Շահերի համադրո՞ւմ, թե՞...

Շահերի համադրո՞ւմ, թե՞...

1801 թվականին Արևելյան Վրաստանի՝ ռուսական կայսրության մաս դառնալով, ինչպես նաև 1813 (Գյուլիստանի) և 1828 (Թուրքմենչայի) թվականների համաձայնագրերով Հարավային Կովկասն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ: Եվ բացառությամբ 1918-1920 թվականների, երբ ռուսական զինուժը հեռացել էր տարածարջանից, մինչև Խորհրդային Միության կազմաքանդումը ողջ տարածաշրջանը պատկանում էր ռուսներին: Իսկ դրանից հետո, գոնե մինչև Արցախյան երրորդ պատերազմը, Ռուսաստանը ներկա էր տարածաշրջանի միայն հայաստանյան մասում: 44-օրյա պատերազմի հետևանքով Ռուսաստանը ոտք դրեց նաև Արցախ, սակայն այնտեղ մտան նաև թուրքերը: Որոնք 100 տարի առաջ փորձ էին կատարել ամրանալ մեր տարածաշրջանում: Սակայն հեռացել էին առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտության պատճառով: Առողջ տրամաբանության տեսակետից դա նշանակում է, որ հարավկովկասյան տարածաշրջանի մեր հատվածում ռուսական և թուրքական շահերը ոչ թե համադրվում են, այլ ամբողջությամբ հակադիր են: Այսպես. եթե ռուսը դուրս է գալիս՝ մտնում է թուրքը, և հակառակը: Ինչ մնում է 2020 թվականի աշնանը ռուսների՝ Արցախ մտնելուն, ապա այն ժամանակավոր է և թերի լիազորությամբ: 

Կարծում եմ, որ ներկայացվածը գիտակցելը մտավոր մեծ ջանքեր չպետք է պահանջի: Այնինչ, գտնվում են քաղաքագետներ, ովքեր համարում են, որ մեր տարածաշրջանում ռուս-թուրքական շահերն այսօր համադրված են: Նման համադրում առկա է, սակայն ոչ մեր տարածաշրջանում և բոլորովին այլ հարթությունում: Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Թուրքիայի միջով և նրա միջոցով ռուսական նավթագազային հոսքերի ուղղորդումն է դեպի այլ երկրներ՝ եվրոպական կամ ասիական: Ինչպես նաև Թուրքիայի միջով և նրա միջոցով այլ երկրներից երկակի նշանակության ապրանքների (այդ թվում՝ տեխնոլոգիաների) ներկրումը Ռուսաստան: Այս երկու դեպքում, այո, առկա է շահերի համընկնում՝ ռուսները ստանում կամ վաճառում են այն, ինչ իրենց անհրաժեշտ է, իսկ թուրքերն առանց որևէ ջանք թափելու՝  դրա դիմաց ստանում են եկամուտներ:

Նշված քաղաքագետները խոսում են նաև Միջին Ասիայում ռուս-թուրքական շահերի հարադրման մասին: Այդ հարցում ևս սխալվում են, քանի որ Թուրքիայի մուտքն այդ տարածաշրջան ուղեկցվում է ռուսական ազդեցության թուլացումով: Ինչը բնական երևույթ է՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների թյուքախոս լինելը՝ բացառությամբ տաջիկների: Եվ տաջիկների հետ միասին՝ այդ ժողովուրդների մահմեդական լինելը: Իսկ, այսպես կոչված, Մեծ Թուրանի գաղափարը, որի իրականացման համար ակտիվորեն աշխատում է Թուրքիան, ընդհանրապես նշանակում է թյուրքախոս բնակչությամբ ռուսական տարածքների անեքսիա: Այնպես որ, ի տարբերություն Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայում առկա չէ ռուս-թուրքական համագործակցության որևէ տարր անգամ: Այդտեղ առկա է դեպի ապագան միտված լուրջ հակադրություն և նույնիսկ հակամարտություն: Որպես դրան հակակշիռ՝ այնտեղ տեսնում ենք ռուս-չինական համագործակցություն՝ գործող և կառուցվելիք ավելի հզոր գազատարի տեսքով: 

Ինչ մնում է ռուս-թուրքական հարաբերություններից ածանցված՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ապա դրանք համադրելի շահեր անվանելը լուրջ չէ՝ հաշվի առնելով Արցախից ռուսական խաղաղապահ ուժերը դուրս բերելու՝ Ադրբեջանի ցանկությունը: Գումարենք դրան Ուկրաինային Ադրբեջանի ռազմական և հումանիտար աջակցությունը: Չնայած 2022 թ.-ի փետրվարի 23-ին Մոսկվայում ստորագրվել էր ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության վերաբերյալ պայմանագիր: Իսկ Արցախից ռուսական զորախմբի դուրս գալը չի կարող լինել հօգուտ ռուսական շահերի: Որովհետև կորցնում են, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքում ներկա լինելու առավելությունը:

Ուրիշ հարց, որ ՀՀ իշխանությունների ամբողջական անտարբերության պայմաններում և ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ ռուսները չեն կարող զենքի ուժով հակադրվել ադրբեջանցիներին: Դա հիանալի գիտակցում է Իլհամը և անընդհատ փորձում է նեղացնել ռուսական կողմի գործելու հնարավորությունը: Թե դա ինչպես է ընկալվում որպես շահերի համադրում՝ ճիշտն ասած, երևի միայն այդ թեզի հեղինակներին է հայտնի:
Ասվածից էլ բխում է, որ 44-օրյա պատերազմը և հատկապես դրանում մեր պարտությունը չէր կարող լինել ռուս-ադրբեջանական ընդհանուր ծրագիր: Հատկապես, որ պատերազմից մեկ-երկու ամիս առաջ ռուսական կողմը ՀՀ ՊՆ-ին էր ներկայացրել պայմանական թշնամու հարձակման և դրա դեմն առնելու խիստ առարկայական ռազմական պլան: Իհարկե, դա բացարձակ անտարբերության մատնվեց թե՛ ՀՀ ՊՆ-ի և թե՛ ՀՀ ԶՈՒ-ի «գլխավոր հրամանատարի» կողմից: Պատճառը, նախ, այն էր, որ ներկայացրել էր ՌԴ-ն և ոչ թե Արևմուտքը, և երկրորդ՝ 2019 թվականի աշնանից արդեն առկա էր բազմաթիվ զոհերի գնով «Արցախյան բեռից» ազատվելու սատանայական ծրագիրը: Տեղյակ եմ, որ ընդհանուր իրավասության Արմավիրի դատարում այդ ինֆորմացիան համարվել է իրականությանը չհամապատասխանող: Բայց վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո, նույն այդ դատարանի կողմից դրան 180 աստիճանով հակադիր որոշում կկայացվի: 

Երկու ուկրաինական «մայդանների»`վրացականի մասին էլ չասած, հետևանքով Ուկրաինայից Ղրիմի թերակղզու և Դոնբասի արևելյան մասի անջատմամբ սկիզբ դրվեց ԱՄՆ գերակայությամբ միաբևեռ աշխարհի աստիճանական վերացումը: Դրանով պայմանավորված՝ ՀՀ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններն ավելի ամրապնդելու փոխարեն ՀՀ «հեղափոխական» իշխանության ջանքերով դրանք իջեցվեցին ամենացածր մակարդակի, որ կարելի էր պատկերացնել: Արդյունքում կորսվեց Արցախը և գոյաբանական խնդիրներ առաջացան հենց Հայաստանի առումով: Իսկ Արևմուտքի օգնությունը խոսքի մակարդակից այն կողմ չանցավ: Ուրիշ հարց, որ դրա մոգության առումով վստահ Նիկոլն ավելին չի պահանջում: Հա, մոռացա, մեկ էլ անզեն մի քանի գերմանական ոստիկանի և նույնքան ֆրանսիական ժանդարմերիայի աշխատակցի՝ ընդհանուր 100 հոգու, ներկայություն հայ-ադրբեջանական սահմանին: Արհամարհելով ՀԱՊԿ-ի՝ այդ սահմանին դիտորդներ ուղարկելու առաջարկը: 
Տեղի ունեցածի պատճառահետևանքային կապերը հետազոտելու և հասարակությանը գրագետ ներկայացնելու փոխարեն հասարակության գրագետ մասի արևմտամետ հատվածը ստեղծել է ռուս-թուրքական համերաշխության կարծրատիպ՝ ջուր լցնելով Փաշինյան Նիկոլի ազգակործան ջրաղացին: Դա հաղթահարելու առումով ոչ մի նշանակություն չունի այն հանգամանքը, որ նիկոլական կեղծ խաղաղության փոխարեն հնչում են հակառուսական ուղղվածության կեղծ հայրենասիրական կոչեր: Մոռանալով, որ մեզ կիսաշրջափակում է շուրջ 100 միլիոնանոց թուրք-ադրբեջանական տանդեմը: Իսկ ՌԴ-ի հետ թշնամանալու դեպքում մերկ հայրենասիրությամբ այդ տանդեմի դեմ ոչինչ անել չենք կարող:

Ինչ մնում է արևմտյան օգնության վրա հույս դնելուն, ապա խնդրեմ դրա վկայությունը պաշտոնական աղբյուրներից նույն օրը մամուլին հանձնված երկու հաղորդագրությունների տեսքով: Առաջինը՝ «ՀՀ-ն կմասնակցի ԱՄՆ-ի ղեկավարությամբ ապրիլի 22-ին մեկնարկող «Պաշտպան 23» (Defender 23) զորավարժություններին», և երկրորդը՝ «Պենտագոնը ՀՀ-ին հանել է Defender 23 զորավարժությունների մասնակիցների ցուցակից»: Ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած Փաշինյան Նիկոլի խոսքը. «Հայկական կողմի տրամադրվածությունը եղել է ու շարունակում է մնալ էսկալացիայից խուսափելը»: Իսկապես որ՝ «Ողբամ զքեզ, Հայաստան»...