Ողորմություն չեմ խնդրում

Ողորմություն չեմ խնդրում

Մեր ընթերցողներից մեկը՝ Նոր Հաճնի բնակիչ, զանգահարեց խմբագրություն եւ մի փոքրիկ պատմություն արեց։ Նա տեւական ժամանակ է՝ ծանր հիվանդություն ունի եւ դիալեզի պարբերական անհրաժեշտություն, ուստի Նոր Հաճնից հասնում է Երեւան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, ստանում դիալեզը, նորից վերադառնում։ Ճիշտ է՝ դիալեզը պետպատվերով է իրականացվում, որի դիմաց հիվանդը ոչինչ չի վճարում, բայց առողջական վիճակն ապահովելու համար տարբեր դեղորայքի եւ բուժման կարիք կա, որոնցով պետությունը չի ապահովում։ Արդյունքում ստացվում է, որ անապահով անձը Նոր Հաճն-Երեւան ճանապարհի եւ լրացուցիչ բուժման վրա հսկայական գումարներ է ծախսում։

Մեզ զանգահարող կինը շեշտում է, որ ինքը պատվախնդիր մարդ է՝ երբեք որեւէ մեկի օգնությանը չի դիմել եւ ոչինչ չի խնդրել։ Սակայն հիմա հայտնվել է ծանր կացության մեջ եւ մտածել է, որ նաեւ իր մասնակցությամբ իշխանության (նա ակտիվ հեղափոխականներից է) եկած երիտասարդ իշխանավորները մի բանով կօգնեն իրեն՝ ձեռք կմեկնեն։ Եվ անհարմար զգալով ու տվայտանքներով հանդերձ, մի դիմում է գրել՝ ուղղված Կոտայքի մարզպետին, եւ խնդրել նյութապես աջակցել իրեն։ Երկար ամիսներ ոչ մի պատասխան չի ստացվել, իսկ օրերս իրեն է զանգահարել մարզպետարանի մի աշխատակցուհի եւ աչքալուսանք տվել, որ իր դիմումը բավարարվել է՝ «մարզպետը կարգադրել է Ձեզ 15 հազար դրամ հատկացնել»։

Դիմումատուն հրաժարվել է չնչին գումարից՝ առաջարկելով մարզպետին տալ։ Նա զարմացած ու հիասթափված ասում էր․ «Միայն ճանապարհածախս՝ հիվանդանոց գնալու, ամսական 50 հազար դրամ է կազմում, 15 հազար ողորմությո՞ւն են տալիս»։