Էրդողանը եւ Թուրքիան՝ ցեղասպանությունների աքցանում

Էրդողանը եւ Թուրքիան՝ ցեղասպանությունների աքցանում

Այս տարվա ապրիլի 24-ին, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղահանված եւ զոհված հայերի հիշատակը ոգեկոչելու ԱՄՆ նախագահների անխախտ ավանդույթին համատարիմ, նախագահ Ջո Բայդենը նույնպես ուղերձ է հղելու հայությանը եւ աշխարհին: 2021-ի ուղերձի յուրահատկությունն այն է, որ հավանականությունը մեծ է, որ ԱՄՆ նախագահն օգտագործելու է ոչ թե «Մեծ եղեռն», այլ «հայոց ցեղասպանություն»  արտահայտությունը: Բայդենի այդ մտադրությունը հաստատել են ոչ միայն լրատվամիջոցների անանուն աղբյուրները՝ Սպիտակ տնից, այլեւ, կարելի է ասել, Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին:  

Եթե հաշվի առնենք, որ 2019-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, 2020-ին Սենատը գրեթե միաձայն ընդունեցին Մեծ եղեռնի իրադարձությունները ցեղասպանություն որակելու բանաձեւերը, ապա ԱՄՆ նախագահի կողմից Մեծ եղեռնը ցեղասպանություն որակելը ավելի քան սպասելի քայլ է: Հասկանալիորեն, «ցեղասպանություն» որակումը տալիս միայն արդարության հաստատումը չէ ԱՄՆ նախագահի մոտիվացիան, այլեւ Ռուսաստանի հետ Թուրքիայի սիրախաղերը, զենք գնելը, համատեղ ատոմակայան կառուցելը (ինչը, ի դեպ, վերջին վատությունն է, որ Ռուսաստանը կարող էր անել Մերձավոր Արեւելքին եւ աշխարհին: Հուսանք՝ այդ ատոմակայանն ավարտի եւ շահագործման չի հասնի, ինչպես Էրդողանի գնած C-400 համակարգերը կիրառման չեն հասնում: Միայն դրանց փորձարկումը բավական եղավ, որպեսզի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանվեն, Ինջերլիքի ռազմաբազան Հունաստան տեղափոխելու ծրագրերը բարձրաձայնվեն եւ այլն): 

Սակայն վերջին հերթին, թեկուզ «ցեղասպանություն» որակումը տալու հարցում, հավանաբար, դեր կատարեց քաղաքականապես, նաեւ ռազմական տեխնիկայով, կադրերով, վարձկաններով Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողություններին Թուրքիայի խառնվելը, իսկ ինչն ավելի էական է՝ 100 տարի անց Լենին-Աթաթուրք տանդեմի հակահայկական, հակաարեւմտյան, հակաեվրոպական, հակաքաղաքակրթական գործարքն Էրդողան-Պուտին տանդեմով վերստին կրկնելու եւ հայկական տարածքները ռուս-թուրքական ազդեցության գոտում պահելու անսքող հավակնությունը: 

Ռուս-թուրքական տանդեմին արժանի հակաքայլ է, որ ԱՄՆ-ն, որին իրավամբ տրվել է Հայաստանի մանդատը Ազգերի լիգայի կողմից 1920-ի Սեւրի դաշնագրով, Մոսկվայի պայմանագրի 100-ամյակը տոնող ռուսներին եւ թուրքերին հիշեցնի իր մասին` ներկայիս իր ուժով եւ հետաքրքրություններով: Թուրքիայում այսօրվանից հիստերիայի մեջ են ԱՄՆ նախագահի կողմից «հայոց ցեղասպանություն» արտահայտությունը գործածելու հեռանկարից, բայց դա միակ ցեղասպանության թեման չէ, որ մղձավանջ է Թուրքիայի համար: 

Երկրորդը թուրքերի էթնիկ նախնիների` ույգուրների շարունակվող հալածանքները Չինաստանում Թուրքիայի համար անհամեմատ մեծ մղձավանջ են: Ընթացիկ շաբաթը Էրդողանի, ինչ-որ տեղ նաեւ Թուրքիայի համար ամենաստորացուցիչը եւ նվաստացուցիչն էր տարիների կտրվածքով: Իհարկե, երբ Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու առիթով միջազգային առաջնորդների էր Պոլիս հրավիրում, սակայն ոչ մեկը հրավերին չէր արձագանքում, դա էլ պակաս ստորացում չէր, բայց ույգուրների պատմությունն այլ մասշտաբի ինքնաստորացում եւ նվաստացում է ոչ միայն դատարկախոսության սովոր Էրդողանի, այլեւ ընդհանրապես Թուրքիայի համար: 

Չինաստանում երեւի արդեն գոնե կես տասնամյակ պետական մակարդակով ույգուրների (Թուրքիայի թուրքերը եւ առհասարակ թյուրքական ցեղերը ծագել են ույգուրներից, որոնք ներկայում բնակվում են Չինաստանի հյուսիս-արեւելքում), այսպես կոչված, վերադաստիարակման արշավներ են իրականացվում, որի շրջանակներում տասնյակ միլիոնավոր մարդիկ վերադաստիարակության ճամբարներով են անցնում: Այդ ճամբարներից շատ-շատերը չեն վերադառնում, այլոք իսլամն են մոռանում, երրորդները խոշտանգումների են ենթարկվում, չորրորդներն այլեւս երեխա ունենալ չեն կարող:

Սա ընթանում է տարիներ շարունակ, միջազգային լրատվամիջոցները, մի կերպ արեւմուտք հասած ույգուրները, իրավապաշտպան ՀԿ-ները ժամանակ առ ժամանակ ույգուրների հալածանքների թեմային անդրադառնում են, աղմկում են, ահասարսուռ պատմություններ են ներկայացնում, անցյալ տարի էլ Չինաստանի կոմկուսի ներքին շրջանառության փաստաթղթեր հայտնվեցին միջազգային շրջանակներում, որ ույգուրների պլանավորված եւ հետեւողական ոչնչացման ծրագրերի տպավորություն էին ստեղծում: 

Ի վերջո, իրենց վիճակվող հալածանքների մասին աշխարհին տեղեկացնելու ույգուրների տարիների պայքարը հասավ այն հանգրվանին, որ ընթացիկ շաբաթ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Կանադան ույգուրների հանդեպ Չինաստանի կողմից գործադրվող զանգվածային բռնություններին ի պատասխան (բազմաթիվ միջազգային փորձագետների կարծիքով՝ այդ բռնությունները ցեղասպանության բոլոր հատկանիշներն ունեն), պատժամիջոցներ սահմանեցին Չինաստանի դեմ: Դրանք ավելի խորհրդանշական նշանակություն ունեն, քանի որ մի շարք չին անձանց եւ կազմակերպությունների բանկային հաշիվներն են սառեցնում եւ նրանց persona-non-grata հայտարարում, բայց մեկնարկը տրված է, եւ էֆեկտը զգալի է: 

Այդուհանդերձ, ավելի ուշագրավ է ոչ թե այն, որ ԱՄՆ-ն, Կանադան, ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան Չինաստանի դեմ են հանդես գալիս՝ պաշտպանելով հալածվող ույգուրներին, այլ այն, որ Թուրքիան, որի արյունակիցներին ու նախնիներին են ոչնչացնում Չինաստանում, չի համարձակվում Չինաստանին դատապարտող երկրների ցանկին միանալ կամ գոնե ծպտուն հանել: Էրդողանը, հավանաբար, պատկերացնում է, որ եթե խոսի, Չինաստանն Էրդողանին էլ, Թուրքիային էլ կոչնչացնի: 

Եվ զարմանալ միայն կարելի է ռուս-թուրքական սնամեջ քարոզչության սարդոստայնում գտնվող այն անձանց վրա, որոնց թվում է, թե Թուրքիան պանթյուրքական ծրագրեր հղանալու եւ իրագործելու կարողություն ունի: Դա միայն որոշ ահաբեկյալների մտքում է հնարավոր: Ռեալ կյանքում «պանթյուրքիզմ» բառի ետեւից գնալու համար Թուրքիան պետք է սեփական ողորմելիությունը գոնե այնքան հաղթահարած լիներ, որ իր արյունակիցների ու նախնիների` բոլորիս աչքի առջեւ ընթացող ցեղասպանության մասին մի բառ համարձակվեր միջազգային ատյաններում բարձրաձայնել: Մինչդեռ չի համարձակվում ոչ միայն ինքնուրույն բառ ասել, այլեւ ասողներին գոնե միանալ: