«Մեղայականի» դեժավյու
2008 թվականի նախագահական ընտրությանն ընդառաջ, 2007 թվականի հոկտեմբերին, 10 տարվա լռությունից հետո, ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը կազմակերպեց առաջին նախընտրական հանրահավաքը: Որպես ստաժավոր՝ «օխտը» տարվա ընդդիմադիր, առաջիններից մեկն էի, ով գնաց այդ հանրահավաքին: Մարդիկ ցանկանում էին ազատվել, այսպես կոչված, ղարաբաղյան կլանի իշխանությունից եւ այդ պատճառով պատրաստ էին ներել նրան «տերպետրոսյանական» ցուրտն ու մութը: Բայց ավելի գրագետները մի այլ բան էլ էին ցանկանում. նրանք ուզում էին լսել Տեր-Պետրոսյանի մեղայականը 1996 թվականի նախագահական ընտրությունների եւ հետընտրական դեպքերի առնչությամբ:
Բայց նման մեղայական չլսվեց ո՛չ առաջին եւ ո՛չ էլ որեւէ այլ հանրահավաքի ընթացքում: Արդեն չեմ հիշում, թե որ մեկին ինքը խոստովանեց, որ ժողովուրդն իրենից մեղայական է պահանջում: Եվ որպես այդպիսին՝ ներկայացրեց ոչ թե այն, ինչ սպասվում էր, այլ այն, ինչն այդ պահին մարդկանց այնքան էլ չէր հետաքրքրում: Հատկապես որ այդ հարցում ինքն իսկապես մեղք չուներ. խոսքը Ռոբերտ Քոչարյանին Լեռնային Ղարաբաղից Հայաստան բերելու մասին էր: Մեղք չուներ, քանի որ նման հարցերը լուծում էր ոչ թե ինքը, այլ՝ Վազգեն Սարգսյանը: Եվ 10 տարի առաջվա իրադրությանը ծանոթ ու քաղաքականությունից քչից-շատից հասկացող յուրաքանչյուր ոք դա գիտակցում էր: Ինչեւէ, Տեր-Պետրոսյանն իր պարտքը կատարած համարեց ու բավարարվեց դրանով: Եվ այդ կեղծ ներողությունն էլ ընդունելի համարվեց ներկաների կողմից: Համենայնդեպս, հարթակից ներքեւ դրա մասին այլեւս խոսակցություն չծագեց: Պատճառը «ղարաբաղցիների» նկատմամբ ատելության գեներացումն էր:
Ինչո՞ւ հիշեցի 15 տարվա դեպքը: Որովհետեւ դեժավյուի զգացում ապրեցի՝ լսելով 2021 թվականի ՀՀ կառավարության ծրագրի կատարողականի հաշվետվությունը: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից կարճ ներկայացվեց մեկ-երկու տվյալ՝ չմոռանալով ինքնափիառվելու մասին: Օրինակ, որ ոչ մի կառավարություն այնքան գումար չի ներդրել Արցախում, որքան իրենք։ Իսկ իրեն, չգիտես ինչու, մեղադրում են Արցախը մոռանալու մեջ: Քանի որ ինքը հիպերազնիվ (բաղադրության առաջին մասն ընդօրինակված է իր խոսքից) անձնավորություն է, ապա, ենթադրաբար, մոռացավ նշել, որ նախորդների դեպքում Արցախն այն վիճակում երբեք չի եղել, ինչը տեղի ունեցավ իր վարչապետության օրոք եւ հենց իր պատճառով:
Ինչեւէ, կարճ կապելով այն, ինչի պատճառով եկել էր Ազգային ժողով, Փաշինյան Նիկոլն անցավ, իր իսկ բառերով ասած, խոստովանությունների: Եվ հենց այդ պահն էր, որ ինձ հիշեցրեց վաղուց անցած-գնացած տերպետրոսյանական մեղայականը: Փաշինյան Նիկոլինը, բնականաբար, վերաբերում էր 2020 թվականի պատերազմին եւ իր «գերագույն գլխավոր հրամանատարությամբ» խայտառակ պարտությանը: Անկեղծ, որեւէ նոր բան չլսվեց, բայց դե: Ասվեց, որ ինքը մեղավոր է, որ Ադրբեջանի պահանջած 7 շրջանները չէր հանձնել առանց պատերազմի եւ կանխել բազմահազար զոհերի առաջանալը: Որովհետեւ այլ տարբերակ չկար, ու միջազգային հանրությունն էլ էր նույնը պահանջում:
Քանի որ մեղայականը հնչում էր այդ թեմայի հետ բացարձակ առնչություն չունեցող հաշվետվության կապակցությամբ, ապա դա նշանակում է, որ ինքն իսկապես իրեն մեղավոր է զգում պարտության համար: Եվ անընդհատ փորձում է մեղքը պոկել իրենից ու գցել այլոց գրպանը: Եվ եթե նախկինում հիմնական մեղավորի դերում մատնացույց էր անում նախկիններին կամ զինվորականներին, ապա այս անգամ կենտրոնացավ ընդամենը միջազգային հանրության վրա: Եվ կրկնեց, որ ինքն իրեն մեղավոր է զգում ոչ թե հողերը տալու հարցում, ինչում մեղադրվում է ընդդիմության կողմից, այլ հենց չտալու մեջ: Այնուհետեւ գնաց երկար մի դասախոսություն, թե ինչու հնարավոր չէր կատարել կամ չկատարել Ադրբեջանի եւ միջազգային հանրության պահանջը: Ինչն արդեն վաղուց ասվել, լսվել, քննադատվել է: Ով որ որոշակի գրագիտություն ունի այդ հարցում, ասվածը ոչինչ չի փոխում նրա ընկալումներում: Իսկ ում դեպքում գործում է բանականությանը ոչ հարիր՝ «մեր Նիկոլը ճիշտ է՝ ինչ էլ ասի» մտածողությունը, ապա այդ առումով եւս ոչինչ չէր ավելացվելու, քանի որ այդ հատվածի համար մանրամասներն էական չեն:
Մի խոսքով, հերթական մանիպուլյացիան ու հերթական հակամեղայականը, իսկ այնուհետեւ նախկիններին քարկոծելու եւ նրան պաշտպանելու՝ ուսապարկային հարցերն ու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի պատասխանները:
ՀԳ. Առաջին հայացքից թեմայի հետ որեւէ կապ չունեցող մի տեղեկատվություն. Ուկրաինայում ձերբակալվել է պրոռուսական հայացքներով հայտնի քաղաքական գործիչ, գործող իշխանությանն ընդդիմադիր Վիկտոր Մեդվեդչուկը: Ձերբակալման պատճառը, ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, 67-ամյա անձնավորության կողմից ռազմական քողարկման համազգեստ կրելն էր, ինչի կիրառումը ցինիկ է համարվել: Ստացվում է, որ մտածողության խնդիր ունենալը հատուկ է բոլոր հեղափոխական իշխանություններին:
Կարծիքներ