Օտարի վճռական հայտարարություններով երկիր չեն պաշտպանում 

Օտարի վճռական հայտարարություններով երկիր չեն պաշտպանում 

Քանի գնում, այնքան բարդանում է իրավիճակն Արցախում եւ որևէ ձևով չի բարելավվում Հայաստանի արևելյան սահմանին: Ընդհակառակը, ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում արևմտյան սահմանին: Արտաքին վտանգին դիմակայելու հիմնական գործոններից մեկը ցանկացած երկրում ազգաբնակչության համախմբվածությունն է: Դա աքսիոմա է, ինչն ապացուցման կարիք չի զգում: Այն ապացուցված է թե՛ մեր և թե՛ բազմաթիվ այլ ժողովուրդների պատմության օրինակներով: Համախմբման հիմնական կրողի դերում էլ հանդես է գալիս իշխանությունը: Իսկ եթե իշխանությունը դեմ է գնում այդ պարզ ճշմարտությանը, ապա դա անդրադառնում է պետության ճակատագրի վրա: 

Այժմ ներկայացնեմ տեղեկատվական մի քանի, իրենց էությամբ վտանգավոր պատառիկներ: Սկսեմ մեր թշնամու՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրություններից: Ահա դրանցից մեկը. այդ կառույցն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը «չարաշահելու» փորձերը. «Անհրաժեշտ է վերջ տալ գործընթացին տարբեր պատրվակներով հայկական կողմի միջամտությանը, ինչպես նաև ապակառուցողական ձևով խոչընդոտելուն»: Երկրորդ մեջբերումը՝ «Մենք կտրականապես հերքում ենք հունիսի 22-ին կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած անհեթեթ մտքերն այն մասին, թե Ադրբեջանն ապօրինի կերպով շրջափակում է իրականացրել Լաչինի ճանապարհին՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման»։ Խնդրեմ երրորդը՝ «Ղարաբաղի հայ բնակիչների հետ երկխոսության և այդ շրջանակներում նրանց իրավունքների և անվտանգության խնդիրների լուծման կոչերի ու միջազգային մեխանիզմի կիրառման հետ կապված՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ԼՂ հայ բնակիչների հետ երկխոսությունը, ինչպես նաև ադրբեջանական օրենսդրության շրջանակներում Ադրբեջանի տարածքում բնակվող անձանց իրավունքների ու ազատությունների ապահովման հարցը Ադրբեջանի ներքին գործն է»:
Ինչպես երևում է, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելը և Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ենթադրում է հենց այն հռետորաբանությունը, որն առկա է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարություններում: Ինչը որ չի գիտակցվում ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձի և նրա կամակատարների կողմից:

Անցնենք թշնամու իրավապահ համակարգին: Այդ երկրի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ ավարտել և ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել «հայկական դիվերսիոն խմբի»՝ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործը: Մեր զինծառայողները մեդադրվում են հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով: Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն ադրբեջանական զինված խմբի կողմից առևանգվել էին մեր տարածքից: Երբ մարտական հենակետեր բեռնատար մեքենայով սնունդ ու ջուր էին փոխադրում:

Նպատակը, ենթադրաբար, Հայաստանում ավելի վաղ ձերբակալված և վերջերս ազատազրկման դատապարտված (մեկը՝ 12, մյուսը 20 տարով) ադրբեջանցի երկու զինծառայողների հետ հետագայում փոխանակելն է: Կամ էլ, եթե այդ փոխանակումը տեղի չունենա, Հայաստանի ղեկավարությանը դաս տալը, որպեսզի չհամարձակվի ձերբակալել իր տարածք ներթափանցած թշնամուն: Իսկ ադրբեջանցի երկու զինվորները «հերոսանալու» նպատակով թափանցել էին Սյունիք, և դրանցից մեկն էլ մարդ էր սպանել այստեղ: Դրանց դատապարտումից հետո Հայաստանի տարածքից առևանգված երկու զինծառայողների «գործի» նոր մանրամասներ են ի հայտ եկել չեղած տեղից. չգոյությունից հայտնվել են տվյալ «գործով» տուժած 4 ադրբեջանցիներ:

Անցնենք Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Ոչ հեռավոր ապագայում, երբ Հայաստանն ազատագրված կլինի Նիկոլի բռանպետական վարչակազմից և պատասխան կպահանջի թշնամի երկրի ղեկավարությունից, ՊՆ Զաքիր Հասանովի վերջին ելույթի՝ այստեղ ներկայացված մասը կներառվի մեղադրական եզրակացության հիմքում: Ահա այն. «2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական բանակը պայմանական պետական սահմանին իրականացրել է մոտավորապես վեց խոշոր գործողություններ, որոնց արդյունքում հայկական բանակը մեծ կորուստներ է կրել ինչպես կենդանի ուժով, այնպես էլ տեխնիկայով։ Միաժամանակ Ադրբեջանը գրավեց ռազմավարական բարձունքներ։ Ներկայումս, ունենալով նման ռազմավարական առավելություն, մենք այնտեղ ստեղծել ենք շատ հզոր հակակրակային համակարգ։ Սա ներառում է բուն Հայաստանի ներսում մատակարարման բոլոր ռազմավարական ուղիների և զորքերի տեղաշարժերի վրա ազդելու հնարավորությունը»:  

Իսկ հիմա այն, ինչ տեղի է ունենում Արցախի այս կամ այն հատվածում: Չբավարարվելով (իսկ ինչո՞ւ պիտի բավարարվի որ) շրջափակմամբ՝ թշնամին անընդհատ ստեղծում է արցախցիների կյանքի և անվտանգության նոր սպառնալիքներ: Համարյա թե ամեն օր արբեջանական մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ: Գյուղացիները չեն վնասվում, սակայն աշխատանքները դադարեցվում են: Իսկ դա այն է, ինչ նպատակով որ իրականացվում են կրակոցները: Եվ, ինչպես միշտ, այդ դեպքերի առումով հաղորդումները փոխանցվում են ռուսական խաղաղապահ զորակազմին: Իսկ ռուսական խաղաղապահ զորակազմն էլ, բնականաբար, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքով պայմանավորված՝ չի սանձահարում ադրբեջանական ագրեսիվ նկրտումները: 

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը: Խնդրեմ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան միկրոբլոգի գրառումը.

«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում ուժի կիրառումը զսպելուն և կայունության ամրապնդմանն ուղղված վճռական հայտարարությունները, որոնք հնչել են  ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության թեմայով լսումների ժամանակ: Դա արդյունավետ է բանակցությունների նախաշեմին»:

Այնինչ, բանակցությունների նախաշեմին արդյունավետ է ոչ թե ԱՄն-ում հնչած վճռական հայտարարությունների առկայությունը, այլ Բաքվի ագրեսիաները սանձահարելու կարողությունը: Մի բան, որ չի գիտակցվում այստեղ: Չի գիտակցվում նաև այն, որ ագրեսորին խեղճացնում են ոչ թե օտարի վճռական հայտարարություններով, այլ սեփակլան բանակի ոգին բարձրացնելով: Իսկ այն, ինչ կատարվում է ՀՀ Ազգային ժողովում, երբ ճամբարափոխ նիկոլական երիտասարդն Արցախյան հաղթական պատերազմի հերոս (իր հոր տարիքի) հրամանատարներից մեկին ինքնավստահ թատերայնությամբ հրամայում է պապանձվել, վստահաբար չի նպաստում զինվորների ոգին բարձրացնելուն: Էլ չեմ խոսում համապատասխան սպառազինություն ձեռք բերելու անհրաժեշտության և մնացած գործոնների մասին: