Ընկուզենիները կտրել են, հոսանք են քաշել

Ընկուզենիները կտրել են, հոսանք են քաշել
Ընկուզենիները կտրել են, հոսանք են քաշել
Ընկուզենիները կտրել են, հոսանք են քաշել
Ընկուզենիները կտրել են, հոսանք են քաշել

Աչաջուր համայնքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գրասենյակը 30 տարեկան ընկուզենիներ է կտրել։

Այս բարբարոսությունը պատկերող լուսանկարները մեզ է ուղարկել համայնքի բնակիչ Գառնիկ Շահնազարյանը, որն էլ աճեցրել ու խնամել էր այդ ծառերը։ «Շուրջ մեկ ամիս է, դիմել եմ Տավուշի «Աղստև էլ, ցանցեր» գրասենյակի  տնօրինությանը, որոնք և կազմակերպեն են ծառերի ջարդը, սակայն ոչ մի արձագանք չկա», - գանգատվում է Գառնիկ Շահնազարյանը։

Հողամասը, որտեղ աճում էին ծառերը, Շահնազարյանի սեփականությունն է։  Նա պատմում է, որ մի քանի տարի առաջ իր հողամասով առանց իրեն տեղյակ պահելու  Տավուշի մարզի էլ,ցանցը բարձր լարման հոսանք է մատակարարել «Վիվասել» և «Յուքոմ» ընկերության կայաններին։ «էլ,ցանցի աշպատակիցները եկել և կտրել են իմ ծառերը, պատճառաբանելով ,որ դրանք խանգարում են էլեկտրական լարերին։ Ես դիմել՝ եմ և գրավոր և բանավոր տնօրենին, որպեսզի իմ հողամասից հանեն այդ հենասյուները և լարերը, և փոխհատուցեն ինձ պատճառած վնասը։

Այդ ծառերը հանդիսանում են իմ նյութական միջոցի մի մասը։ Իմ ընտանիքն ընդգրկված է սոցիալապես անապահով ծրագրում», - նշում է գյուղացին։ «Էլցանցը» չի հրաժարվում, որ ծառեր է կտրել։ Գրասենյակի տնօրեն Նիկոլայ Ղալթախչյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց․ «Անպայման փոխհատուցելու ենք նրա կրած վնասը։ Մեր գլխամասային գրասենյակը տեղյակ է։ Հիմա  նյութերը տալու ենք էկոլոգիական տեսչական մարմին, գալու են, գնահատելու են հասցված վնասը ու ըստ դրա վճարելու ենք։ Ինքը եկել է, մենք խոսել ենք էդ հարցի մասին։

Ծառերը կտրել ենք, որովհետև հոսանքը նորմալ չէինք կարողանում տանել»։ Ղալթախչյանն ասաց, որ ամենաշատը 10-15 օրում կկատարի խոստումը։ Իսկ Գառնիկ Շահնազարյանը տպավորություն ունի, որ իր գլխի տակ փափուկ բարձ են դնում։