Այն երկրները, որոնք ունեն միջուկային զենք, քանդելը շատ դժվար է, գրեթե անհնար

Այն երկրները, որոնք ունեն միջուկային զենք, քանդելը շատ դժվար է, գրեթե անհնար

 «Վագներ» ՄՌԿ հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մեկօրյա բունտը ցնցեց աշխարհը։ Պուտինն այն անվանեց թիկունքից հարված, ինքը՝ բունտի կազմակերպիչը արձագանքեց․ «Մենք մեր հայրենիքի հայրենասերներն ենք, «Վագների» բոլոր մարտիկները կռվել են և կռվում ենք։ Եվ ոչ ոք չի պատրաստվում նախագահի, ԱԴԾ-ի, Անվտանգության դաշնային ծառայության կամ որևէ մեկի խնդրանքով հանձնվել, որովհետեւ մենք չենք ուզում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ․․․․ ինքնաթիռներով ու ուղղաթիռներով խփում են այն շարասյուններին, որտեղ քայլում են խաղաղ բնակիչները, խփում են ցանկացած տեղ։ Մենք հայրենասերներ ենք, իսկ մեզ այսօր ընդդիմացողները տականքների շուրջ հավաքվածներ են»։ Եվգենի Պրիգոժինն իր զինյալների հետ քայլում էր դեպի Մոսկվա եւ 200 կիլոմետրից պակաս տարածք էր մնում՝ երբ բանակցություններին միացավ Բելառուսի նախագահը եւ կարողացան համոզել նրան, որ հետ կանգնի Մոսկվա մտնելու մտադրությունից ու հեռանա այդ տարածքից։ Հիշեցնենք, որ նրա պահանջն էր Ռուսաստանի ռազմական ղեկավարության հրաժարականը: Ինչ ցույց տվեցին այս դեպքերը մեզ եւ ինչպես կարող են անդրադառնալ Հայաստանի ու Արցախի վրա։

Զրուցել ենք քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

- Շատերն արդեն Ռուսաստանի «մահախոսականն» էին կարդում, Պուտինի հեռացումն էին տոնում, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, իրավիճակը հարթվեց:

- Ընհանուր առմամբ կարելի է ասել, որ Պրիգոժինը զբաղված էր Աֆրիկայում Ռուսաստանի պետական շահերը սպասարկելով` ոչ պաշտոնական մակարդակով, որովհետև Ռուսաստանն Աֆրիկայում չունի զորք: Դա ընդհանուր պրակտիկա է, որը կիրառում էին, օրինակ` ԱՄՆ-ում: Ռուս-ուկրաինական պատերազմը որոշ փոփոխություններ արձանագրեց: Ցանկացած պատերազմում, երբ ուժ ես ցույց տալիս, ստանում ես առավելություն: Հասկանալի պատճառներով Պրիգոժինը հակասություններ ունի Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ, ինչն էլ այս լարվածության առիթը դարձավ: Այդ հակասությունը միշտ է եղել նրանց միջև:

- Այսինքն` տեղի ունեցածը զուտ ներքին հակասությունների՞ արդյունք էր:

- Այո, ներքին հակասություններ կային, սակայն զուգահեռաբար պետք է ասել, որ Պրիգոժինը ոչ այնքան հավասարակշռված մարդ է: Նա կարծում էր, թե իր վարկանիշը Ռուսաստանում խիստ բարձացել է, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Ռուսական բանակում, այո, իր վարկանիշը բարձր է, որովհետև մեծ հաջողություններ է արձանագրել: Սակայն նա հաշվի չէր առել, որ լայն հասարակությունն իրեն չի ճանաչում: Իրեն հիմանականում վերնախավն է ճանաչում:

- RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պնդում է, որ Պրիգոժինը ղեկավարվում է Միացյալ Նահանգների կողմից, նրա քայլերը հրահանգվել են հենց ԱՄՆ-ից:

- Անհեթեթություն է, զառանցանք: Դավադրությունների տեսությունը պետք է մի կողմ դնել: Պարզապես Պրիգոժինը բավականին անհավասարակշիռ անձնավորություն է, այդքան բան: Նրա կարծիքով` պատերազմում ունեցած հաջողությունները կարող է բանեցնել նաև երկրի կառավարման համակարգում: Այդ հաշվարկները, մեղմ ասած, ճիշտ հաշվարկված չէին: Ռուսաստանին սա մեծ հարված էր: Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի արձագանքին, ապա բնական է, որ նա այդ շանտաժներին չէր ենթարկվելու: Օբյեկտիվորեն կարող ենք դիտարկել, որ Ռուսաստանը որոշակի հարված ստացավ, սակայն ասել, թե Ռուսաստանը փլուզվում է, ծիծաղելի է ուղղակի: Այն երկրները, որոնք ունեն միջուկային զենք, քանդելը շատ դժվար է, գրեթե անհնար, քանզի դա կարող է վտանգ ներկայացնել ողջ աշխարհի համար:

- Պուտինյան ռեժիմն ունի՞ երաշխիքներ, որ նմանատիպ դեպքերը չեն կրկնվի՝ ավելի վատ ավարտով:

- Ոչ մի երկիր էլ չունի նման երաշխիք: Ցանկացած երկրում էլ կարող է նման իրավիճակ ստեղծվել: Վրաստանում էլ են նման դեպքեր եղել, Ադրբեջանում էլ: Մեզ մոտ էլ եղան նման իրավիճակներ, Թուրքիայում ևս: ԱՄՆ-ում էլ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հարձակվել էին Կոնգրեսի շենքի վրա ու ի՞նչ: Ի՞նչ տեղի ունեցավ: