Շատ սխալ էր նման տարածքում հող օտարել, շինթույլտվություն տալ. Կոտայքի մարզպետը կառուցվող առանձնատան մասին

Շատ սխալ էր նման տարածքում հող օտարել, շինթույլտվություն տալ. Կոտայքի մարզպետը կառուցվող առանձնատան մասին

Աբովյան քաղաքում գործող թիվ 6 մանկապարտեզը վաղուց  հայտնվել էր  օլիգարխների «ուշադրության կենտրոնում»: Մանկապարտեզի մի մասնաշենքը ծառայում է, որպես  գեղարվեստի դպրոց: Այստեղ ե´ւ մանկապարտեզի երեխաներ են հաճախում, ե´ւ գեղարվեստի դպրոցի սաներ: Մանկապարտեզին պատկանող հսկայական կանաչապատ տարածքի հաշվին  մեկ տարի է,  ինչ մասնավոր կառույցի շինարարություն է ընթանում, որը աբովյանցիների դժգոհության պատճառ է դարձել: Նրանք անգամ բողոքի ցույց կազմակերպեցին, որոշ ժամանակով շինարարությունը դադարեցվեց: Սակայն, որոշ ժամանակ անց ակտիվ կերպով սկսվեցին շինարարական աշխատանքները:

Աբովյանցիները պնդում են, որ շինությունը պատկանում է Աբովյանի քաղաքապետ՝ Վահագն Գեւորգյանին. «Ինչ ուզում է անում է քաղաքապետը, ով է տեսել մանկապարտեզի տարածքի ծառերը հատել եւ առանձնատուն կառուցել: Երեխաները դուրս են գալիս մանկապարտեզից հանդիպում են պարիսպների: Քաղաքապետը նաեւ խոստացավ, որ կվերանորոգի մանկապարտեզը, բայց ոչ էլ խոստումը կատարեց: Անգամ ձմռվա ամիսներին մանկապարտեզը չի գործում:  Թող մտածի՝ ի՞նչպես անի,  մանկապարտեզը հունվար, փետրվար ամիսներին աշխատի, ոչ թե մտածի ո՞նց անի, իր առանձնատունն ավելի շքեղ դարձնի»,-բողոքում էին աբովյանցիները:

 Ըստ Աբովյանի քաղաքապետի   19 մարտի 2018 թվականի N 233 որոշման՝   թույլատրել փոփոխելու Շուշան Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի հունվարի 09-ի N 09012018-07-0006 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի Սուրեն Մնացականյան փողոցի թիվ 1/5/2 հասցեում գտնվող 1200.6 300 եւ 49 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը, որպես բնակելի կառուցապատման հողամաս, որի համար Շուշան Կարապետյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարան մուծել  169 հազար 900 դրամ՝ որպես հողամասերի գործառնական նշանակության փոփոխության և 5հազար դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճարներ:   

Այն, որ տարիներ շարունակ օլիգարխները իրենց ունեցվածը բարեկամների եւ ծանոթների անունով են անում, դա գաղտնիք չէ: Եվ այս դեպքն էլ դրա ապացույցն է, որ քաղաքապետի  առանձնատան դիմումատուն իր ծանոթ է եղել: Վահագն Գեւորգյանի հետ կապ հաստացել չկարողացանք: Առանձնատունը դարձել է աբովյանցիների թիվ 1 քննարկող թեման:  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը    մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը զրուցել է քաղաքապետի հետ եւ դատապարտել է, որ մանկապարտեզի տարածքում  հող է օտարել եւ շինթույլտվություն տվել. «Ծանոթ եմ խնդրին:  Մեր մարզում չկան հանրային հնչեղություն ստացած հիմնախնդիրներ,  որոնք ինձ ծանոթ չլինեն: Իմ նշանակումից հետո հարցում ենք արել  եւ քաղաքապետարանից փաստաթղթեր ենք պահանջել:  Այդ պահի դրությամբ օրինական   են եղել  բոլոր գործընթացները,  տվյալ անձի անունով են  ներկայացված եղել փաստաթղթերը:  Սերժի ժամանակ էլ՝ թղթերով ամեն ինչ կարգին էր, բայց կյանքը այնքան դժգույն էր:    Բայց իմ  հասած տեղեկություններով ում անունով,  որ այդ շինարարությունը ընթանում է  հանդիսանում է գործող քաղաքապետի բարեկամուհիներից մեկը: Թե որքանո՞վ է այդ կառույց իրեն  պատկանում՝ դժվար է ասել:  Որպես քաղաքացի հետաքրքրվում ես, ո՞ւմն է, իսկ ողջ քաղաքը խոսում է մի բանի մասին, որ դա Աբովյանի քաղաքապետին  է:  Ես դատապարտել եմ այդ առանձնատան կառուցապատումը, իրավական առումով ոչինչ չենք կարողանում անել, խնդիրը բարոյական դաշտում է: Ես զրույց եմ ունեցել քաղաքապետի հետ եւ ասել եմ, որ շատ սխալ էր նման տարածքում հող օտարել, շինթույլտվություն տալ:  Առավել եւս, ես ինքս այդ թաղամասի բնակիչ եմ, շատ տհաճ է, երբ որ քո դստերը տանում ես  մանկապարտեզ, իսկ մանկապարտեզի   հետեւի մասում  շինարարական աշխատանքներ են ընթանում»: