Հե՜յ, ո՞վ կա այդտեղ

Հե՜յ, ո՞վ կա այդտեղ

 «Մարդիկ ամեն տեղ նույնն են: Մարդ ոչ մի բանից այնպես չի վախենում, ինչքան անհայտությունից, երբ չգիտի, թե գլխին ինչ է գալու»,-ասում էր Վիլյամ Սարոյանի հերոսը: Թվում է, թե հանրահայտ գրողը 1941թ. այդ ասել է 2020թ. մարդկությանը պատուհասած այնպիսի մի պրոզայիկ և վտանգավոր երևույթի մասին, ինչպիսին «կորոնավիրուս» կոչվող համավարակն է: Միաժամանակ, համավարակը շատերին է դարձել փիլիսոսփա, աթեիստներին՝ հավատացյալ, անտարբերներին՝ կարեկցող, հաշվենկատներին՝ երազող և այդպես շարունակ: 

«Ի՞նչ եք տեսնում պատուհանից»,-հարցնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան English for media-ի ծրագրի՝ արդեն հեռավար դասի անցած մեր դասախոսը: Մեր տան իմ աշխատասենյակի պատուհանից երևում է փակ դպրոցը և անձայն հեռացող գարունը: Գարունը Երևանում սովորաբար կարճ է տևում, ամենօրյա հևքի մեջ ես հաճախ այն չեմ հասցնում նկատել ու վայելել, բայց 2020-ի այս գարնան կորուստը զգում եմ բոլոր բջիջներովս: Դեռ երեկ համավարակից և ինքնամեկուսացումից հոգնած, վտանգի զգացողությունը կորցրած իմ համաքաղաքացիներից շատերն  անվրդով քայլում էին Երևանի փողոցներում, այսօր արդեն, արտակարգ դրության պարետի հրամանով, նրանց թիվը երևի նվազած կլինի:  «Քաղաքն այնպես ամայի է. ոչ մի շունչ չկա. մենակ քամին է տխուր-տրտում ոռնում»,-աշխարհի ամենահայտնի քաղաքներն այժմ՝  2020թ. գարնանը, Սարոյանի նկարագրած այսևնման իրականության մեջ են:  Աշխարհում շատերը, եթե չմահանան կորոնավիրուսից, կարող է մեռնեն աննկատ հեռացող գարնան և միմյանց կարոտից:

«Մեր կյանքը 360 աստիճանով շուռ է եկել»,-ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Երևանի կենտրոնում անվրդով շփելով մարդկանց հետ, առանց սանիտարական ձեռնոցների խանութներ մտնելով և կանխարգելման մասին տեղեկատվական թերթիկներ բաժանելով: Ո՞ւր մնաց անձնական օրինակը: 

Այս օրերին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի համավարակի մասին երկու թեզերը հօդս ցնդեցին, երբ պարզվեց, որ կորոնավիրուսը, իրականում, կատաղի և վտանգավոր շուն է, և ապա երբ պարզվեց, որ համավարակի առկայությունն ու ծավալները բնավ չեն վկայում աշխարհի հետ այս կամ այն պետության  ինտեգրման մակարդակի մասին, մանավանդ որ համավարակը պատել է նաև աշխարհի մեկուսացված պետությունները:  

Համավարակի ընթացքում ՀՀ իշխանությունները՝ գլխավոր պարետ և գրաքննիչ նշանակված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրահանգներով, փակել են այլընտրանքային տեղեկատվության բոլոր հնարավոր սողանցքները՝ արտակարգ դրություն սահմանելիս էապես սահմանափակելով ԶԼՄ-ների գործունեությունը՝ վերահսկելով այն և գրաքննելով: Աշխարհի և ոչ մի լրագրող իր երկրի իշխանություններին վստահելու պարտավորություն չունի: Տեղեկատվության ազատությունն ու մատչելիությունը քաղաքակիրթ մարդկության մեծագույն նվաճումներից  են: Դա է հաստատում ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը՝ ընդգծելով. «Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողի աշխատանքը՝ համավարակի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը չափազանց խիստ սահմանափակող միջոց է, որը սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության անհամաչափ մատչելիությունը»։

Ի վերջո, մենք բոլորս էլ նույն մոլորակում ենք ապրում, և խուճապն ու կեղծիքը ոչ միայն ընդդեմ իշխանություների կարող են լինել, այլև՝ ընդդեմ մարդկության:

Երբ նախորդ չորեքշաբթի, «Հրապարակի» համար գրված շաբաթական հոդվածումս նշեցի, որ «Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին 78-ն է», որոշեցի ջնջել այդ նախադասությունը, սակայն մտածեցի, որ թվերի դինամիկան կնկարագրի վտանգի աճի կամ նվազման պատկերը: Այս պահին, երբ գրում եմ այս հոդվածը, վարակվածների թիվը Հայաստանում 265-ն է: Փաստորեն, մեկ շաբաթվա ընթացքում թիվն աճել է երեք անգամ: Այլ երկրներում նույնպես արագ աճի միտումը պահպանվել է: Ըստ www.worldometers.info-ի տվյալների՝ մարտի 25-ի դրությամբ աշխարհում վարակվածների թիվը 434595 է, որից ապաքինվածները՝  111853, մահացածները՝ 19603 է: Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ը, Իսպանիան, Գերմանիան, Իրանը, Ֆրանսիան, Շվեյցարիան և Հր. Կորեան վարակվածների և մահվան դեպքերով առաջին տասնյակն են կազմում:
 

Կարծում եմ, որ պետությունների տվյալներն ամբողջական չեն. որևէ պետություն չի տիրապետում ամբողջական թվերի: Սա ցավալի վիճակագրություն չէ լոկ, սա մարդկության անզորության վկայությունն է:
 

Սնահավատ չեմ, ոչ էլ կրոնախև, աթեիստ նույնպես չեմ: Երբեք չեմ հասկացել սնահավատներին, կրոնախևերին և աթեիստներին: Ես ինձ համարում եմ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և փորձում եմ ապրել Աստծո պատվիրաններին համահունչ: Բարձյալը հետո կդատի, թե որքանով է դա ինձ հաջողվել:
 

Ամուսինս, որ ֆիզիկոս է և աթեիստ, համոզված է, որ այս համավարակն այլմոլորակայիններն են սփռել աշխարհում, որ դա նրանց՝ երկրային քաղաքակրթության հետ առնչվելու ձևերից մեկն է: Մինչդեռ ես մտածում եմ, որ այս համավարակը Նախախնամության մեծ նախազգուշացումն է մարդկությանը: Նախազգուշացում է, որ բնության և շրջակա միջավայրի հանդեպ մարդկության բարբարոսությունը, համընդհանուր նյութապաշտությունը, անկանգ  շահամոլությունը, հասարակական բարքերի այլասերումը, պատերազմները, աղմուկը, անարդարությունը, անհավասարությունը կարող են դառնալ Երկրագնդի և մարդկության ավարտը, եթե մարդկությունը կանգ չառնի: Մանավանդ որ, համաշխարհային քաղաքականության պարզունակացումը և պետական կառավարիչների անկարողությունը նվազեցրել են համավարակը հաղթահարելու հնարավորությունները: Մանավանդ որ, այն, ինչ ստիպում է անել այս համավարակը, կանգ առնելը, ինքնամեկուսանալը և մտածելն է: Բնության և հասարակական օրենքների համաձայն՝ ոչինչ անհետևանք չի անցնում, և աշխարհն այժմ կանգնել է բարդագույն իրավիճակի առջև:

Համաշխարհային բժշկությունը գուցե անում է հնարավորը, անգամ՝ անհնարը, ցույց տալով Հիպոկրատի երդման և մասնագիտական պարտքի աննախադեպ հավատարմություն: Սակայն մարդկության մեղքերն ու սխալները կուտակվել են, և յուրաքանչյուրն այսօր կամ վաղը կարող է ստիպված պատասխանալ տալ ոչ միայն սեփական, այլև այլոց՝ երեկվա սխալների և մեղքերի համար: 

Մարդկությունն  այժմ մեծ Միայնակի է նման. նա այժմ միայնակ է մնացել Բնության, Աստծո և համավարակի առջև:  Այնքան միայնակ, որ եթե վաղը, Վիլյամ Սարոյանի հերոսի պես բացականչես՝ հե՜յ, ո՞վ կա, այդտեղ, ի պատասխան գուցե ոչ մի արձագանք չլինի: