Առանց սխալվելու իրավունքի

Առանց սխալվելու իրավունքի

Տարիներ առաջ ամերիկյան թերթերից մեկը հարցում էր անցկացրել ընթերցողների շրջանում՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցին․ որո՞նք են այն պատճառները, որոնք խանգարում են ձեզ լինել երջանիկ, հաջողակ եւ հաղթող: Տարաբնույթ պատճառներ թվարկող պատասխաններից առանձնանում էր մեկը: Մի ընթերցող անկեղծորեն գրել էր. «Եթե ես իմանայի պատճառները, ապա վաղուց դրանք հաղթահարած եւ վերացրած կլինեի»: 

Հայկական թերթերն այդեւնման հարցեր չեն տալիս ընթերցողներին, թերեւս այն պատճառով, որ համոզված են՝ անակնկալ պատասխաններ չեն լինի՝ դրանք կլինեն նույնական եւ կրկնվող: Ի տարբերություն ամերիկացի այդ ընթերցողի՝ հայ ընթերցողը թեպետ լավ գիտե ոչ միայն սեփական անհաջողությունների, այլեւ հայ ժողովրդի բազում դժբախտությունների եւ պարտությունների պատճառները, սակայն չգիտե դրանք հաղթահարելու ուղիները: 

Միաժամանակ, հայաստանյան իրականության դեպքում վերոհիշյալ հարցադրումը հարկ է վերաձեւակերպել այսպես՝ որո՞նք են այն պատճառները, որոնք խանգարում են Հայաստանին եւ հայ ժողովրդին անցկացնել ազատ, արդար, օրինական ընտրություններ եւ պահպանել հայոց անկախ պետականությունը: Հայ հանրությունը նման հարցեր ինքն իրեն չի տալիս ո՛չ բարձրաձայն, ո՛չ էլ կիսաձայն, քանի որ ստիպված է լինելու պատասխանել նաեւ այլ հարցադրման, թե ինչու է իշխանության բերում կամ որպես իշխանություն հանդուրժում նրանց, ովքեր ընտրություններ են կեղծել եւ կազմաքանդել են հայոց անկախ պետականությունը:

Հայաստանի վերջին 26 տարվա եւ վերջին հարյուրամյակի պատմությունը ցավալիորեն վկայում է, որ հայ ժողովուրդը երկու բան այդպես էլ չկարողացավ սովորել՝ ազատ, արդար, օրինական ընտրություններ անցկացնել եւ անկախ պետականությունը պահպանել: Եթե անկախ պետականության կորստի դեպքում հայ քաղաքական առաջնորդների անհեռատեսությանը գումարվել են արտաքին վտանգավոր գործոնները, ապա ազատ ընտրությունների անցկացումը հիմնականում ներհայաստանյան խնդիր է եղել: Ազատ, արդար, օրինական ընտրությունների անցկացումը Հայաստանում դարձել է հայկական հարցի պես բարդ եւ անլուծելի, թեպետ դրա համար անհրաժեշտ էր, որ ընտրությունների ճակատագիրը կախված լիներ ոչ միայն եւ ոչ այնքան իշխանությունների քաղաքական կամքից կամ հայաստանյան իրականության դեպքում՝ դրա բացակայությունից, այլ պայմանավորված լիներ ժողովրդավարական հաստատությունների կենսունակությամբ, ընտրական արդար մեխանիզմներով, օրենքների գերակայությամբ եւ հանրային բարոյականությամբ:

Մինչդեռ հայկական միջավայրի ապականությունը՝ իշխանության եւ հանրության զգալի մասի բարոյական անկումը, օրինականության եւ արդարության ոտնահարումն այնքան են խորացել, որ վերածվել են Հայաստանի անկախ պետականության իրական սպառնալիքների: Այդ ապականությունը խտանում եւ առավել ցցուն է դառնում հատկապես ընտրությունների ժամանակ:
Եվ այժմ՝ Հայաստանի երերացող անկախության 30-րդ տարում, ազատ, արդար, օրինական ընտրությունների անցկացման կասկածների մշուշը դարձյալ պատել է Հայաստանի ապագայի անհարթ ճանապարհը: Հայ քաղաքական երկնակամարում ասուպի պես հայտնվող եւ անհետացող արտահերթ ընտրությունների հեռանկարը սեւ ամպեր է կուտակում Հայաստանի մթագնած երկնակամարում:

Հայկական հեղափոխությունից հետո՝ 2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունները, չնայած վարչական ռեսուրսի չարաշահման եւ ֆինանսական հոսքերի ուղղորդման դեպքերին, 1995-ից ի վեր առաջին ազատ ընտրություններն էին, որոնք օրինական ընտրական համակարգի կայացման հույսեր արթնացրին: 

Միաժամանակ, արդեն հեղափոխությունից կարճ ժամանակ անց՝ ընտրությունների ընթացքում եւ նոր խորհրդարանի կազմավորումից հետո, ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, որ նույնիսկ ազատ ընտրությունները չեն կարող լուծել Հայաստանի հասարակական կյանքի առողջացման, քաղաքական դաշտի կայացման, անկախ պետականության ամրապնդման խնդիրները: Փաշինյանի կամոք եւ հրահանգով ձեւավորված ապագաղափարական, ապաքաղաքական խորհրդարանն այդպես էլ անհաղորդ մնաց հայոց պետականության մարտահրավերներին, ավելին՝ Փաշինյանի բոլոր կամայականություններին աջակցելով՝ դարձավ իրական սպառնալիք այդ պետականության համար: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բացարձակ մեծամասնությունը անհայտ, անանուն, անկենսագրություն մարդկանց խառնամբոխ էր, որոնք էլ ձեւավորեցին խորհրդարանական մեծամասնություն: Եվ ազատ, օրինական ընտրություններով ձեւավորված խորհրդարանը՝ Փաշինյանի կառավարության հետ, դարձավ հայոց պետականության հերթական սպառնալիքը: 

Եվ թեպետ 2018թ. դեկտեմբերի 9-ին ընտրատեղամասերում բռնություններ եւ քվեատուփերում լցոնումներ չեղան, սակայն գործող Ազգային ժողովը ձեւավորվեց մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ՝ այդպես էլ փորձ չանելով դառնալ ներկայացուցչական հակակշիռ Նիկոլի անսանձ իշխանության համար: 

Ի սկզբանե ակնհայտ էր, որ 2018թ. ԱԺ-ն ձեւավորվելու էր հեղափոխական խանդավառության եւ նախկին՝ կոռումպացված իշխանությունների հանդեպ ատելության մեծ ալիքի վրա: Կարճ ժամանակ անց ակնհայտ դարձավ, որ հեղափոխությունը՝ ի դեմս նոր իշխանությունների, անհուսալի արդյունքներ է տվել: 

Մինչդեռ հայկական առաջին թավշյա հեղափոխության՝ ղարաբաղյան Շարժման ալիքի վրա ձեւավորված Գերագույն խորհուրդը՝ ՀԽՍՀ վերջին եւ ՀՀ առաջին խորհրդարանը, պատմական մեծ առաքելություն իրականացրեց՝ դնելով հայոց անկախ, ժողովրդավարական պետության հիմքերը, կռելով ղարաբաղյան հաղթանակները, ձեւավորելով եւ ամբարելով հայ նորօրյա քաղաքական միտքը եւ քաղաքական բարձր արժեքները՝ այդպես մնալով հայ ժողովրդի պատմության մեջ: Այն նվաճումները, որոնք կերտեց Գերագույն խորհուրդը, Փաշինյանի իշխանությունն անտարբերությամբ քամուն տվեց: 

Հայկական երկու հեղափոխությունների ալիքի վրա ձեւավորված ՀՀ առաջին եւ վերջին խորհրդարանների ամենապարզ համեմատությունն իսկ ի ցույց է դնում հայկական պառլամենտարիզմի սոսկալի անկումը: ՀՀ ԳԽ-ն ձեւավորվեց քաղաքական երկու հակադիր ուժերի՝ Կոմկուսի եւ Հայոց Համազգային Շարժման կողմից: Եվ եթե ղարաբաղյան Շարժումը՝ ի դեմս ՀՀՇ-ի, իշխանության եկավ երկու տարվա քաղաքական բուռն պայքարի արդյունքում, ապա Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանությունը վերցրեց Հայաստանի ճանապարհներով երկու շաբաթ քայլելուց հետո՝ քաղաքականության այբուբենն իսկ չուսանած: 

2018թ. ԱԺ ընտրություններից հետո հանրության մեծ մասի համար պարզ դարձավ, որ ազատ, արդար, օրինական ընտրությունները կարեւոր, սակայն միակ պայմանը չեն Հայաստանում քաղաքական փոփոխությունների իրականացման, քաղաքական դաշտի կայացման եւ պետականության ամրապնդման ճանապարհին: 

Եվ այսօր՝ Ղարաբաղի հանձնումից հետո, Հայաստանի Հանրապետության վտանգված տարածքային անձեռնմխելիության եւ երերուն ազգային անվտանգության այս դժնի պայմաններում, Հայաստանը դարձյալ կանգնած է արտահերթ ընտրությունների անցկացման անխուսափելիության առջեւ: Խնդիրն ավելի է բարդանում, իրավիճակը՝ սրվում նաեւ այն պատճառով, որ այս ընտրությունները պետք է անցկացնի Նիկոլ Փաշինյանը, որ դավադրաբար դրժել է իր բոլոր խոստումները: Հեղափոխությունից երեք տարի անց Հայաստանում դարձյալ «իրավիճակ է փոխվել» եւ փոխվել է դեպի վատթարը: Հայաստանում Փաշինյանին այժմ քչերն են վստահում: Եվ կասկածները, որ այս ընտրությունները կլինեն ազատ, արդար, օրինական, մեծանում են նույնքան, որքան աճում են Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի աթոռն ինքնամոռաց պահպանելու ձգտումները: 

Հայաստանում դարձյալ վառվում է ընտրությունների խարույկը, թեպետ դեռ անհայտ է, թե ազատ, արդար, օրինական ընտրությունների քամի՞ն կփչի, թե՞ դարձյալ հայկական ավանդական արատավոր ընտրությունների սամումը կմարի Հայաստանում քաղաքական փոփոխությունների եւ իշխանափոխության հույսերը: Ընտրությունները ներհայաստանյան բարդ իրավիճակը հաղթահարելու կարեւոր, սակայն միակ պայմանը չեն: Օրինական ընտրություններ անցկացնելու հետ միաժամանակ կարեւոր է, որ հանրության զգալի մեծ մասը գիտակցի, որ փոխկապակցված են օրինական ընտրությունները, Հայաստանի ինքնիշխանությունը եւ այն, թե ընտրությունների արդյունքում ովքեր են իշխանություն ձեւավորելու: Ի վերջո, այս ընտրությունները ոչ միայն ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղի են, այլեւ Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին իշխանությունից հեռացնելու եւ ամենակարեւորը՝ Փաշինյանի ազգակործան սխալներն ուղղելու՝ գուցե եւ վերջին ճանապարհը: 

Սա անցյալի եւ ներկայի ընտրություն չէ, այլ ընտրություն է Հայաստանի գոյության եւ չգոյության, հետագա պարտությունները կանխելու եւ հաղթանակի հնարավորությունների միջեւ: Հրկիզված կուսակցական դաշտի, բացակա քաղաքական մտքի, Հայաստանի ապագայի մասին քաղաքական ծրագրերի բացակայության պայմաններում սա գերբարդ ընտրություն է, բայց եւ՝ անխուսափելի: Չսխալվելը դժվար է, սակայն սխալվելու իրավունքն այլեւս սպառված է: