Կտրուկ ավելացել են կոմունալների վթարները

Կտրուկ ավելացել են կոմունալների վթարները

2023 թվականի դեկտեմբերին եւ 2024 թվականի հունվարին Ռուսաստանում առնվազն 557 կոմունալ վթար է տեղի ունեցել։ Բնակ-կոմունալ տնտեսության խափանումներն այս կամ այն կերպ վնասել են ոչ պակաս, քան երեք միլիոն մարդու։ Այս մասին են վկայում իրականացված ուսումնասիրության տվյալները։ Վթարներ տեղի են ունեցել 58 ռեգիոններում։ Ամենաշատ վթարները գրանցվել են Սվերդլովսկի մարզում։

Նովոսիբիրսկում եւ Մերձմոսկովյան Պոդոլսկում նույնիսկ կոմունալ վթարի պատճառով ժամանակավոր արտակարգ դրություն է հայտարարվել։ 2023 թվականին 2,5 անգամ ավելացել է կոմունալ վթարներից զոհերի թիվը՝ 56-ից հասնելով 139-ի։ Խողովակների պայթելու, եւ այլ խնդիրների պատճառով ընդհանուր առմամբ տուժել է մոտ 200 մարդ։ Այս ամենը, ըստ մասնագետների տեղի է ունենում այն պատճառով, որ ՌԴ ջեռուցման համակարգերի 30 տոկոսը եւ ջրամատակարարման համակարգերի 43,4 տոկոսը կարիք ունի փոխարինման։

Մյուս կողմից, համակարգված վերանորոգչական կամ փոխարինման աշխատանքներ չեն իրականացվում, ինչն էլ, ըստ մասնագետների, նման իրավիճակների պատճառ է դառնում։ Հատկապես այն բանից հետո, երբ ՌԴ-ում նկատելիորեն ավելացել է բնակարանային շինարարությունը, բնակկոմունալ տնտեսության ցանցի մաշվածությունը սկսել է ավելի նկատելի դառնալ, նշված է ուսումնասիրության մեջ։