«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել

«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անհարմար եւ աբսուրդային իրավիճակում է հայտնվել։ Նրան ենթակա հիմնարկը վարչական դատարան է դիմել եւ պահանջում է անվավեր ճանաչել նախարարի հրամաններից մեկը։ Տեղեկությունը զետեղված է «Դատալեքսում»։ Այդ հրամանով առանց կազմակերպության հետ քննարկելու, նախարար Ավանեսյանը փոխել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակը եւ կենտրոնի պետի տեղակալի հաստիք սահմանել` առանց այս կառույցի հետ քննարկելու, իսկ սա «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի եւ դատաբժշկական կենտրոնի կանոնադրության կոպիտ խախտում է։ Հաստիքացուցակը սեփական նախաձեռնությամբ փոփոխելով ու ավելացնելով փոխտնօրենի հաստիք՝ նախարարը միջամտել է ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեության ղեկավարմանը, որը տնօրենի բացարձակ իրավունքն է՝ համաձայն ՊՈԱԿ-ի կանոնադրության: Հայցադիմումը դատարանը ստացել է ապրիլի 15-ին։

Հիշեցնենք․ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը փետրվարի 16-ին ձերբակալվեց, ապա մեղադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Կենտրոնն այս պահին ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գեւորգյանը։ Նախարարության մեր աղբյուրները պատմում են, որ Մհեր Բիշարյանը ներկուլիսային ինտրիգների զոհ է, որոնց նպատակը նրան մեկուսացնելն ու դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնում յուրայիններին նշանակելն էր։ Փետրվարին լուր տարածվեց, որ նախարարն իմպերատիվ կարգով փոխում է այս հիմնարկի հաստիքացուցակը, պետի տեղակալ է նշանակում, որն էլ հետագայում պետք է նշանակվի Բիշարյանի պաշտոնում։ 

«Այսինքն՝ որ ինչ ուզեն, անեն, հաստիքացանկ փոխեն, իրենց մարդկանց բերեն-դնեն, հետո տեսնեն, թե որտեղ ինչ «պլյուս-մինուս» են անում, ջրծաղիկն ալերգիա գրեն, ալերգիան՝ եսիմինչ»,- ասում է ներքին անցուդարձից տեղյակ անձը։ Փետրվարի կեսերին մի պահ լուրեր տարածվեցին, որ Անահիտ Ավանեսյանը դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենի տեղակալ է նշանակելու Բժշկական համալսարանի դասախոս, մասնագիտությամբ իրավաբան, Առողջապահության ինստիտուտի նախկին աշխատակից Մարտին Ալեքսանյանին, սակայն դա տեղի չունեցավ։ Հավանաբար տեսնելով, որ կենտրոնի մասնագետները, մասնավորապես, տնօրենի պաշտոնակատար, դատաբժիշկ Շավարշ Գեւորգյանը դիմադրում են, նախարարը հրաժարվեց իր մտադրությունից, եւ Մարտին Ալեքսանյանի նշանակման հարցը սառեցվեց։ 

Մարտին Ալեքսանյանը չցանկացավ մեկնաբանել իր անվան շուրջ տարածվող լուրերը։ Ճի՞շտ է, որ Ձեզ պատրաստվում են նշանակել դատաբժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ։ «Այդ մասով չեմ կարող մեկնաբանություն տալ, լավ կլինի՝ լիազոր մարմնին հարցնեք։ Քանի դեռ դա խոսակցություն է, ճիշտ չի լինի, որ ես մեկնաբանություն տամ, ոչ պրոֆեսիոնալ կլինի»։ Ասաց նաեւ, որ տեղյակ չէ դատական գործընթացից ու ներկայում նախարարության հետ առնչություն չունի։ Լիազոր մարմնից մեր զանգերին չպատասխանեցին։ Նրանց պատասխանին կսպասենք։