Կնշանակի`օլիգարխիկ պետության հիմքերի վրա է դրվում քաղաքաշինությունը

Կնշանակի`օլիգարխիկ պետության հիմքերի վրա է դրվում քաղաքաշինությունը

Հարցազրույց ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի հետ

- Պարոն Բալյան, մոտ մեկ ամիս առաջ, կառավարության որոշմամբ, մշակույթի նախարարության ենթակայության ներքո գործող Պատմության եւ հուշարձանների պահպանության, ինչպես նաեւ` Մշակութային արժեքների պահպանության գործակալությունները վերակառուցվեցին վարչությունների, որը, գործակալության արդեն նախկին պետ Արմեն Աբրոյանի կարծիքով, կանաչ լույս կվառի տարբեր ապօրինությունների առաջ եւ հետագայում կվտանգի հուշարձանների պահպանության հարցը։ Որքանո՞վ եք կիսում այդ մտահոգությունները, եւ մինչ այս, նախարարությանը կամ գործակալություններին որքանո՞վ է հաջողվել կանխել այս ոլորտում իրականացվող ապօրինությունները:

- Եթե մտածելակերպը, վերաբերմունքը չփոխվի հուշարձանների նկատմամբ, որեւէ բան տեղի չի ունենա, եւ, ըստ էության, կառուցվածքային փոփոխություններն էլ դեր չեն խաղա: Ամենաարդյունավետ մոդելը 1979թ․ կառավարությանը կից ստեղծված պատմամշակութային հուշարձանների պահպանության վարչությունն էր, իսկ 1988թ․ երկրաշարժը ես համարում եմ կարմիր գիծ, որից հետո քաղաքաշինությունից բան չմնաց: Բայց մինչ 88-ը, այդ վարչության մոդելն արդյունավետ էր, որը բարձր ստատուս ուներ` գրեթե նախարարությանը հավասարազոր, եւ որտեղ ես աշխատել եմ 8 տարի: Այդ ժամանակ հուշարձանների մեծ ցուցակները կազմվելուն պես, ուսումնասիրություններ արվեցին ողջ Հայաստանով մեկ: Հիմա, այսօր այդ խնդիրը հասունացած է, թե ոչ, կարծում եմ, որ հանրության շրջանում հասունացած է, ղեկավարների մոտ դեռ հին նախատիպերն են աշխատում: Ու եթե մեզ թվում է, որ այդ փոքրիկ հուշարձանները, կառույցներն իրենց տեսակով երկրորդական են եւ, այսպես ասած` ինչ են, որ մի հատ էլ դրանց մասին մտածենք, այդպես չէ, իրականում հակառակն է, որովհետեւ դրանց մեջ կա ճարտարապետություն, արվեստ, պատմություն եւ կյանք, իսկ այսօր այն, ինչ կառուցում ենք, այս բաները դրանց միջից իսպառ բացակայում են: Դրա համար` ինչքան բարձր լինի տվյալ կառույցի ստատուսը, այնքան ավելի բարձր կլինի պատասխանատվությունը, եթե դա հուշարձանների պահպանության մի առանձին միավոր լինի` անմիջապես կառավարության մեջ կամ նրան կից, պատասխանատու կլինի հենց հուշարձանների պահպանության համար, բայց հիմա լղոզված է: Կարող է կառույցի կարգավիճակի մասին փաստարկն այնքան էլ համոզիչ չթվա, եւ մարդիկ ասեն` եթե լավ գործ անեք, կլինի, բայց այդպես չէ: 

- Նախօրեին՝ ավագանու նիստի ժամանակ, երբ քննվում էր Ֆիրդուսի հարցը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հանդես եկավ կառուցապատողի շահերը պաշտպանելու դիրքերից՝ ասելով, որ «էսքան հուշարձան քանդվեց, տեղափոխվեց, եկեք մի հուշարձան էլ տեղափոխենք, այս հարցը փակենք...», կամ թե՝ «քաղաքաշինությունը բիզնես է, բիզնեսը՝ քաղաքաշինություն»․ ինչպե՞ս եք գնահատում գլխավոր ճարտարապետի այս արտահայտությունները, հատկապես այն դեպքում, որ նա հայտարարել էր, որ այս երկրում այլեւս ոչ մի հուշարձան չի քանդվելու: 

- Սա ցույց է տալիս, որ չկա այն լոկոմոտիվը` հանձին քաղաքի գլխավոր ճարտարապետի, որպեսզի հաստատի թեկուզ մի առանձին հուշարձանի արժեքը (պատմական, գեղարվեստական, մշակութային), որն ուզում է տեսնել հանրությունը: Եվ այն արտահայտությունը, որ եկեք մի հուշարձան էլ տեղափոխենք, այս հարցը փակենք, ցույց է տալիս, որ նա չի հասունացել այն միջավայրում, որն ինքը ղեկավարում է: Սա խոսում է վերաբերմունքի մասին, որը չկա եւ նշանակում է, որ օլիգարխիկ պետության հիմքերի վրա է դրվում քաղաքաշինությունը: Ինձ համար սկզբունքորեն անընդունելի թեզ է նրա հնչեցրած միտքը, թե քաղաքաշինությունը բիզնես է, բիզնեսը՝ քաղաքաշինություն: Քաղաքաշինությունն անմիջականորեն առնչվում է քաղաքականության հետ եւ ճիշտ հակառակը: Եթե Երեւանի պատմությունը նայենք, Թամանյանը կառուցում էր ազգային պետականության խորհրդանիշ մայրաքաղաքը, այդ ժամանակ քաղաքաշինությունն ու քաղաքականությունը միասեռ հասկացություն էին: Ասել, որ բիզնեսը քաղաքաշինության հիմքում է, դա նշանակում է մնալ այն նույն դիրքերի վրա, որ արդեն 2-3-րդ տասնամյակ է՝ գտնվում ենք եւ դրա արդյունքներն էլ տեսնում ենք բոլորս: 

- Այդ «արդյունքներից» մեկն էլ Ֆիրդուսի թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակն է, որի դեպքում մի շարք «բացահայտումներ» եղան՝ նախ այն, որ իրականացվող աշխատանքներն ապօրինի են, քանի որ չկա նախարարության թույլտվություն, եւ որ Նարեկ Սարգսյանը շարունակում է գործուն դերակատարություն ունենալ քաղաքաշինության ոլորտում, քանի որ պարզվեց՝ հանդիսանում է Ֆիրդուսի թաղամասի վերակառուցման նախագծի գլխավոր ճարտարապետը: 

- Նախ, ինձ համար զարմանալի է, որ մեր ճարտարապետներն առնվազն վերջին 10 տարում թաքցնում են իրենց անունները, մինչդեռ նախկինում ճիշտ հակառակն էր, երբ ճարտարապետը մի բան էր կառուցում կամ նախագծում, դրա մասին բարձրաձայնվում էր, եւ առաջինը հենց ինքն էր հետաքրքրված, որ իր անունը հնչի, նշվի: Իսկ հիմա երկար որոնումներից հետո մեկ էլ բացահայտվում է, որ այս կամ այն կառույցի հեղինակը սա է կամ նա: Դա թաքցնելու նպատակները թողնում եմ ընթերցողին, որը դժվար չէ կռահել: Ֆիրդուսի դեպքում ինձ համար առաջնայինն այն չէ` օրինակա՞ն է, թե՞ անօրինական, դա նախեւառաջ անհաջող նախագիծ է: 80-ականների սկզբներին նման մի փորձ արվեց ճարտարապետ Էդվարդ Սաֆարյանի կողմից, որի նախագիծը, ի դեպ, քննադատվեց, որովհետեւ շատ նման էր այսօրվա «Հին Երեւան» նախագծին, բայց, իհարկե, շենքերը չէին բարձրացվում, այդ աստիճան աղավաղում չկար, բայց` այնուամենայնիվ: Եվ դրա արդյունքում Երեւանում ծնվեց այն մոդելը, որը մնաց չակերտներից դուրս, այսինքն՝ այդ մոդելները կային, մշակված էին մեզ մոտ: Հիմա ի՞նչ է Ֆիրդուսի տեղը առաջարկվում, եւ եթե նորից վերադառնանք բիզնեսի եւ քաղաքաշինության փոխկապակցմանը, ապա սա շատ անհաջող եւ վատ բիզնես նախագիծ է: Այդ նույն ձեւով մենք արդեն հրապարակի մյուս կողմում կառուցապատել ենք: Դա երկու կողմի համար էլ հաջող նախագիծ չէ` թե՛ քաղաքի, թե՛ բնակիչների համար: Ֆիրդուսի քանդելուն անպայման կհետևի Կոնդի քանդումը՝ մի «աուլին» մյուս «աուլը»։ Հիմա այստեղ բիզնե՞սն է առաջնային, թե՞ քաղաքականությունը, եթե մենք ամբողջ բնակչությունը կենտրոնացնում ենք քաղաքի կենտրոնում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վտանգների ենք ենթարկում հենց մեր պետականությունը: Եվ մարդիկ, որոնք ղեկավարում են քաղաքաշինական այս ոլորտը, այդ հարցերի մասին պետք է լուրջ մտածեն: Սա բավականին վտանգավոր միտում է եւ գուցե ինչ-որ մեկին ձեռնտու է, բայց գուցե այդ տարածքը տեղափոխվի մի այլ տեղ` ավելի մաքուր եւ կանաչ, այդ նույն մարդիկ չե՞ն ապրի այդտեղ: Կարծում եմ` եթե ճիշտ կառուցվի, այդ մարդիկ կապրեն եւ, ի վերջո, շնորհակալ կլինեն: 

Այսօր մենք տեսանք, թե համաճարակից հետո ինչպիսի անսպասելի շրջադարձ եղավ ամեն ոլորտում, բայց կարող են նաեւ այլ աղետներ էլ լինել, քաղաքը պետք է պատրաստ լինի դրան: Մենք կարծես մոռացել ենք 88-ը եւ այս համաճարկի պայմաններում ստեղծում ենք նման նախագծեր, մինչդեռ արժեր կանգնել եւ ասել` վերջ, քաղաքի կենտրոնում այլեւս բարձրահարկ շենք չպետք է կառուցվի: Հիմա մեզ հետաքրքրում է բիզնե՞սը, թե՞ մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունը: