ուզում ենք դիալոգ լինի գիտական հանրության հետ: Պետք է մասնագետները, քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը, փոխքաղաքապետները նստեն կլոր սեղանի շուրջ եւ հասկանան՝ ինչ անել: Բուսաբանական ինստիտուտի տնօրենը եւս ներկա էր հանդիպմանը: Շատ այլ մասնագետներ կան, որոնք պետք է գան, եւ հասկանանք՝ ինչպես լուծել այս խնդիրը: