Հակառուսականությամբ Փաշինյանն Արեւմուտքին խնդրում է իրեն գարանտ կանգնել

Հակառուսականությամբ Փաշինյանն Արեւմուտքին խնդրում է իրեն գարանտ կանգնել

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ոչ մի ուժային կենտրոնի մոտ  վստահություն չունի, այսինքն՝ Արեւմուտքի համար եւս ինքը վստահելի չէ․ անդրադառնալով Եվրամիության հետ համագործակցության մասին Փաշինյանի հայտարարություններին՝ ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Իր հայտարարություններով Փաշինյանը փորձում է ԵՄ վստահությանն արժանանալ, բայց, միեւնույն ժամանակ, Արեւմուտքը տեսնում է, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը հակաժողովրդավարական է, նա արցախցիների վերադարձի հարցով չի զբաղվում, իսկ երկիրը թաղվել է կոռուպցիայի մեջ, այս ամենը նրան զրկում է լեգիտիմությունից։ 

«Ոչ լեգիտիմ մարդուն պաշտպանելն այդքան էլ հեշտ գործ չէ, թեեւ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության բովանդակությունը, հատկապես այն բաղադրիչը, որը վերաբերում է Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից հանելու փորձերին, տեղավորվում է Արեւմուտքի շահերի ծիրում, բայց դա անելը Նիկոլ Փաշինյան գործչով, հաշվի առնելով նրա լեգիտիմության կորուստը, նրա հակաժողովրդական ու հակաժողովրդավարական էությունը, Արեւմուտքի մոտ անվստահություն է առաջացնում։ Եվ պատահական չէ, որ երբեմն-երբեմն լուրեր են շրջանառվում Փաշինյանին մեկ այլ անձով փոխարինելու մասին։ Տրվում է, օրինակ, իր ոճով, բառապաշարով Արեւմուտքի համար շատ ավելի հասկանալի կամ ընդունելի Արմեն Գրիգորյանի անունը։ Այդպիսի հանգամանքներ կան, ու նաեւ դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը կտրուկ ուժեղացրել է իր հակառուսական հռետորիկան՝ դրանով փորձելով ցույց տալ նվիրվածությունն ու հավատարմությունն Արեւմուտքին՝ Հայաստանի եվրոպական տեսլականին, այսպես ասած»,- շեշտեց Սողոմոնյանը։

Դրանով է պայմանավորված, որ իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ Փաշինյանը մեղադրանքներ շաղ տվեց Ռուսաստանի ուղղությամբ։ Հարցին, թե արդյոք Արցախի հնարավորինս արագ հայաթափմամբ շահագրգռված երրորդ երկիրը, որ, Փաշինյանի խոսքերով, հեղափոխության փորձ էր ուզում հրահրել Հայաստանում, Ռուսաստա՞նն էր, Սողոմոնյանն ասաց, որ, բնականաբար, Փաշինյանը ո՛չ Իրանին նկատի ուներ, ո՛չ Վրաստանին, ո՛չ Չինաստանին, այլ՝ Ռուսաստանին։ Եվ այնպես չէ, որ Փաշինյանի այդ ակնարկը դժվար հասկանալի էր, այնպես չէ, որ նա առաջին անգամ է Ռուսաստանին մեղադրում իշխանափոխության փորձերի մեջ։

«Ինքն այդ մասին բացահայտ ասել է նաեւ France 24-ին տված հարցազրույցի ժամանակ՝ Ֆրանսիայից զենք առնելու թեմայով զրուցելու ժամանակ։ Ամբողջ խնդիրն այն է, որ արդեն իսկ քաղաքական մեղադրանքից Նիկոլ Փաշինյանն անցնում է իրավական մեղադրանքների։ Նա, լինելով Հայաստանի գործող վարչապետը, Ռուսաստանին մեղադրում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտման հարցում՝ պետությունների ինքնիշխանությանը, պետությունների ներքին գործերին չմիջամտելու հիմնարար սկզբունքը խախտելու հարցում։ Սա մենք ընդհանուր հակառուսականության գծի մեջ ենք տեսնում, բայց ամեն անգամ, ժամանակ առ ժամանակ իր խոսքի շեշտադրումները մի մակարդակ բարձրացնում են այդ հակառուսականության դրսեւորումները, եւ մենք նաեւ տեսնում ենք դեռեւս խոսքային համարժեք պատասխաններ Մոսկվայից»,- ասաց «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր-անդամը։

Միեւնույն ժամանակ, Փաշինյանն այս աղետի պատասխանատվության բեռն իր վրայից գցելու հարցն է լուծում՝ մեղավոր է գտնում։ 2020 թվականի պատերազմից հետո հիմնականում նախկինների քննադատությունն էր գնում՝ նախկիններն են մեղավոր, բանակն է մեղավոր՝ բանակին էր ուղղում քննադատության սլաքները, հետո՝ Արցախի իշխանություններն էին մեղավոր, հիմա՝ Ռուսաստանը։ Եթե ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ Փաշինյանը փորձում է կապ ստեղծել Ռուսաստանի մեղսակցության՝ իր գնահատմամբ, եւ Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի հայտարարությունների միջեւ, թե իբր Հայաստանին արհավիրքներ են սպասվում, ուստի այդ արհավիրքներն անխուսափելի էին, եւ դրանում մեղադրում է Ռուսաստանին, թե իբր այդ արհավիրքները հենց Ռուսաստանն էլ նախապատրաստել է։

«Ծանր հարված է նա հասցնում Հայաստանի անվտանգությանը, ծանր հարված է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։ Եվ պատահական չէր ռուսական կողմի անդրադարձը, որ անդառնալի հետեւանքներ են ունենում։ Սա իր իշխանությունը պահելու, Արեւմուտքից իր իշխանությանը գարանտ կանգնելու խնդրանք է, որ իրեն երաշխավոր կանգնեն, ու դա այդ ակնկալիքների դիմաց Հայաստանի Հանրապետության շահերը, հայ ժողովրդի կենսական շահերը, անվտանգությունը, Արցախի հարցը, այս ամեն ինչը զոհելու դրսեւորում է հանդիսանում»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը։