Փաշինյանը կստեղծի՞ Արամ Ա-ի առաջարկած «քաղաքական-դիվանագիտական մարմինը»

Փաշինյանը կստեղծի՞ Արամ Ա-ի առաջարկած «քաղաքական-դիվանագիտական մարմինը»

Օգոստոսի 12-ին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր քարոզում բավական հետաքրքիր առաջարկներ էր ներկայացրել, որոնք թեեւ հարկ է, որ բավականին լուրջ եւ ծավալուն քննարկումների թեմա դառնային, բայց կարծես թե մի քանի հրապարակումից այն կողմ բան չեղավ ու, ինչպես սովորաբար է լինում, «գնաց կորավ» լրահոսային «խառնարանում»։ Մինչդեռ Արամ Ա-ն, ըստ էության, ասել էր հետեւյալը․

 • Ամեն կերպ հեռու մնալ ներկայիս աշխարհաքաղաքական առճակատման ջրապտույտի մեջ հայտնվելուց, դրան տանող որեւէ արկածախնդրությունից։

• Վերաֆորմատավորել հայ-ադրբեջանական բանակցությունները՝ ամեն ջանք դնելով, որ պահպանվի խաղաղությունը։
Երկու «մեսիջներն» էլ բավական հետաքրքիր են, ու եթե հաշվի առնենք, որ շատ դեպքերում Արամ Ա-ն ձեւակերպում ու բարձրաձայնում է հայկական սփյուռքում տիրող ընդհանուր մտայնությունները, ապա կարելի է ասել, որ նրա այս առաջարկները կարող ենք համարել սփյուռքի կամ դրա ճնշող մեծամասնության՝ ազդեցիկ հատվածի առաջարկները։

Ընդ որում, եթե ներկայացված երկու «մեսիջներից» առաջինը, ըստ ամենայնի, չափազանց հասկանալի է, ապա երկրորդը բավական հետաքրքիր է գոնե այն մասով, որ առաքելական եկեղեցու՝ նշանակությամբ երկրորդ գահակալն առաջարկում է «իշխանության, ընդդիմության, սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած, քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառություն ունեցող մի մարմին ստեղծել, որն այս ճակատագրական փուլում բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ նոր ոճով եւ մոտեցմամբ»։

Այստեղ կարեւոր է, սակայն, մի քանի հստակեցումներ կատարել։ Եթե ընդունենք այն կանխավարկածը, որ Հայաստանի իշխանություններն ականջալուր կլինեն այս առաջարկին եւ կստեղծեն այդ մարմինը, ապա ի՞նչ կարգավիճակ է ունենալու այն։ Այսինքն՝ այդ մարմինը լինելու է Հայաստանի վարչապետին կից գործող խորհրդակցական մարմի՞ն, «ուղեղային կենտրո՞ն», որտեղ պետք է մշակվեն հայ-ադրբեջանական բանակցությունների հետ կապված ամեն ինչ, թե՞ հենց այդ մարմինն է բանակցելու Հայաստան պետության անունից՝ ունենալով վարչապետի արտոնությունը։
Սա հստակեցնելը շատ կարեւոր է, որովհետեւ ներկայացված բոլոր տարբերակներն իրենցից ներկայացնում են յուրահատուկ կարգավիճակ, որոնք ունենալու է այդ մարմինը, նայած թե որ տարբերակը կընտրվի։ Իհարկե, եթե Հայաստանի իշխանությունները որոշեն այդ առաջարկը կյանքի կոչել։

Այն, որ Արամ Ա-ի ներկայացրած քաղաքական-դիվանագիտական առաջարկի գաղափարը լավն է, նույնիսկ՝ շատ լավը, կասկածից վեր է։ Սակայն տեսականից գործնականի անցման մեխանիզմը ճիշտ պատկերացնելն էլ է կարեւոր, գոնե՝ ուրվապատկերի մակարդակում։

Ի դեպ, հանուն արդարության նշենք, որ նախկին նախագահների մասնակցությամբ, այսպես ասած, «էջմիածնական հարթակի» գաղափարն էլ ինքնին շատ լավն էր, սակայն, ափսոս, կարելի է ասել՝ «հօդս ցնդեց»։ 
Ու այս նախադեպը նկատի ունենալով, կա մտավախություն, որ նախ իշխանություններն Արամ Ա-ի առաջարկը կանտեսեն, իսկ եթե անգամ ինչ-որ կերպ ականջալուր լինեն, այն կարժանանա «էջմիածնական հարթակի» ճակատագրին։