Սաշիկ Սարգսյանը փողերը տվեց ու գնաց․ մեղադրյալներն անհավասար պայմաններում են

Սաշիկ Սարգսյանը փողերը տվեց ու գնաց․ մեղադրյալներն անհավասար պայմաններում են
Ալեքսանդր Սարգսյան

Օրերս համացանցով տարածվեց Իսպանիայի ռեստորաններից մեկում արված մի լուսանկար, որում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանն էր։

Նրա շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը պատասխանում է․ «Այդ լուսանկարը հպանցիկ եմ տեսել, հետաքրքրված չեմ, չեմ կարող ասել՝ ի՞նքն է, թե՞ ինքը չի»։ Նա չգիտի, թե որտեղ է իր պաշտպանյալը, եւ արդյոք Սերժ Սարգսյանի եղբորը, որը ստորագրություն է տվել երկրից չհեռանալու վերաբերյալ, քննիչները թո՞ւյլ են տվել մեկնել Հայաստանից։ 

ԱԱԾ-ից հայտնեցին, որ Ալեքսանդր Սարգսյանն ունի արտասահման մեկնելու թույլտվություն։ «Ալեքսանդր Սարգսյանը նախաքննության մարմնի թույլտվությամբ որոշակի ժամանակով մեկնել է արտերկիր»,- պատասխանեց ԱԱԾ մամուլի կենտրոնի տնօրեն Սամսոն Գալստյանը։ Սարյանի գծանկարների հափշտակության գործը հարուցվել էր 2018 թ․ հուլիսին, այն բանից հետո, երբ իրավապահները դրանք խուզարկությամբ հայտնաբերեցին Սարգսյանների՝ Թումանյան փողոցում գտնվող բնակարանում։ Այս ողջ ընթացքում նախաքննական մարմինը լուռ էր։ Քննությանը վերաբերող որեւէ կարեւոր տվյալ չէր հրապարակում։ Նույնիսկ տեղեկություններ էին շրջանառվում, որ Սաշիկ Սարգսյանը նաեւ այլ գործով է ներգրավված։ Փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հարցերին պատասխանելով՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Սաշիկ Սարգսյանը գումար է վերադարձրել պետությանը։ Հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով նա մուտք է արել մոտ 3 մլրդ 165 մլն դրամ, ինչպես նաեւ 19 մլն 600 հազար դոլար՝ հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով։ Սա եղել է Սարգսյանի նախաձեռնությամբ։ Փաստորեն, նա կատարել է Նիկոլ Փաշինյանի հարթակից հնչեցրած պահանջը՝ բանկում պահվող միլիոնները հետ տալու վերաբերյալ, եւ դրա դիմաց ստացել է իշխանությունների բարեհամբույր վերաբերմունքը։ 

Ստացվում է՝ խոշոր չափերի խարդախության համար մեղադրվողին որոշակի գումարի դիմաց թույլ են տվել մեկնել Իսպանիա՝ անտեսելով այն հանգամանքը, որ նա կարող է եւ չվերադառնալ, որ նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը, հուլիսից նույն քրեական գործով մեղադրյալ է, հետախուզման մեջ գտնվող։ Հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Նարեկը գտնվում է Եվրոպայում եւ չի ցանկանում հանձնվել ՀՀ քրեական հետապնդման մարմիններին։ Փաստորեն, Սաշիկ Սարգսյանին թույլ են տվել մեկնել արտասահման, որտեղ նա հանգիստ հանդիպելու է իր որդի Նարեկին, որը երկար ժամանակ թաքնվել է Ֆրանկլին Գոնսալես կեղծ անվան տակ։ Դեկտեմբերի սկզբին Նարեկը հայտնաբերվել է Չեխիայի իրավապահների կողմից, բայց, չգիտես ինչու, մինչ օրս չի արտահանձնվել։ Նա ավելի է ամրապնդել իր տեղը եւ նույնիսկ, ըստ տարածված տեղեկությունների, քաղաքական ապաստան է պահանջել Չեխիայից։ Ինչո՞ւ Սաշիկ Սարգսյանին կարելի է մեկնել Իսպանիա, որդուն տեսնելու, իսկ մահացու հիվանդ Սամվել Մայրապետյանին 7 կողպեքի տակ պահեցին մի քանի ամիս ու բաց թողեցին միայն Եվրադատարանի միջամտությունից հետո։ 

Մի պահ, ըստ տեղեկությունների, նա երազում էր մեկին գտնել եւ նրա միջոցով փող տալ, ազատվել ու գնալ բուժվելու։ Բայց նա կյանքի համար վտանգավոր բնույթի հիվանդությամբ տառապելով՝ հոկտեմբերից պայքարում էր ազատ արձակվելու համար։ Միայն դեկտեմբերին դատարանը նրա խափանման միջոց կալանավորումը փոխեց գրավով՝ 30 մլն դրամի չափով։ Եվս երկու շաբաթ պահանջվեց, մինչեւ որ ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում ընդունեց՝ նրա բուժումն արտերկրում թույլատրելու վերաբերյալ։ 

Ավելի վատ իրավիճակում է հայտնվել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Անցյալ տարեվերջին իրավապահները երկրից մեկնելու պահին կանգնեցրին նախկին Պնախարար Սեյրան Օհանյանին։ Նա ցանկացել էր մեկնել Վրաստան՝ ընկերոջ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի ծննդյան արարողությանը մասնակցելու, բայց Բագրատաշենում սահմանապահները կանգնեցրել էին նրան եւ արգելել ելքը։ Այդ ժամանակ նա որեւէ դատավարական կարգավիճակ չուներ։ Նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել միայն հունվարի առաջին տասնօրյակում։ 

Ապօրինության մասին բարձրաձայնել է նախկին նախարարի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ «Դա եղել է դեկտեմբերի 21-ին։ Այն ժամանակ Սեյրան Օհանյանը ո՛չ մեղադրյալի, ո՛չ էլ կասկածյալի կարգավիճակ չուներ։ Մենք հարցումներ ենք արել տարբեր մարմինների։ ԱԱԾ-ից պատասխան ենք ստացել, որ արգելքը դրվել է դեռեւս 2018 թվականի հուլիսի 11-ին, ՀՔԾ նախաձեռնությամբ, ոստիկանության կողմից։ Մեզ չեն հայտնել որեւէ կերպ այդ մասին»։ Կարեն Մեժլումյանը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե կա՞ արդյոք հանցակազմ այդ արարքում։ «Կարծում եմ՝ ինքնիրավչության հատկանիշներ կան իրավապահների արարքում»,- ասում է փաստաբանը։ Օրերս Մեժլումյանը դատախազությունից պատասխան է ստացել, որ գործն ուղարկվել է ՀՔԾ։ 

Ի՞նչ ընթացք է գործին տվել ՀՔԾ-ն, ի՞նչ հիմքով է այս մարմինը 2018 թվականի հուլիսի 11-ին արգելել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ազատ տեղաշարժը։ ՀՔԾ-ից խոստացան անդրադառնալ հարցերին։ 

Մեր նոր իշխանավորների մեծահոգությունն ընկածի նկատմամբ ընկալելի կլիներ, եթե բյուջե փող մուծվելու ու արտոնություններ ստանալու իրավունքը տրվեր բոլոր մեղադրյալներին, եւ վենդետա չիրականացնելու սկզբունքը գործեր առանց բացառությունների։ Ասենք, հայտարարեին, որ, օրինակ, 30 մլն դոլարի դիմաց քրեական գործերով անցնող բոլոր մեղադրյալները կարող են ազատ արձակվել եւ մեկնել ուր ցանկանան։ Վստահ ենք, այս դեպքում հարցեր չէին առաջանա։