ԸՕ-ն կազինո չէ․Հ․ Մարգարյանը Սահմանադրությունը փոխելու հանրաքվե է նախաձեռնել

ԸՕ-ն կազինո չէ․Հ․ Մարգարյանը Սահմանադրությունը փոխելու հանրաքվե է  նախաձեռնել

«Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Հովհաննես Մարգարյանը քաղաքացիական նախաձեռնությամբ՝ ՀՀ քաղաքացիների խմբի հետ միասին  պատրաստվում է 45 օրում 200 հազար հոգու ստորագրություն հավաքել՝ գործող Սահմանադրությունը հանրաքվեով  փոխելու համար, ինչի համար դիմել է ԿԸՀ՝ նախառնությունը գրանցելու համար։ Իսկ  փոփոխությունների հիմնական նպատակն է՝ վերականգնել  Հանրապետության նախագահի ուղիղ ընտրության ինստիտուտը՝ որպես առաջին դեմքի։ Նաև ամրագրել նրան հետկանչելու ինստիտուտ՝ ՀՀ 300  հազար քաղաքացիների ստորագրություններով։ Մեկ այլ փոփոխություն, որ վերաբերում է ԱԺ-ին, այն է, որ խորհրդարանը չունենա, իր խոսքով՝ բոնուս-ֆոկուսներ։ Այս համատեքստում Հովհաննես Մարգարյանն ասում է՝ ի վերջո, Ընտրական օրենսգիրքը կազինո չէ, որ բոնուսներ շահեն և մեր ժողովուրդը մոլորության մեջ ընկնի։ «Մենք պետք է վերացնենք այս ապօրինի գաղտնալսումները, առանց դատարանի որոշման որևէ ինստիտուտ նման բան չի կարող անել։ Հիմա 8-9 գերատեսչություն մոտ 3 օր կարող է առանց դատարանի որոշման գաղտնալսում անել։ Ի դեպ, Հովհաննես Մարգարյանը  արդեն 2 ամիս է՝ հիմնել է «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, որի նախագահն էլ հանդիսանում է։

-Պարոն Մարգարյան, ո՞րն է ձեր փոփոխությունների նպատակը և ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում։

  -200 հազար հոգին, որ ստորագրում են, հեղինակ են դառնում այդ փոփոխություններին, որպեսզի այսօրվա վիճակում գործող այս խայտառակ Սահմանադրությունը  քաղաքացին  հնարավորության ունենա  հանրաքվեով փոփոխել։ Իր հեղինակությամբ, քանի որ քաղաքացին, երբ ստորագրում է, դառնում է  այդ փոփոխությունների հեղինակ։ Իսկ փոփոխություններով մենք Հայաստանի Հանրապետությունում կվերականգնենք պետության գլխի՝ ՀՀ նախագահի ուղիղ ընտրությունը ժողովրդի կողմից, իրավունք կստանանք մենք ընտրելու մեր պետության գլխին, հնարավորություն կունենանք վերացնելու էս մենիշխանությունը մեր երկրում, որը այսօրվա դրությամբ հակասում է Սահմանդրության բուն նպատակին։  Դուք գիտե՞ք, որ Սահմանադրություն նշանակում է նաև սահման դնել՝ սահմանափակել իշխանավորի իշխանությունը, իսկ մեզ մոտ հակառակն է․ գերլիազորություններով օժտված աննախադեպ մի Սահմանադրություն է, որի գերլիազորությունները օժտված են վարչապետին։ Այսինքն՝ հանրապետության նախագահը որևէ լիազորություն չունի։ Այսինքն՝ նոր առաջարկ ենք ներկայացնում, որ Սահմանադրությունում  ամրագրենք կետ, որ նախագահին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները ունենան հետկանչման հնարավորություն, նման ինստիտուտ ներդնենք, որ ժողովուրդն իրավունք ունենա անվստահություն հայտնելու 300 հազար ստորագրություններով։  Այսինքն՝ կստանանք նախագահական ինստիտուտ, որն ըստ էության, կլինի հնարավորինս անկախ, դրանից զատ կունենանք կառավարություն, որն էլի անկախ կլինի, այսինքն՝վարչապետն արդեն որևէ կերպ կախվածության մեջ չի ընկնի ՀՀ նախագահից։ 

-Այսինքն՝ որպես երկրի 1-ին դեմք  տեսնում եք ՀՀ նախագահին, դա եք նախաձեռնո՞ւմ, իսկ ինչու՞ եք ներկայացրել ԿԸՀ։

-Որովհետև իրենք են գրանցում նախաձեռնող խմբին։ Այսօր գրանցվելուց հետո նախաձեռնող խումբը ԿԸՀ -ի կողմից կստանա  համապատասխան վկայականներ, իսկ ես էլ կդառնամ  նախաձեռնողների կողմից լիազորված անձ։ Դրանից հետո մենք հանրապետության ողջ տարածքում, բոլոր համայնքները,  մարզպետարանները, այդ թվում՝  նոտարները  կհատկացնեն համայնքային ծառայողների,  նրանք կշնակվվեն, որպեսզի մենք 45 օրվա ընթացքում տեղերում 200 հազար ստորագրություն հավաքենք։

-Իսկ Դուք սոցհարցում անցկացրել ե՞ք, տալու՞ են այդ ստորագրությունները, միգուցե դե՞մ են։

-Անուշ Դաշտենցը կուզե՞նա որ իր երկրում որևէ մեկը պատասխան տա պետության անվտանգության և տարածքային ամբողջականության համար։ Կուզենա՞։  Հիմա որևէ մեկը այդ գործառույթով օժտված չէ․ ո՛չ վարչապետը, ո՛չ երկրի նախագահը չունեն այդ գործառույթները։ Այսինքն՝ նաև երդման տեքստերում  այս պարբերությունները չկան, գործառույթների մեջ չկա, որ նա երաշխավորելու է քո տարածքային ամբողջականությունը, որ նա որպես պետության գլուխ հետևելու է քո իրավունքների պաշտպանությանը։ Հաջորդը․ Դուք գիտեք, որ ՀՀ-ն այլևս  չունի Ազգային անվտանգության խորհուրդ։

Գիտեցեք՝ մենք ունենք Անվտանգության խորհուրդ։ «Ազգային» բառը հանվել է, գիտակցաբար, որպեսզի այս կառույցը դառնա վարչապետին կից խորհրդակցական մարմին։ Դրա համար էլ մեր Անվտանգության խորհրդի այսօրվա քարտուղարին ՌԴ-ում, Բելառուսում չեն ընդունում։ Օրինակ՝ Պատրուշևը չի ընդունում,որովհետև հավասար չեն։ Նա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է, այստեղ՝ Անվտանգության խորհուրդ։ Այսինքն՝ մենք գտնում ենք, որ  Ազգային անվտանգության խորհուրդը բացառապես պետք է իրավունք ունենա,  ըստ էության, պատերազմ հայտարարելու, խաղաղություն հայտարելու, ռազմական վիճակ  (դրություն), արտակարգ վիճակ։ Դա բացառապես Ազգային անվտանգության խորհրդի գործառույթը պետք է լինի, ինչպես մնացյալ երկրներում է։

Չկա այսպիսի Սահմանադրությամբ երկիր։ Ազգային անվտանգության խորհրդի կազմում պարտադիր պետք է լինեն  և՛ երկրի նախագահը, և՛ վարչապետը, և Ազգային ժողովի նախագահը։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ երկրում պետք է աշխատի փոխադարձ զսպումների մեխանիզմը, որպեսզի վարչապետը գործի անկախ, իսկ նրա գործառույթների նկատմամբ վերահսկողություն իրականացնի Ազգային ժողովը։ Մենք առաջարկում ենք նաև, որ ՀՀ նախագահը նույնպես անկախ գործի և իր նկատմամբ բացառապես ժողովուրդը վերահսկողություն իրականացնի։ Հաջորդը․ Ազգային ժողովը պետք է բացառիկ վերահսկողական դերակատարում ունենա այս 2 ինստիտուտների նկատմամբ։ Մենք, այսինքն, ուզում ենք, որ երկրում այս 3 ինտիտուտների զսպման մեխանիզմ աշխատի։ Մենք պետք է Սահմանադրությամբ  երաշխավորենք, որ մեր երկրում լինի համամասնական ընտրակարգ, բայց մենք չպետք է սողանցք թողնենք, որ  չլինեն բոնուս-ֆոկուսներ։  Ի վերջո, Ընտրական օրենսգիրքը կազինո չէ, որ բոնուսներ շահեն և մեր ժողովուրդը մոլորության մեջ ընկնի։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր ընտրվում են, չլինեն պատգամավոր, մարդիկ էլ՝ նստած տեղը դառնան պատգամավոր։

Մենք որպես իմպերատիվ նորմ առաջարկում ենք, որ հանվեն էդ բոլոր մեխանիզմները, ԸՕ-ն չպետք է սահմանի կարգ։ Վաղը մյուս օրը կարող են կուսակցությունների համար սահմանել 17 կամ 27 տոկոս, որովհետև Սահմանադրությամբ այդ արգելքը դրված չէ։ Հիմա մենք ասում ենք, որ ընտրական կարգը սահմանվի Սահմանադրությամբ։Վերջ։ Ընտրական օրենսգիրքը պետք է սահմանի ընտրության պայմանները։ Մենք պետք է սահմանենք, որ կուսակցությունների համար պետք է մաքսիմում լինի 3 տոկոս անցողիկ շեմ,  իսկ դաշինքների համար՝ 5։ Մենք առաջարկում ենք, որ այս խայտառակությունը որ կա՝ երբ  առանց դատարանի որոշման գույքը կալանքի են վերցվում, թեկուզ լինի 1000 դրամ, վերացվի, դա պետք է լինի բացառապես դատարանի որոշմամբ։ Այս կարմիր գծերը, որ ո՛չ պետական տուրք է, ո՛չ հարկ։Ըստ Սահմանադրության՝ մենք պետք է հարկեր-տուրքեր մուծենք, ավելին մեզ ոչ ոք չի կարող պարտադրել։ Ավելին՝ այսօրվա դրությամբ յուրաքանչյուր քաղաքացի իր մեքենայի համար արդեն իսկ գույքահարկ է վճարում, որը տարեկան խոշոր թիվ է կազմում։ Եվ պետությունը պարտավոր է նրա մեքենայի համար անվճար կայանատեղիներ սահմանի, հո չի՞ տանելու բնակարանում կանգնեցնի, հո իր շկաֆո՞ւմ չպիտի դնի էդ մեքենան։ Պիտի ապահովենք։  Մենք պետք է վերացնենք այս ապօրինի գաղտնալսումները, առանց դատարանի որոշման որևէ ինստիտուտ նման բան չի ակորղ անել։ Հիմա 8-9 գերատեսչություն մոտ 3 օր կարող է առանց դատարանի որոշման գաղտնալսում անել։ 

-Առաջ չկա՞ր։

Ոչ, որովհետև Սահմանադրությունը արգելում էր, այսինքն՝ գրված էր, որ առանձին դեպքերում, ելնելով պետության անվտանգությունից կարող են  առանց դատարանի որոշման, սահմանափակելով իմ և Ձեր հաղորդակցության  գաղտնիությունը և դա կարգավորորում է 
«Օպերատիվ հետախուզության մասին» օրենքը։ Ունենալով «Օպերատիվ հետախուզության մասին» խայտառակ օրենք՝ ցանկացած մարմին՝ հարկային, մաքսային կարող են Ձեզ գաղտնալսել առանց դատարանի որոշման։ Մենք առաջարկում ենք՝ միմիայն առանձին և բացառիկ  դեպքերում,այն էլ ՝ 12 ժամ, այն էլ միայն Ազգային անվտանգության բացառապես տնօրենի թույլտվությամբ։ Այսինքն՝ մաքսայի՞ն է պետք, Քննչականի՞ն, բացառապես պետք է կապվեն իր հետ, ինքը պատասխանատվություն կրի և 12 ժամ հետո դիմեն դատարան։Այսօրվա դրությամբ հասունացել է պահը, որ ժողովուրդը թելադրի և՛ Աժ-ին, և; կառավարությանը և ասի՝ ես սահմանափակում եմ, ուզո՞ւմ ես պատգամավորների թիվը դարձնել 185, արի նորից հանրաքվե արա, մենք որոշենք՝ թողնե՞նք, թե ոչ։ Այսինքն՝ դուք ձեր նստած տեղը միք որոշեք։
-Ինչու՞ նախկինում նման առաջարկ չէիք անում, երբ Սերժ Սարգսյանը Սահմանադրություն էր փոխում։
-Սերժ Սարգսյանի Սահմանադրության դեմ առաջին պայքարողը եղել է Մարգարյան Հովհաննեսը։ Կարող եմ իմ բոլոր ելույթները ուղարկել․․․ երբ ասում էի՝ խիյար եք ասում, բողկ եք դեմ տալիս։ Կարող եք ուսումնասիրել։