«Վալլեքս գրուպը» նոր առաջարկ է արել կառավարությանը

«Վալլեքս գրուպը» նոր առաջարկ է արել կառավարությանը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի պարապուրդի մատնված աշխատակիցները վճռական են տրամադրված։ Երեկ մինչեւ օրվա վերջ Երեւան-Թբիլիսի երկաթգծի ճանապարհը փակ էր։ Մարդիկ որոշել են ամբողջ գիշեր տուն չգնալ՝ շարունակելով ակցիան։ Նրանք պահանջում են, որ գործարանն աշխատի։ Մեր տեղեկություններով, փետրվարի 12-ին «Վալլեքս գրուպ» ընկերությունը նոր առաջարկ է արել կառավարությանը, որը ներկայում քննարկվում է։ Այս մասին մեզ հայտնեց մարզպետարանին մոտ աղբյուրը։ Լոռվա մարզպետն էլ նշեց, որ առաջարկի մանրամասներին ծանոթ չէ։

Ուրբաթ նախատեսված է եռակողմ հանդիպում կառավարության, «Վալլեքս» խմբի եւ ՎՏԲ բանկի միջեւ, որի ընթացքում քննարկվելու է պղնձաձուլարանի վերագործարկման հարցը։ Այս տեղեկությունը հաստատեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Երեկ ցուցարարների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կասկած է հայտնել, թե իրենց ակցիաներն ուղղորդում են Վալերի Մեջլումյանի մարդիկ։ Նրան հակադարձել են, որ աշխատակիցների համար միեւնույն է, թե ով կկարողանա վերագործարկել արդեն մեկ տարուց ավելի կանգնած գործարանը, եւ որ իրենց աշխատանք է պետք։ 

Ամեն դեպքում, անկախ կառավարության դիրքորոշումից, որոշիչը լինելու է գործարանի սեփականատեր ՎՏԲ բանկի կողմից, որը գործարանին տիրացել է նախկին տիրոջ՝ «Վալլեքս գրուպ»-ի կուտակած 380 մլն դոլար պարտքի դիմաց։ Անցյալ տարեվերջին գործարանն ուզում էր հավատարմագրային կառավարման վերցնել «Русская Медная Компания» հոլդինգը, սակայն ղեկավարման հարցերում անհամաձայնություն ծագեց ռուսական ընկերության եւ բանկի միջեւ, եւ գործարքը չկայացավ։ Ցուցարարների շրջանում կասկածներ են տարածվում, որ ռուսական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի հայկական գործարանը չաշխատի, եւ որ հարցը քաղաքական է։

Ալավերդու եւ հարակից գյուղերի բնակիչները նույնիսկ քննարկել են ՌԴ նախագահ Պուտինին նամակով դիմելու տարբերակը, սակայն շատ արագ որոշել են, որ նախաձեռնությունն այս նվաստացուցիչ է Հայաստանի համար, եւ հրաժարվել են Պուտինին նամակ գրելու մտքից։ Հիշեցնենք, որ «Վալլեքս գրուպը» նախկինում էլ ՎՏԲ-ին առաջարկներ արել է։ Մասնավորապես, վճարելով պարտքից 110 մլն դոլար՝ խնդրել է նոր վարկային պայմանագիր կնքել՝ 200 մլն դոլարի, սակայն բանկը չի համաձայնել։