Մարդիկ գերեզմաններ են թողել Արցախում

Մարդիկ գերեզմաններ են թողել Արցախում

Իրենց տունն ու հայրենիքը հարկադրաբար լքած, բռնի տեղահանված արցախցիներից շատերի համար մեծ ցավ է այն, որ իրենց հարազատների շիրիմները, գերեզմանները մնացին թշնամու տնօրինության տակ: Դրանք առավելագույնը լքված ու անտեր են լինելու, եթե չասենք, որ կարող են նաեւ բարբարոսների կողմից ավերվել: Այնտեղ բոլորն ունեն հարազատների գերեզմաններ: Հատկապես ծանր է այն մարդկանց հոգեվիճակը, որոնց հարազատները նոր են զոհվել, եւ չեն էլ հասցրել նորմալ հուղարկավորել, գերեզման սարքել, քար դնել եւ այլն: Շատերս գիտենք, որ հարազատին կորցնելուց հետո սփոփանք է նրա շիրիմին այցելությունը. այդպես քո սերն ու հարգանքն ես փոխանցում հանգուցյալին, խնկարկելով` որոշակի թեթեւություն ես զգում:

Ժամանակի ու տարիների հետ այցելությունները նվազում են: Արցախում տարբեր պատերազմներին զոհվածների հարազատներից շատերը դեռեւս չեն հաղթահարել իրենց ցավը, եւ կսկիծը նրանց հոգում դեռ թարմ է: Այս օրերին շատ արցախցիներ մտածում են՝ ինչպես ուղիներ գտնել եւ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը տեղափոխել Հայաստան: Նրանք այդ խնդրով դիմում են տարբեր կառույցների, նաեւ՝ Կարմիր խաչին: Հասկանալով, որ դա բավականին դժվար խնդիր է, հարազատներն առաջարկում են նաեւ այլ տարբերակներ. կա՛մ հնարավորություն տալ իրենց՝ պարբերաբար այցելել իրենց հարազատների շիրիմներին, կա՛մ Հայաստանում զոհերի հիշատակի պուրակ կառուցել՝ նրանց անունների խորհրդանշական շիրմաքարերով,  որպեսզի գոնե այդտեղ այցելելով՝ թեթեւացնեն իրենց վիշտը…