«Հրապարակ». Երեւանը փորձեց խաղարկել «ղարաբաղյան պարտիան»՝ հուսալով, որ ռուսներին կփոխարինեն ՄԱԿ խաղաղապահները

Երկու օր առաջ մեկնարկեց Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը, ինչն օկուպացված Արցախում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում գուցե օրինաչափ թվա, բայց քաղաքական տեսանկյունից հարցեր է առաջացրել, որովհետեւ ռուս խաղաղապահներն առնվազն մինչեւ 2025 թվականը կարող էին մնալ տեղակայման վայրում։
2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, նրանք տեղակայվել էին 5 տարի ժամկետով եւ եւս 5 տարի երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: 2023 թ. սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից ու Արցախի հայաթափումից հետո, պաշտոնական Երեւանի անգործության պայմաններում, փաստացի խաղաղապահների մասով քննարկումները տեղափոխվեցին երկկողմ՝ Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափ։ Զուգահեռաբար, տարբեր մակարդակի հայտարարություններով, Մոսկվան բաց էր պահում արցախահայության վերադարձի հարցը՝ նշելով, որ պատրաստ են աջակցել գործընթացին, այդ թվում՝ խաղաղապահների միջոցով։ Սակայն երկու օր առաջ ադրբեջանական մամուլով տարածվեց խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկություն՝ կից կադրերով։ Մոսկվան Պուտինի խոսնակ Պեսկովի շուրթերով լակոնիկ արձագանքեց իրավիճակին։ «Այո՛, դա իսկապես այդպես է»,- կարճ տեղեկությունը հաստատել էր Պեսկովը, իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հորդորել էր դիմել պաշտպանական գերատեսչությանը։ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտնել էր, որ ռուսական կողմի հետ որոշում է ընդունվել խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին։
Ինչո՞ւ այդպես եղավ։ Մեկնաբանություն խնդրեցինք ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովից։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Տարասովը նախ շեշտեց՝ խաղաղապահների դուրսբերումը չի նշանակում, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, ապա հռետորական հարց հնչեցրեց, թե խաղաղապահներն այնտեղ ո՞ւմ էին պաշտպանում։
Ըստ ռուս քաղաքագետի՝ այն բանից հետո, երբ Պրահայում Փաշինյանը փաստաթուղթ ստորագրեց, որով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, խնդիրը լուծվեց հօգուտ Ադրբեջանի։ Հաջորդիվ արդեն, նոր իրողությունների պայմաններում, խաղաղապահներն ամեն ինչ արեցին, որպեսզի ապահովեն արցախահայության անվտանգ հեռացումը։ Սրանով, ըստ նրա, ստեղծված իրավիճակում, խաղաղապահներն իրենց առաքելությունը կատարեցին։ Մինչդեռ խաղաղապահների հետ կապված խնդիրը, Տարասովի խոսքով, այլ տեղ է։ Նրանք այդպես էլ մանդատ, կարգավիճակ չստացան։
«Նախկինում Մոսկվան առաջարկում էր 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակներում որոշակիացնել խաղաղապահների կարգավիճակը՝ մանդատը, իսկ կարգավիճակը լիազորություն է ենթադրում, բայց Երեւանն ու Բաքուն հրաժարվեցին, իսկ երբ սկսվեցին այդ իրադարձությունները, սկսեցին ներկայացվել պահանջներ, որոնք դուրս էին խաղաղապահների իրավասության շրջանակներից։ Ահա թե որն է խնդիրը։ Այժմ, երբ բնակչությունն այնտեղից հեռացել է, նրանք մինչեւ 2025 թվականն ո՞ւմ պետք է պաշտպանեն՝ Ղարաբաղի առնետներին ու մկների՞ն։ Խաղաղապահների ներկայության խմաստը, բնականաբար, կորել է, եւ կողմերը որոշեցին այդ ուժերի դուրսբերումն ապահովել»,- ասում է Ստանիսլավ Տարասովը։
Ռուս փորձագետը, ըստ էության, իրավիճակի պատասխանատվությունը պաշտոնական Երեւանի ու Փաշինյանի վարած քաղաքականությամբ է պայմանավորում՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Հայաստանի իշխանությունը փորձում էր, այսպես ասած, ղարաբաղյան պարտիան խաղարկել՝ հույս ունենալով, որ Արցախում ռուս խաղաղապահներին կփոխարինեն ՄԱԿ-ի խաղաղապահները, բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, դա տեղի չունեցավ։ «Հայաստանը քննադատեց Ռուսաստանին՝ չստորագրելով մանդատի վերաբերյալ փաստաթուղթը, փորձեց որակազրկել խաղաղապահներին, իսկ հիմա նրանք հեռանում են։ Հիշեք, թե քանի անգամ է նախագահ Պուտինը բարձրացրել խաղաղապահների կարգավիճակի հարցը, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նրանց տեղակայումն էր ապահովում, այդ մենք էինք անվանում խաղաղապահներ, բայց նրանք կարգավիճակ չունեին։ Հարկավոր էր հստակեցնել լիազորությունները, աշխարհագրությունը, չէ՞ որ սահմանային միջադեպեր են եղել, հայկական կողմը տվյալ հենակետը համարել է իրենը, ադրբեջանական կողմը՝ իրենը, իսկ արդյունքում մեղավոր են կարգել խաղաղապահներին։ Այդ առաքելության համար պետք է հստակ լիազորություններ եւ սահմաններ գծվեին, թե այս կամ այն իրավիճակում ինչպիսին պետք է լինեն նրանց քայլերը։ Այդ ամենը չի արվել»,- բացատրում է ռուս փորձագետը։
Այս մեկնաբանությունից, ըստ էության, բխում է, որ Հայաստանի իշխանության՝ Արցախից հրաժարման պայմաններում, ռուսական կողմին ոչինչ չի մնացել անելու՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Պրահայից հետո Բաքուն էլ ավելի բարձր էր գոչում այն մասին, որ Ղարաբաղն իր տարածքն է, եւ խաղաղապահների ներկայությունն այնտեղ ժամանակավոր է։ Խաղաղապահների դուրսբերումից հետո արդյո՞ք սպառված է արցախահայության վերադարձի հնարավորությունը։ Ի պատասխան, Ստանիսլավ Տարասովը փաստեց․ «Նրանց վռնդեցին այնտեղից, Հայաստանն ի՞նչ արեց, ոչի՛նչ»։
Ռուս փորձագետը տարակուսում է՝ ինչո՞ւ են Հայաստանում կարծում, որ որեւէ մեկն իրենց փոխարեն պետք է ինչ-որ բան անի։ Ոչ ոք ոչինչ չի անելու։ «Հայաստանն ինքը հրաժարվեց ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ուղղակի հրաժարվեց։ Այո՛, դա նրա տարածքն է, բայց նա հրաժարվեց։ Հայաստանը սպասում էր, որ Ռուսաստա՞նը պետք է դա աներ։ Աշխատանքի 90 տոկոսը Փաշինյանն իրականացրեց։ Այժմ զարգացումներն ընթանում են այնպես, ինչպես ընթանում են»,- նշում է քաղաքագետն ու առաջարկում իրավիճակը քաղաքական տեսանկյունից գնահատել․ «Դարեր շարունակ Ղարաբաղի հողում հայեր են ապրել, եւ նրանց այնտեղից վռնդել են, դա ո՞ւմ է դուր գալիս։ Փաշինյանին դա դուր է գալիս, Մոսկվային՝ ոչ։ Մոսկվան այդ մասին բաց տեքստով է հայտարարել»։
Ստանիսլավ Տարասովից հետաքրքրվեցինք՝ ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Մոսկվան Հարավային Կովկասում քաղաքականության փոփոխության ռեսուրս ունի՞, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովուրդը չէ։ «Իսկ որտե՞ղ ենք մենք տեսնում հայ ժողովրդին։ Ժողովուրդը քվեարկել է Փաշինյանի օգտին, որտե՞ղ է ժողովուրդը»,- ասում է մեր զրուցակիցը՝ չբացառելով, որ Հայաստանում հնարավոր ներքաղաքական փոփոխությունները գուցե նոր իրավիճակ ստեղծեն։
Մարիաննա Ղահրամանյան
Կարծիքներ