Վարդենիսում նախընտրական պայքարն ընթանում է մարտարվեստի կանոններով

Վարդենիսում նախընտրական պայքարն ընթանում է մարտարվեստի կանոններով

Փետրվարի 17-ի՝ քաղաքապետի ընտրության նախօրեին Վարդենիսում մթնոլորտը թեժանում է։ Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում քաղաքապետի թեկնածուներից մեկը բնակիչներին անվճար սնունդ է բաժանել։ «Թեկնածուն եւ նրա 2 համախոհները «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Վարդենիս համայնքի բնակիչների բնակարաններ եւ թեկնածուի անունից բաժանել սննդամթերք»։ Մենք տեղեկացանք, որ սննդամթերք բաժանող թեկնածուն եղել է փոխքաղաքապետ Կարեն Մկրտչյանը, ով համարվում է նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանի մտերիմներից։

Սնունդ բաժանողների թվում է եղել նախկին քաղաքապետի «մարդը» համարվող Ռազմիկ Բադեյանը, որը Վարդենիսի քաղաքապետարանի ծրագրերի կազմման եւ համակարգման բաժնի աշխատակից է։ Նա ասում է․ «Քաղաքապետարանն ունի անապահովներին օգնելու, բարեգործական ծրագրեր, որոնք իրականացնում է։ Ընտրությունների հետ դա կապ չունի»։ Իր հերթին Բադեյանը հայտնեց, որ ինքը, ավելի ճիշտ՝ իր մորը պատկանող «Մայ գարդեն» սրճարանն օրերս հրկիզել են։ Նա բացատրություն է տվել քննչական մարմնում։ «Տեսաերիզ կա, որում պարզ երեւում է, թե ոնց է անհայտ մի անձ ուսումնասիրում սրճարանի տարածքը, մտնում է խոհանոց, ձախ կողմը խոհանոցի հրկիզում է, բացում է ջրի ծորակն ու գնում»,- ասում է Ռազմիկ Բադեյանը։

Ըստ նրա, քաղաքական դրդապատճառներ կան։ «Մարդիկ կա՛մ ուզել են ինձ նախազգուշացնելով հետ պահեն քաղաքական պայքարից, կա՛մ էլ ուզել են վատություն անել»։ Նա նաեւ հայտնեց, որ սրճարանը գտնվում է ոստիկանության եւ ԱԱԾ բաժանմունքների, զինկոմիսարիատի եւ դատարանի հարեւանությամբ, տեսանելի վայրում, բայց ոչ ոք չի տեսել։ «Կարծում եմ՝ ոստիկանները չեն ուզում այս գործը բացահայտել»։

Իրեն հրդեհի մասին նախազգուշացրել է պահակը։ Վարդենիսի քննչականից «Հրապարակին» հայտնեցին, որ երկու միջադեպերն էլ եղել են, սակայն քրեական գործեր հարուցված չեն․ «Դեպքերով նյութեր են նախապատրաստվում»։ Փոխքաղաքապետ Կարեն Մկրտչյանն էլ իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է իր հակառակորդներին՝ կոչ անելով հանդարտեցնել թիմակիցներին։ «Հերիք է իրար հանդեպ ատելություն ու չարություն տարածեք, հերիք է վատ բառեր գրեք (կեղծ եւ իրական էջերով) իրար հասցեին։ Մարտարվեստի եք վերածել քարոզարշավը` դեռ չմեկնարկած»։