Փաշինյանը ևս մի պատերազմ պարտք է Ալիևին

Փաշինյանը ևս մի պատերազմ պարտք է Ալիևին

Վերջին սոցիոլոգիական հարցումները ցուց են տվել, որ հասարակության  86,1 տոկոսը «ոչ» է ասել Արցախն Ադրբեջանի կազմում լինելու գաղափարին։ Վիճակագրության վրա կենտրոնանալու փոխարեն փորձենք  վիճակագրության արդյունքներով հասկանալ, թե իշխանությունը, որ հանդես է գալիս ժողովրդի անունից, ինչքանո՞վ է արտահայտում նրա ձայնը։ Հատկապես վերջին տասնամյակներում Արցախի շուրջ է ՀՀ իշխանությունը ձևավորվել։ Ոչ մեկն այս հարցի շուրջ չի վիճի։ Այսինքն հասարակությունը ղեկավար է ընտրել՝ առաջին հերթին հաշվի առնելով, թե նա քաղաքական  ինչ դիրքորոշում ունի Արցախի շուրջ։ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» ու ընդդիմադիրի կեցվածքով դրանից առաջ արված  արցախահաճո հայտարարությունները արվել են իշխանության գալու, իսկ դրանից հետո  իշխանությունը ամրապնդելու համար։ Ինչու՞ էր նա իշխանության գալուց հետո  կոկորդ ճղում, թե «Արցախը Հայաստան է և վերջ»։

Պարզ նպատակով։ Որպեսզի շահի հասարակության լիակատար վստահությունը։ Եթե հասարակությունը նրան չվստահեր, նա չէր կարող իրագործել այն դիվային ծրագիրը, որն իրագործում է։ Դրան զուգընթաց նա հասարակության ուշադրությունը շեղել է Արցախից ու կենտրոնացրել նախկիններին մերժելու ու ժողովրդի ատելությունը գեներալացնելու ուղղությամբ։ Վերջին սոցիոլոգիական հարցումը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի այն վստահությունը, հասարակության մանդատը, որպեսզի կարողանա անաղմուկ Արցախը մտցնել Ադրբեջանի կազմ։ Նորից եմ հիշեցնում, որ Արցախի հարցն է որոշիչ, թե ում պետք է վստահվի Հայաստանի ղեկը։ ՀՀ ժողովուրդը դա լավ հասկանում է։ Փաշինյանը, ինչպես նաև նրա տերերը փորձում են մի վերջին ճիգով կոտրել Արցախը, Հայաստանը, պառակտել հասարակությանը, նորից նախկիններին բռնելու «մուկ ու կատու խաղով» շրջիկ թատրոններ տալ, բայց նրանք հասկանում են, որ Փաշինյանը վիճակագրության այս  տվյալներով ավելին անել չի կարող։ Դա հասկանում է նաև Ադրբեջանը։ Ադրբեջանի լռության ժամկետը սպառվում է։ Այն, ինչ չի կարող անել Փաշինյանը, պատերազմով կանեն։ Փաշինյանը շատ հարմար, փորձված թեկնածու է՝ երկրորդ պատերազմը շահելու համար։ Նա ևս մի պատերազմ է պարտք Ադրբեջանին։ 

Նրա քայլերը հուշում են, որ ինքը ադրբեջանական պատերազմից պաշտպանվելու   փոխարեն «պատերազմ է մղում սեփական երկրում», իր երկրի ռազմական դիրքերը հանձնում է թշնամուն։ Զբաղված է միայն սեփական անվտանգությամբ։ Խաղաղության օրակարգով քնեցնում է ժողովրդին ու ժամանակը, որ պիտի ծախսի դաշնակիցներ փնտրելու, զինվելու՝ անիմաստ շրջապտույտներ է կատարում։ Այսօր Ադրբեջանը խառնվում է Հայաստանի ներքին կյանքին ու դժվար չէ կռահել, որ ներքին կյանքին խառնվելու համար թույլտվություն է պետք։ Փաշինյանը, ինչպես 44- օրյա պատերազմի մասին էր տեղյակ, այսօր է տեղյակ է, որ Արցախին ու  Հայաստանին սպասվում է նոր արհավիրք։ Նա հայտարարել է, որ Արցախում ցեղասպանություն է սպասվում։

Այն, ինչ ժամանակին հանձնվել է պատերազմով, մյուս մասը կլուծի նոր պատերազմով։ Խաղաղության օրակարգը կեղծ է, որովհետև խաղաղության օրակարգով ինքնիշխան պետության մարտական դիրքեր չեն հանձնում, զինվորականությանը նսեմացնելով ու արատավորելով չեն զբաղվում։