«Անուշի» պրեմիերան՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում

«Անուշի» պրեմիերան՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում

Աբելյանական 88-րդ թատերաշրջանը բացվեց Թումանյանի «Անուշ» ներկայացմամբ, որի առաջնախաղը տեղի ունեցավ աբելյանական 3-րդ հանրապետական եւ «Թատերական Լոռի» 25-րդ միջազգային փառատոների շրջանակում: 

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն իր խոսքում նշեց, որ փառատոները միավորվել են Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի շուրջ՝ կարեւորելով Թումանյանի մեծագույն ներդրումը հայ մշակույթի մեջ: Վ. Շահվերդյանը տեղեկացրեց, որ «Անուշ» ներկայացման պրեմիերայով բացվում է նաեւ թատրոնի նոր թատերաշրջանը, որն ամբողջովին նվիրված է Թումանյանին: 

Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը, մեջբերելով Չարենցի խոսքերը Թումանյանի մասին, նշեց, որ Թումանյանին եւ նրա բոլոր գործերին հարկավոր է մոտենալ մեծ պատասխանատվությամբ եւ ակնածանքով: «Այս փառատոնը միավորել է հայ մշակույթի երեք հանճարներին։ Նարեկացիով ավարտվելու է փառատոնը. «Մատյանի» մոնո կատարումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ութսունամյա հոբելյանին»,- ասաց նա: 

Սահակյանն ընդգծում է՝ փառատոնի նպատակն է ինչպես թումանյանական, այնպես էլ այլ հեղինակների գործերի բարձրարժեք ներկայացումը հայ հանդիսատեսին: «Ազգային, ավանդական մշակութային շատ երեւույթներ փառատոնի շրջանակում թատերասերներին կմատուցվեն առավել նոր, դինամիկ եւ հագեցած, որի արդյունքում մենք կունենանք ոչ նյութական մշակութային ավանդական արժեքների նորովի մատուցում։ Աբելյանական փառատոնն արդեն իսկ ավանդական է դարձել եւ միավորում է բազմաթիվ թատերասերների՝ նպաստելով թատերական կյանքի աշխուժացմանը մարզում, հանդիսատեսի գեղագիտական ճաշակի զարգացմանը՝ նորովի մատուցելով բազմաթիվ ստեղծագործություններ: Այս փառատոնը բացահայտումների, ստեղծագործական հայտնությունների, վերանայումների եւ ձեռքբերումների ազդակ է յուրաքանչյուրի համար: Ակնկալվում է բազմաժանր եւ հետաքրքիր ներկայացումների շարք, փոխշահավետ համագործակցություն հայաստանյան եւ մերձավոր սփյուռքի թատրոնների միջեւ: Իսկ մշակութային իրողությունների ապակենտրոնացումը, կարծում ենք, կնպաստի մշակութային կյանքի համաչափ զարգացմանը հանրապետությունում»: 

Փառատոնային տրամադրությունը Վանաձորում կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 5-ը՝ թատերասեր հանրությանը պարգեւելով թատերական էմոցիաներ: