Փաշինյանի սխալն Ադրբեջանի «մուղամի տակ» գիտակցված կամ չգիտակցված պարելն է

Փաշինյանի սխալն Ադրբեջանի «մուղամի տակ» գիտակցված կամ չգիտակցված պարելն է

Politico Europe-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հետեւյալ միտքն է արտահայտել․ «Մենք պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, ինչպես ասացի, փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քառակուսի կմ եւ 86 600 քառակուսի կմ: Եվ երբ ես այդ պայմանավորվածությունից հետո Երեւանում մամուլի ասուլիս եմ տվել, եւ լրագրողը հարցրել է՝ արդյոք Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ն ներառո՞ւմ է նաեւ Լեռնային Ղարաբաղը, ես պատասխանել եմ, որ՝ այո, ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Բայց նաեւ ուզում եմ ասել, որ դա ամենեւին չի նշանակում, որ մենք դրանով Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին: Այս է պատճառը նաեւ, որ այդ պայմանավորվածության մաս է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման մեխանիզմների ձեւակերպումը եւ, մասնավորապես, Բաքու-Ստեփանակերտ հուսալի, բովանդակային երկխոսության հաստատումը, որի մեկնարկի եւ ավարտի վերաբերյալ կլինի որոշակի շրջանակի մասին պատկերացում»։

Այս միտքը հետաքրքիր է նրանով, որ գուցեեւ արտացոլում է այն մոլորությունը (գիտակցված կամ չգիտակցված), որում գտնվում է Հայաստանի գործող ղեկավարությունը։ Որն է խնդիրը․ երբ ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառ․ կիլոմետր տարածքի վրա, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը, դրանով քեզ դուրս ես դնում Արցախում բնակվող հայության հետագա ճակատագրի հետ կապված որեւէ մասնակցությունից։ Ավելին՝ որպես դեռ ոչ վաղ անցյալում Արցախում բնակվող հայության անվտանգության երաշխավոր, որով պայմանավորված էլ մասնակցել ես 2020 թվականի 44-օրյա պատերազմին, այժմ քո այդ ճանաչումով, նաեւ մյուսներին, օրինակ՝ Ռուսաստանին ես դնում բավական ծանր դրության մեջ։

Սա իրականում աննախադեպ իրավիճակ է՝ բացասական առումով, որի մասին տողատակերում խոսել է ե՛ւ Ժոզեպ Բորելը, ե՛ւ արդեն ուղիղ տեքստով խոսում է Մոսկվան։ Այսինքն՝ քո այդ քայլով դու պարզապես ընդունում ես, որ Արցախում բնակվող հայությունն ընդամենը Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ, հետեւաբար, նրանց հարցերով զբաղվելու իրավունքը, այն էլ՝ բացառիկ կերպով, վերապահում ես միայն Բաքվին։

Ու դրանից հետո խոսել Արցախի հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման մեխանիզմների, մասնավորապես, Բաքու-Ստեփանակերտ հուսալի, բովանդակային երկխոսության հաստատման եւ նմանատիպ այլ բաների մասին՝ նշանակում է լինել քաղաքականապես մանկամիտ ու քաղաքական կարճատեսությամբ տառապել։ Հատկապես, երբ գիտես, որ բանակցությունների սեղանի հակառակ ծայրին նստածի համար, անկախ ամեն ինչից, դու եւ ազգակիցներդ, որոնք ապրում են Արցախում, դիտարկվում եք որպես այն թշնամու կերպարը, որի վրա վերջինս չեղած տեղում կառուցում է իր քաղաքական եւ ազգային ինքնությունը։ Սա է խնդիրը։ Սա պետք է հասկանալ։ Բայց եթե հասկանար, այս կարմիր գիծը պետք է չհատեր։ Իսկ երբ հատել է, մնացած ամեն ինչն անիմաստ ժամանակի կորուստ է եւ բառախաղ։