«Բոլորը հանդիպում են խնդրում Ալիևից»․ Բաքվի նոր զառանցանքը

«Բոլորը հանդիպում են խնդրում Ալիևից»․ Բաքվի նոր զառանցանքը

Գրել ենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են նրա մյունխենյան հանդիպումները տարբեր երկրների ղեկավարների ու գործիչների հետ՝ ընդգծելով, որ «բոլոր հանդիպումները տեղի են ունենում հակառակ կողմի խնդրանքով կամ նախաձեռնությամբ»։

Այս ընթացքում Ալիևը հասցրել է հանդիպել Իսրայելի նախագահի, Թուրքիայի ԱԳ նախարարի, ԵԱՀԿ գործող ղեկավարի, ՎԶԵԲ նախագահի, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի և այլ գործիչների հետ։
Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունն ու նրա սազանդար պրոիշխանական մասմեդիան գրեթե միաբերան հայտնում են, թե «հանդիպումներն անցկացվում են հակառակ կողմի խնդրանքով»։

Այդ համատեքստում, բռնապետի փառաբանումից կուրացած ԶԼՄ-ները նշում են, թե դրա պատճառը, տեսեք-տեսեք, «Ալիևի տրամաչափն ու ազդեցիկությունն է՝ հատկապես վերջին նախագահական ընտրություններից հետո, երբ նա վերընտրվեց ավելի քան 92 տոկոս ձայն հավաքելով»։

Զավեշտալին այն է, որ «հակառակ կողմի» մամուլի հաղորդագրություններում նման արձանագրում չկա։ Պակաս անհեթեթություն չէ նաև Հաքան Ֆիդանի հետ հանդիպման մասին Բաքվի տարածած պրես-ռելիզը՝ նույնիսկ կարգավիճակի այդպիսի տարբերությունը հաշվի առնելով։ 

Ինչպես ասում են՝ «եփած հավի» ծիծաղն էլ է գալիս՝ լսելով, որ Ադրբեջանի ու անձամբ Ալիևի մեծ եղբայր Թուրքիան (թեկուզ ԱԳ նախարարի մակարդակով) պիտի հանդիպում խնդրի Բաքվի բռնապետից․․․