Հոր նամակը որդուն

Հոր նամակը որդուն

Այս նամակը քեզ է ուղղված, այս տողերը գրելիս միայն քո մասին էի մտածում, եւ միայն քո պատկերն էր իմ առջեւ։ Բայց նամակն ավարտելուց հետո, երբ կարդացի այն, մտածեցի, որ հազարավոր ծնողներ կարող են այսպիսի կամ երիցս ավելի գեղեցիկ պատգամ հղել իրենց զավակին։ Հազարավոր հայրեր հաստատ շարունակ մտածում են այդ մասին, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում կամ չեն հասցնում այն գրել։ Եվ ես որոշեցի միայն քեզ ուղղված այս նամակը վերնագրել՝ «Հոր նամակը որդուն»։

«Ես ուզում եմ կյանքում գտնես այն, ինչ ես չեմ կարողացել գտնել։ Հեռավոր ճամփորդության համար վերցնես այն ամենը, ինչ ես մոռացել եմ վերցնել։ Ես ուզում եմ, որդիս, որ դու լինես իմ ամենալավ շարունակությունը եւ շարունակելին...»,- այս տողերը գրել է հայրս, քո պապը, որին դու չես տեսել։ Այս տողերն ուղղված են եղել ինձ։ Այս մի քանի տողով նա ամեն ինչ ասել է։ Բայց ես ստիպված եմ ավելի երկար գրել, որովհետեւ երբ ես ծնվել ու մեծացել եմ, կարծես թե Լույսն ավելի շատ էր, քան խավարը, իսկ դու ծնվել ու մեծանում ես այնպիսի ժամանակներում, երբ Լույսի այնքա՜ն պակաս կա։

Զավակս, կյանքը մեծագույն պարգեւ է՝ շնորհված մարդուն եւ բոլոր ոչ բանական արարածներին։ Բայց այն մի անվերջ պայքար է։ Սրիկաները սկզբում գործում են «իրենց տունը պահելու» անվան տակ, ապա՝ իրենց մերձավորների, իրենց շրջապատի եւ, վերջապես՝ իրենց ոհմակի համար։ Ռոմանտիկներն ու խենթերը պայքարում են իրենց հայրենակիցների եւ ընդհանրապես մարդկության երջանկության համար։ Իսկ հազարավոր, միլիոնավոր մարդիկ պարզապես իրենց համար ապրում են, նույնքան մարդիկ էլ գոյատեւում են՝ ջուրն ընկած տաշեղի պես օրորվում ու սպասում, թե իրենց որտեղ կնետի կյանքի ալիքը։ Ես ցանկանում եմ, որ դու որտեղ էլ լինես, ինչ էլ պատահի, քո շրջապատում միշտ Լույս ու Ջերմություն տարածես։ Դու ապրում ես այնպիսի ժամանակներում, երբ դպրոցի մասին շատ թյուր եւ սխալ պատկերացում կա երեխաների մեջ։ Դպրոցն ամենեւին պատիժ չէ, այլ գեղեցիկ եւ կարեւոր մի հաստատություն, որտեղ սովորում են, գիտելիք են ձեռք բերում եւ աստիճանաբար սկսում ճանաչել աշխարհը։ Եթե դու չճանաչես աշխարհը, ապա չես ճանաչելու եւ չես հասկանալու այն մարդկանց, ովքեր ապրում են այդ աշխարհում՝ քո շրջապատում եւ քեզնից միլիոնավոր մղոններ հեռու։

Հենց դպրոցական նստարանից դու պիտի սովորես գնահատել քո Ժամանակը, որ ամենաթանկն է եւ երբեք կորցրածը ետ չի բերում։ Աշակերտները սիրում են ուսուցիչներին «պատժել»՝ չսովորելով կամ ձեւացնելով, թե սովորում են։ Բայց դրանով նրանք իրենց են պատժում, սովորելու համար իրենց ընձեռնված ժամանակն են սխալ տնօրինում, պարզապես քամուն տալիս։ Իսկ կյանքի պայքարում քեզ այնքա՜ն անհրաժեշտ է լինելու դպրոցական տարիներին ձեռք բերած Գիտելիքը։ Հիմա աշխարհում դու ունես քո աշխարհը, որ այնքա՜ն գեղեցիկ, լուսավոր ու պայծառ է իրական աշխարհից, որտեղ դու ապրում ես քո հարազատների, հասակակիցների եւ ընկերների հետ...

Ընկերների մասին։ Միշտ ձգտիր քեզ շրջապատել ազնիվ, գաղափարակից, անշահախնդիր, հավատարիմ ընկերներով եւ դու էլ նրանց հանդեպ եղիր այդպիսին։ Ընտանիքից հետո ընկերները մարդու երկրորդ մեծագույն հարստությունն են։ Առանց ընկերների մարդը նմանվում է անտառից մեկուսացած միայնակ ծառի։ Անգամ միայնակ հզոր կաղնին է տապալվում ուժեղ քամիներից ու հողմից, իսկ անտառում՝ իրենց նման ծառերով շրջապատված ամենանվաստ ծառերն անգամ կանգուն են մնում։

Զավակս, ես ցանկանում եմ, որ դու միշտ կարողանաս տեսնել եւ գնահատել Գեղեցիկը, անկախ նրանից՝ այն բնության մեջ է, թե մարդու, անկախ նրանից՝ մարդու արտաքի՞նն է այդ գեղեցիկը, թե՞ գեղեցիկը նրա ներսում է։ Դա քեզ օգնելու է տարբերել Տգեղը, Այլանդակը, որ հաճախ հանդես է գալիս գեղեցիկ հանդերձանքով։ Դրանով դու կսովորես ճանաչել նաեւ ինքդ քեզ եւ հասկանալ, որ բոլոր դատավորներից ամենաանաչառը նա է, որ քո մեջ է։

Դու ծնվել ես այնպիսի դարում, երբ հնարավոր է աշխարհը ղեկավարել համակարգիչ-կոմպյուտերով, երբ Երկիր մոլորակը պատված է համաշխարհային սարդոստայնով՝ ինտերնետով։ Դրանք աներեւակայելի մտքի թռիչքի արդյունք են եւ հրաշք։ Սական դրանք կարող են նաեւ չարիքի վերածվել, եթե դու դառնաս դրանց գերին՝ վտանգելով քո առողջությունը... Չեմ կասկածում, որ այս նամակը կարդալով, դու հասկանալու ես ինձ։ Իսկ ավելի խոր դու հասկանալու ես այս տողերը տարիներ հետո, թերեւս երբ ես չեմ լինի, երբ կեսգիշերին նայես լուսնի աղոտ լույսի տակ երեւացող քնած մանուկների անմեղ դեմքերին, լսես նրանց հանգիստ ու խաղաղ շնչառությունը, քեզ անսահման երջանիկ զգաս ու հասկանաս, որ նրանք քո մեծագույն հարստությունն են...

Դեռ մի ամբողջ կյանք կա քո առջեւ, դեռ այնքա՜ն բան ես տեսնելու եւ սովորելու։ Իրոք ծանր ու դաժան ժամանակներում ես ծնվել ու մեծացել։ Այնպիսի ժամանակներում, երբ շատ դժվար է ՄԱՐԴ լինել։ Երբ ոչ միայն մարդու կյանքն է վտանգված, այլեւ տիեզերքի այն շատ աննշան, բայց եզակի ու հրաշք մասնիկ-հատվածը, որ կոչվում է Երկիր մոլորակ։ Այնքա՜ն բան կա քեզ ասելու, բայց շատ ու շատ չասված բաներ դու ինքդ կիմանաս ու կսովորես քո ողջ կյանքում։ Իսկ հիմա ընդամենը մաղթում եմ քեզ` թող քո գլխավերեւում միշտ պայծառ ու անամպ երկինք լինի, զավակս, իսկ քո առջեւ՝ կանաչ ճանապարհ։

Վարդգես Օվյան