Փաշինյանը եւ ՔՊ-ն պետք է հեռանան
Արդեն գիտեինք, իսկ երեկ համոզվեցինք, որ Ոսկեպարում հողն այրվում է Փաշինյանի ոտքերի տակ: Եվ դա բնական է` մարդիկ չեն ուզում իրենց հայրենիքը, իրենց երկիրը, պետությունը կորցնել, չեն ուզում, որ Փաշինյանը վերցնի ու գրիչի մի հարվածով թուրքին տա դարերով իրենց պահած, շահած, փայփայած հողը՝ այգին, դաշտը, լեռնալանջը, արոտը: Մարդիկ չեն ընկալում Փաշինյանի արածը. ի՞նչ իրական Հայաստան՝ առանց այդ ամենի, ո՞ւմ է պետք այն «իրական Հայաստանը», որի քարտեզին չեն լինելու Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը, Աճարկուտը: Ոսկեպարում հո գիտեն, որ երբ թուրքը եկավ, էն մի քանի տունն ու ընտանիքն էլ քոչը կկապեն ու կհեռանան գյուղից: Սովետի ժամանակները չեն, Սովետի օրենքները չկան, որ հայն ու թուրքն իրար կողքի հաշտ ապրեն: Հայը քնեց՝ թուրքը մորթելու է, հայը պակասեց՝ թուրքը շատանալու է, ճնշելու է, վտարելու է…
Ու էս նեղ մաջալին, իբր ոսկեպարցու պրոբլեմները քիչ էին, Նիկոլն էլ վերտալյոտով եկավ… Ինչո՞ւ եկավ, եկել էր, որ ի՞նչ անի… Մի քանի կա՞դր ապահովի իր տերերի համար, թե՝ տեսեք, ես եմ այստեղ ասողը: Չստացվեց, քշեցին… Չիմացանք` Հայաստանի մուլտիկ քարտեզը տարե՞լ էր հետը… Եսիմ, խառը վիճակ էր, ոչ ոք չիմացավ: Գուցեեւ տարել էր, բայց ցույց չտվեց, չհամարձակվեց ցույց տալ, որովհետեւ դահլիճի տեսքից ու բովանդակությունից պարզ էր արդեն, որ էդ քարտեզը ոսկեպարցու էն մի տեղին էլ չի, չեն ընդունում` կեղծ է, արդար չէ, խաբեություն է, պարտություն է, տնաքանդություն է, հուսալքություն:
Լավ, բա ի՞նչ անի Նիկոլը: Էսքան բան բարեհաջող տվեց ու մի Ոսկեպար չի՞ կարողանում տալ: Այսքանից հետո ի՞նչ կասեն իրեն Եվրոպայում, ԱՄՆ պետքարտուղարը չի՞ թքի-մրի, թե` եկել, Բրյուսելում աքլորացել էիր՝ ես, ես… Էդքան էլ փող տվեցինք, ինչո՞ւ գործդ չես անում: Դե արի ու Բլինքենին բացատրիր, որ ոսկեպարցիներն ամերիկյան հնդիկներ չեն, ու ո՛չ փողով, ո՛չ զոռով նրանց չես քշի իրենց գյուղից: Պինդ են կպած հողուջրին: Եվ, առհասարակ, Հայաստանն Ամերիկա չէ, որ ոսկեպարցին գնա, ուրիշ տեղ ապրի: Փոքր երկիր է՝ ամեն սանտիմետրը հաշված:
Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարից հետո որ գյուղերը մտավ: Ասենք՝ Ենոքավան գնա՞ց: Տեսնես այդ գյուղո՞ւմ ինչ են խոսում իր մասին… Երեւի մտածում են՝ է՜է՜է՜, իրենց Նիկոլից բան չի մնացել, գնաց, Երեւանում սկսեց զբաղվել քաղաքականությամբ ու փչացավ: Մենք էլ էսքան ժամանակ կարծում էինք՝ նախրում էշ ունենք: Թուուու… գյուղի պատիվը գետնով տվեց: Բայց, սիրելի ենոքավանցիներ, ձեր ուշացած ախուվախն էլ արժեք չունի: Էն, որ խնդրում, աղաչում էինք, որ գաք ձեր Նիկոլին քաղաքից տանեք, ընդամենը մի էշ ուղարկեցիք հետեւից: Էն ժամանակ պիտի ամբողջ գյուղով գայիք, ձեռուոտը կապեիք ու հետ տանեիք, որ բանը չհասներ ձեր հարեւան գյուղերն ու հողերը թուրքին տալուն:
Հակառակի պես այս օրերին Երեւանում էլ մի վիճակ չկա: ՔՊ-շնիկներն ահավոր անհանգիստ են, ընդ որում՝ ոչ թե Նիկոլի, այլ իրենց համար: Տրանսպորտ էլ չեն կարողանում նստել, մարդիկ թքում են երեսներին, այլանդակ խոսքեր ասում: Ոչ մի երաշխիք չկա, որ շուտով մայրաքաղաքի փողոցներում չեն վերսկսվի բեմականացված թաղումները, որոնց մասին ժողովուրդը, թվում էր, մոռացել է թավշյա, ոչ բռնի խեղկատակությունից հետո: Ասլանյան Հակոբին ի՞նչ կա, իրենը ստացավ, պրծավ: Բա Քոչարյան Անդո՞ն ինչ պետք է անի: Նիկոլը նրա վզին այնպիսի բան է դրել, որ հեչ իր ղեկավարած հանձնաժողովի խելքի բանը չէ: Մի մարդ, որ չգիտի «Ցեղասպանություն» եզրույթի եւ «եղեռն» բառի տարբերությունը, մի մարդ, որ տապալել է երկու պատերազմների հանգամանքների ուսումնասիրությունը, ինչպե՞ս պետք է ցեղասպանությունն ուրանալու հարցի տակից դուրս գա: Թե բա՝ զոհերի ստույգ թիվն ասեք, անուն-ազգանունները ճշտեք, բնակության հասցեները նույնականացրեք, ոսկորների ԴՆԹ անալիզի պատասխանները բերեք… Կբերեն, Քոչարյան Անդո: Էսա մի դագաղ կբերեն՝ քո ուզած բոլոր տվյալները վրան գրած, անասնաբույժի կնիքն էլ խփած: Ասում եմ՝ Ավինյանը մետրոն շուտ սարքեր՝ ՔՊ-շնիկները մտնեին գետնի տակ, թունելներով ֆռֆռային:
Երեւանում խնդիրը նույնն է, ինչ Ոսկեպարում՝ իշխանությունները հող են հանձնում, հայրենիք, երկիր, պետություն, պատմություն, հիշողություն, լափում մեր դարավոր կաղնու արմատները: Չի ստացվելու: Քաղաքացիական պատերազմ կսկսվի, մեծ պատերազմ՝ Շիրակից մինչեւ Տավուշ, Տավուշից մինչեւ Երեւան, Արարատ, Վայք ու Սյունիք: Ով սաղ մնաց, թող պարծենա, որ ինքը հաղթեց: Բայց հաղթել չկա այդ պատերազմում: Բայց կա ելք՝ եղբայրասպան այդ նախճիրից խուսափելու. Փաշինյանը եւ ՔՊ-ն պետք է հեռանան:
Կարծիքներ