«Հրապարակ». Եթե Հանրային խորհուրդը լիներ, կքննարկեր, օրինակ, պատմության դասագրքերի հարցը

«Հրապարակ». Եթե Հանրային խորհուրդը լիներ, կքննարկեր, օրինակ, պատմության դասագրքերի հարցը

Արդեն շուրջ 3 տարի կառավարությանը կից խորհրդակցական մարմինը՝ Սահմանադրությամբ նախատեսված Հանրային խորհուրդը, փաստացի չի գործում։ 2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հասավ Հանրային խորհրդի այն ժամանակվա նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականին։ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո ՀԽ նախագահ կարգեցին իշխանական քարոզիչներից մեկին՝ Ստյոպա Սաֆարյանին, ով թեեւ պետք է չեզոքություն դրսեւորեր, սակայն ՀԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելով՝ հանդես էր գալիս քաղաքական հայտարարություններով, իսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հրաժարական տվեց ՀԽ նախագահի պաշտոնից, քանի որ Արման Բաբաջանյանի ու Լեւոն Շիրինյանի ձեւավորած դաշինքի նախընտրական ցուցակով ինքն ու քույրը՝ ներկայում ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը, եւս առաջադրվել էին որպես պատգամավորի թեկնածու։

Դրանից հետո` 2021 թվականի ամառվանից մինչ օրս, Հանրային խորհուրդը նախագահ չունի, ըստ այդմ` նիստեր չի գումարել, որեւէ հարցի վերաբերյալ քննարկում չի ծավալել, նույնիսկ խորհրդի պաշտոնական կայքն այլեւս չի գործում։ Նշենք, որ խոսքը մի մարմնի մասին է, որը նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ, այսինքն` այդ մարմնի չգործելը Սահմանադրության ոտնահարում է։ Մասնավորապես 161 հոդվածը սահմանում է. «Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, որի  կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է «Հանրային խորհրդի մասին» օրենքով»: Այսինքն՝ ստացվում է, որ սահմանադրական մարմինը շուրջ 3 տարի է՝ չի գործում։ Թեմայի առնչությամբ զրուցել ենք ՀԽ նախկին անդամ՝ պատմաբան Հայկ Դեմոյանի հետ։

«Ես Հանրային խորհրդի անդամ եմ եղել 2009-2017 թթ․։ Հետագայում, երբ մեկնեցի ԱՄՆ, դրանից հետո նոր կազմ եղավ, այսինքն՝ թարմացվեց կազմը, եւ խորհուրդը գործում էր։ Թե ինչ են քննարկել, ինչ հարցերի վրա են ներազդել, ես դա չեմ կարող ասել։ 2009 թվականի գործունեության մասին կարող եմ ասել․ որքան էլ Հանրային խորհուրդը քննադատվեց, որքան էլ որակվեց անօգուտ կառույց, բայց, այդուհանդերձ, ինչ-որ առումով ներազդող գործոն էր Հանրային խորհուրդը։ Հիշենք․ օրինակ, հեռուստաեթերի հետ կապված, առաջին անգամ բարձրաձայնվեց, նույնիսկ ստիպեցինք խարտիա ստորագրել, բայց հետո ամեն ինչ վերադարձավ նույն վիճակին։ Շատ հարցերում խորհրդակցական ձայն է ունեցել` կարեւոր։ Ես չեմ ուզում դրա կարեւորությունը, նշանակությունը կամ ներազդման գործակիցը չափազանցնել, բայց ամեն դեպքում կային քննարկումներ, կարծիքների բախումներ եւ այլն, դա օգտակար էր, քանի որ ավելի լավ էր այդպիսի բաներ լինեին, քան թե չլինեին»,- ասաց Դեմոյանը։ Իսկ ինչո՞ւ հիմա ՀԽ-ն չի գործում, ինչո՞վ էր դա խանգարում իշխանություններին։

«Այն, ինչ արձանագրված է օրենքով, պետք է ունենա իր բացատրությունը, թե ինչու չի գործում։ Իսկ եթե դրան նայում ենք իշխանությունների այսօրվա իշխանավարման տրամաբանությունից, ապա այդ առումով կարելի է շատ հեշտ բացատրելի համարել, որովհետեւ այսօրվա իշխանություն կոչվածը կամ այն մարդիկ, որոնք այսօր կոչվում են իշխանություն․․․ այսօր Հայաստանում ամեն մեկն ունի իր տեսակետը, թե ովքեր են այս մարդիկ եւ ինչ հանգամանքներում հայտնվեցին իշխանության, ինչպես եկան, կամ ինչպես իշխանությունը տրվեց․․․, ձեւակերպումները շատ են՝ մի մասն ուզուրպատոր է անվանում, մի մասն ասում է, որ խաբեությամբ են եկել, մի ուրիշ մաս ասում է, որ նախկիններն են նրան ընտրել եւ այլն։ Հանրային խորհրդի բացակայության տրամաբանությունը բխում է իշխանության կազմակերպման՝ այդ անձանց տրամաբանությունից․ որեւէ խորհրդակցական մարմին, մարդկանց տեսակետների ներկայացում չպետք է լինի։ Տեսեք՝ եթե, օրինակ, հիմա լիներ Հանրային խորհուրդը, ապա հաստատ կքննարկեր պատմության դասագրքերի հարցը՝ որպես հանրության շահերը բավականին լուրջ շոշափող, բավականին մեծ հանրային քննարկում ունեցած երեւույթ։ Չկա Հանրային խորհուրդը, չկա եւ այդպիսի քննարկում։ Հանրային խորհրդում կարելի էր այդ հարցը քննարկել, տեսակետներ ներկայացնել, որպեսզի հարցը չդառնար միայն ԿԳՄՍ նախարարության եւ նախարարի քմահաճույքի օբյեկտը։ Այնտեղ կլինեին ուրիշ մարդիկ, գուցե լսեին Հանրային խորհրդի կարծիքը, որովհետեւ նախկինում բազմաթիվ հարցերի վերաբերյալ Հանրային խորհուրդն իր եզրակացությունն էր տալիս»,- ասաց Դեմոյանը։