Այդ պատժամիջոցներից ԵՄ-ն կարող է 1 տոկոս վնասներ կրել, իսկ Վրաստանը՝ 20 տոկոս

Այդ պատժամիջոցներից ԵՄ-ն կարող է 1 տոկոս վնասներ կրել, իսկ Վրաստանը՝ 20 տոկոս

Ռուս-ուկրաինական հակամարտությունը, որն արդեն քանի օր է՝ իր վրա է բեւեռել ողջ աշխարհի ուշադրությունը, արդեն սկսել է ներազդել նաեւ մեր տարածաշրջանում զարգացումների վրա։ Ենթադրվում էր, որ մեր տարածաշրջանում հակառուսական սանկցիաների առաջամարտիկը կդառնա հատկապես Վրաստանը, որը վաղուցվանից է արեւմտյան կողմնորոշման ուղին բռնել։ Սակայն պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէ։

«Ռուս-ուկրաինական պատերազմն այսօրվա Վրաստանի իշխանությունը համարում է, որ դա իրենց պատերազմը չէ։ Սա՝ այն դեպքում, երբ որ արտաքին դիրքորոշումը հիմնական բախման կետն է Վրաստանի ընդդիմության եւ իշխանության միջեւ։ Ընդդիմությունը համարում է, որ պետք է հակառուսական քաղաքականություն վարել, իսկ իշխանությունը փորձում է Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ պահել»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Նա նշեց նաեւ, թե Վրաստանի կառավարությունը մինչեւ այսօր հայտարարել է, որ պատժամիջոցներ չի կիրառելու Ռուսաստանի դեմ։ Հակառակը, երեկ քննարկվել է Վրաստանի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար օգտագործելու հարցը։ Հայտնի է, որ տարբեր եվրոպական երկրներ արգելել են ռուսական ավիաուղիներին օգտվել իրենց օդային թռիչքուղիներից։

«Նախնական՝ մեկնաբանություն կար, որ կարող են արգելափակել, բայց առայսօր այդ որոշումը դեռ այնպիսին է, որ չեն արգելափակում, եւ վրացական երկինքը բաց է մնում Ռուսաստանի համար։ Դա պայմանավորված է ոչ միայն տնտեսական կապերով, որոնք կան եւ բավականին մեծ են, այլ նաեւ անվտանգային տեսանկյունից»,- ասաց Միքայելյանը։

Քաղաքագետը նշում է․ վրացական իշխանությունը գիտի, որ Ռուսասատանի հետ ավելորդ լարվածությունը կարող է Վրաստանին վնաս տալ։ Այս պահի դրությամբ, ուրեմն, Վրաստանը որեւէ պատժամիջոց չի կիրառի, ավելի ճիշտ՝ սահմանափակումներ չեն արվի։ Գուցե մակերեսային ինչ-որ բաներ արվել են, բայց ընդամենը եղել են հայտարարությունների մակարդակով։
«Որովհետեւ Վրաստանում ուղիղ ներկայացված է նաեւ ռուսական բիզնեսը, որոնք, այնուամենայնիվ, կվնասվեն Արեւմուտքի պատժամիջոցներից։ Եվ այսպիսով արդեն Վրաստանն ունենալու է տնտեսական կորուստներ, ինչպես նաեւ Հայաստանը։ Բայց հավելյալ կորուստներ Վրաստանը չի ուզում ունենալ, որովհետեւ, եթե այդ պատժամիջոցներից Եվրամիության տնտեսությունը կարող է պայմանական մեկ տոկոս վնասներ կրել, ապա Վրաստանը կարող է 20 տոկոսի հասնող վնասներ կրել։ Այդ է պատճառը, որ Վրաստանը որոշեց չկիրառել պատժամիջոցներ»,- ասաց քաղաքագետը։

Նշեց նաեւ, որ Վրաստանի ընդդիմությունը, որը խիստ հակառուսական է, կարծում է, որ պետք է կիրառել պատժամիջոցներ եւ վարել նույն քաղաքականությունը, ինչպիսին իրականացնում են, օրինակ, Չեխիան եւ այլ եվրոպական երկրներ։ Սակայն տասնամյակներ շարունակ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ու կոնֆլիկտի արդյունքում տուժած Վրաստանի իշխանություններն իմաստնացել են եւ հասկացել, որ Արեւմուտքը՝ Արեւմուտք, սակայն սեփական բարեկեցությունը կախված է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններից, ուստի չարժե դրանք փչացնել։