Արդյոք Ռոբերտ Քոչարյանը քաղաքական «թայմ աո՞ւթ» է վերցնում

Արդյոք Ռոբերտ Քոչարյանը քաղաքական «թայմ աո՞ւթ» է վերցնում

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի երկարամյա ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մարտ ամսին հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին նա ինքն է հայտարարել News.am-ին տված հարցազրույցում։ Հարցազրույցում ասել է, որ առաջիկայում ավելի շատ գտնվելու է Հայաստանից դուրս, մեծ նախագծեր է իրականացնելու, նաեւ բազմասերիանոց ֆիլմեր է նկարելու, ինչի մասին «Հրապարակը» ժամանակին գրել էր, ուստի զուտ զբաղվածությունից ելնելով է նման որոշում կայացրել` ոչ մի կոնֆլիկտ իր եւ ղեկավարի միջեւ չկա։
Ընդ որում, նախկինում նա հերքում էր նմանատիպ լուրերը եւ անգամ անցյալ տարվա աշնանը կամ ամռան վերջին պնդում էր, որ նման ցանկություն ու մտադրություն չունի:

Սողոմոնյանի՝ 18 տարի շարունակ նախագահ Քոչարյանի գրասենյակը ղեկավարելուց հետո հեռանալը, իհարկե, չափազանց հետաքրքիր է, հատկապես, երբ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սողոմոնյանը երկրորդ նախագահի ամենահավատարիմ կադրերից էր, թերեւս, ով նրա կողքին եղավ վերջինիս համար բավական բարդ՝ բանտային փուլում։ Ու քանի որ նման կադր է հեռանում թիմից, բնականաբար, ենթադրելի է, որ այդ հեռացումը պատահական չէ։ Ավելին, եթե ուշադիր հետեւենք խորհրդարանական ընդդիմության, այսպես ասած, քոչարյանական թեւին, ապա վերջինս, սկսած երկրորդ նախագահից, բավականին պասիվ կեցվածք է որդեգրել եւ ներքաղաքական կյանքում իր ներգրավվածությունը հասցրել է նվազագույն նիշի: Եվ այդ նվազումը սկսվել է 2021-ի արտահերթ ընտրությունների ավարտից անմիջապես հետո, երբ աշնանը ՏԻՄ ընտրություններին մասնակցություն չունեցան, ապա իշխանափոխության անհաջող փորձից հետո ավելի նահանջեցին, եւ այժմ քոչարյանականների գործունեությունը հանգել է իրենց գործընկերների դեմ հարուցված ապօրինի քրեական գործերի դեմ պայքար ծավալելուն:

Ինչով է այս ընթացքը պայմանավորված` դժվար է ասել, սակայն նկատենք, որ նույնիսկ երկրորդ նախագահի ազդեցության ոլորտում եղած մեդիա ռեսուրսներում կան որոշակի կադրային «օպտիմալացումներ», պասիվացում, ինչը մասամբ գուցե ֆինանսական աջակցության նվազեցմամբ է պայմանավորված, մասամբ` պայքարի անիմաստությամբ եւ հոգնածությամբ։ Ասել է թե՝ երկրորդ նախագահը քաղաքական առումով կարծես թե «թայմ աութ» է վերցնում։ Չենք ուզենա դավադրապաշտական ինչ-որ տեսության տրվել, բայց չի բացառվում, որ դա կապված է որոշակի արտաքին եւ հատկապես՝ Ռուսաստանից բխող ազդակների հետ։

Ի վերջո, չմոռանանք, որ Ռուսաստանն այժմ ամբողջապես կլանված է ուկրաինական պատերազմով եւ, մեղմ ասած, ո՛չ ժամանակ ունի, ո՛չ ցանկություն եւ ո՛չ էլ հնարավորություն՝ զբաղվելու «հայկական գործերով» եւ փորձում է Ուկրաինայում իր եփած «բորշչն» ուտել ու մարսել, որքան կարողանում է։